Ներքին 2 ժամ առաջ - 16:30 30-10-2026

Ո՞նց են Սահմանադրությանը դեմ, երբ նախագիծը չկա

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Բոլոր ժամանակներում պատերազմով սպառնացել են օտար երկրին, որն ուզել են գրավել, որի ժողովրդին ուզել են զրկել ազատությունից։ Օրինակ՝ նվաճողները նախքան որևէ երկրի ուղղությամբ ռազմարշավը առաջարկում էին հպատակություն, գործող ղեկավարին՝ արտոնություններ, հակառակ պարագայում՝ սպառնում էին երկիրը զավթել, թալանել, ավերել, ժողովրդին կոտորել և այլն։ Եվ ղեկավարն ընտրություն ուներ՝ հանձնվել կամ պատերազմել։ Ի դեպ՝ խոստումների շարքում տևական խաղաղությունն առաջին տողում էր։ Եվ դա դատարկ խոստում չէր։ Նվաճված և կայսրության մաս դարձած երկրներում խաղաղություն էր, որը խախտվում էր կայսրության կործանման կամ շատ մեծ պատերազմների շրջանում։

ՀՀ-ում իշխանության առաջնորդն է ժողովրդին վախեցնում պատերազմով։ Հերթական սպառնալիքը հնչել է հոկտեմբերի 29-ին։ «Սահմանադրությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը, այսինքն՝ կողմ քվեարկել պատերազմին»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ ընդդիմության ենթադրյալ բացասական դիրքորոշման մասին։

Այս որակումն անազնիվ է մի շարք պատճառներով։

Նախ՝ Սահմանադրության նախագիծը դեռ չի ներկայացվել հանրությանը։ Դեռ պարզ չէ, թե ինչ է գրված այնտեղ, ինչպես է փոխվել նախաբանը, ինչ կարևոր հոդվածներ են հանվել, ավելացվել, փոփոխվել և այլն։ Ժողովուրդը դեռ բան չգիտի նոր Սահմանադրության մասին։ Հետևապես՝ ինչպե՞ս կարող է ողջամիտ մարդը դեմ լինել մի նախագծի, որը դեռ հրապարակված չէ։ Այսինքն՝ երբ մարդիկ տեքստին ծանոթ չեն, ենթադրյալ դեմ քվեարկողներին կատեգորիկ որակում տալն ազնիվ չէ։

Հաջորդը պատերազմի սպառնալիքն է։ Ինչքա՞ն կարելի է ժողովրդին պատերազմով վախեցնել։ Հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ն ժողովրդին վախեցնում էր պատերազմով։ Փաշինյանն ասում էր, թե եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կսկսվի։ ՔՊ-ն չստացավ բաղձալի 3/5-րդը։ Սեպտեմբերն անցավ, ու պատերազմը չսկսվեց։ Ժողովուրդը հասկացավ, որ դա բլեֆ էր։ Հիմա Փաշինյանը կրկին պատերազմով է սպառնում ժողովրդին։ Ժողովուրդը կրկին կհավատա՞ պատերազմի սպառնալիքին։

Հաշվարկը պարզ է։ Պատերազմից, ենթադրաբար, շատ վախենում են որդիներ ունեցող մայրերը, որոնք պատերազմի անունը լսելիս՝ պատրաստ են զիջել, միայն թե իրենց որդիները չզոհվեն, ինչպես նախորդ պատերազմներում։ Այսինքն՝ եթե հաջողվի այս անգամ էլ պատերազմով վախեցնել մայրերին, ապա կարող են բավական քվեներ ստանալ և անցկացնել Սահմանադրությունը։

Մյուս կողմից՝ երբ Փաշինյանն ակնարկում է, թե Նոր սահմանադրությանը դեմ քվեարկելը նշանակում է կողմ քվեարկել պատերազմին, այդպիսով հիմք է տալիս ենթադրելու, որ Սահմանադրությունը փոխվում է ոչ միայն զավթիչի պահանջով, այլև դրա տակ պատերազմի սպառնալիք կա։ Եվ Փաշինյանը փոխանցում է ոչ միայն Ալիևի պահանջն, այլև սպառնալիքը, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Ադրբեջանը ոչ միայն չի ստորագրի պայմանագիրը, այլև պատերազմ կսկսի ՀՀ-ի դեմ։

Կարճ ասած՝ համեմատաբար ազնիվ կլիներ, եթե Փաշինյանն ասեր, որ կատարում է Ալիևի պահանջը։ Պահանջը կատարելու պարագայում՝ Ադրբեջանը խոստանում է տևական խաղաղություն, չկատարելու պարագայում՝ սպառնում է պատերազմով։ Ուստի՝ ով հավատում է Ալիևի խոսքին և խաղաղություն է ուզում՝ կարող է կողմ քվեարկել, ով չի հավատում Բաքվի բռնապետին և պատրաստ է զոհվել հանուն ժողովրդի ազատության՝ կարող է մերժել Ալիևի պահանջն ու քվեարկել դեմ։ Այսպիսով՝ բարդ իրավիճակ է. եթե կողմ ենք քվեարկում, ապա ազգովի նվաստանում ենք, քանի որ կատարում ենք զավթիչի պահանջն ու ընկրկում սպառնալիքի առաջ։ Իսկ եթե դեմ, ապա պատերազմի ռիսկ ենք ստեղծում։

Ենթադրելի էր, որ սահմանադրական հանձնաժողովը կփրկեր դրությունը, այնպիսի սահմանադրություն կմշակեր, որ քաղաքացիները կոգևորվեին և սիրով ու գիտակցված կողմ կքվեարկեին։ Օրինակ՝ նախաբանում անկախության հռչակագրին արվող հղումը հանելուց հետո կարող էին դրա տեղում այնպիսի բան առաջարկել, որը մեկ աստիճան կբարձրացներ ՀՀ անկախությունը, քան կա ներկայումս։ Այդօրինակ փոփոխությունները ազգային շահերի, անկախության և ժողովրդավարության տեսանկյունից դրական առաջընթաց կորակվեին, հանրային բանավեճը կկառուցվեր դրանց շուրջ։ Եվ ժողովրդին վախեցնելու փորձ չէին անի։

Ցավոք, սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը տեսանելի չէ։ Եվ դատելով Փաշինյանի հռետորաբանությունից՝ էական բան չի արվել, որը, ենթադրաբար, կոգևորեր ժողովրդին, կողմ քվեարկելու ցանկություն արթնացներ։ Եվ մնում է փորձված թանը՝ ժողովրդին վախեցնելով քվե կորզելու պախարակելի գործելաոճը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան

Ձեզ գուցե հետաքրքրի