Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 55 րոպե առաջ - 18:40 29-10-2026

«Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից հետո բուռն քննարկումների առիթ դարձած «Գործարար» կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» փաստացի միավորումն ու իշխանության ձևավորումը քաղաքական դաշտի համար անակնկալ չէր։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով նաև Սյունիքի մարզկենտրոն Կապանում սպասվող ընտրությունների ռազմավարական նշանակությանը։

Անդրադառնալով հնչեղություն ստացած այն հարցադրմանը, թե արդյոք Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ընտրողների կամքի շրջանցում տեղի չի ունեցել, երբ Արմեն Գրիգորյանի գլխավորած ուժը հաղթանակից հետո միացավ ՔՊ-ին, Շահեն Հարությունյանը նշեց, որ կատարվածի մեջ անակնկալ տարր չկա։

«Այնպես չէ, որ այն, ինչ ՔՊ-ն արեց, ինչ-որ անակնկալ բան պետք է լիներ։ Չէ՞ որ այդ նույն կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրար հետ դաշինքներ ունեն հանրապետության տարբեր հատվածներում։ Այսինքն՝ այդ երկուսը իրար մերձված կուսակցություններ են։ Միջազգային ասպարեզում ասում են «քույր քաղաքներ», էս դեպքում էլ ոնց որ «քույր կուսակցություններ» լինեն իրենք։ Օրինակ՝ Գորիսում և Գավառում, առնվազն երկու տեղ, գոյություն ունի ՔՊ-ի և «Գործարարի» համատեղ դաշինքը, որը կոչվում է «Համերաշխություն»»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Ըստ Հարությունյանի՝ քաղաքական դաշտում բոլորին նախապես հայտնի էր, որ ուժերը բաց են խաղում, և առկա է եղել հստակ պայմանավորվածություն՝ ով ավելի շատ ձայն հավաքի, մյուսը քվեարկելու է նրա թեկնածուի օգտին։

Oragir.News-ի դիտարկմանը, թե փորձագետները սա որակում են որպես իշխանության կողմից ՏԻՄ համակարգը ամբողջությամբ վերահսկելու միտում, «Շանթ Դաշինքի» ղեկավարն արձագանքեց, որ թեև իշխանություններն ունեն ամեն ինչ վերահսկելու ցանկություն, այս կոնկրետ օրինակը դրա չափանիշը չէ։

«Կոնկրետ այս դեպքում որևէ խաբեություն տեղի չի ունեցել։ Այլ հարց է, որ Ստեփանավանում գուցե եղել են քաղաքացիներ, ովքեր բավարար չափով տեղեկացված չեն եղել և թյուրիմացաբար ընտրել են «Գործարար» կուսակցությանը՝ կարծելով, թե դրանով չեն քվեարկում հօգուտ ՔՊ-ի։ Սա ավելի շատ անտեղյակության հետևանք է։ Սակայն մեր թիմի համար այստեղ որևէ անակնկալ չկար. ամեն ինչ պարզ էր, և մենք նախապես գիտեինք սցենարը։ Ուղղակի հարցն այն էր, թե կողմերից ով ավելի շատ ձայն կհավաքի և ով ում կմիանա»։

Խոսելով Կապանում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին, Շահեն Հարությունյանը հստակեցրեց, որ այնտեղ ուժերի բոլորովին այլ դասավորվածություն է։ Կապանում առաջադրված է երեք ուժ՝ «Շանթ Դաշինքը», ՔՊ-ն և «Երկիր» կուսակցությունը։

«Սովորական գործընթաց է ընթանում, պատրաստվում ենք ընտրություններին։ Բոլոր օրինական հնարավոր տարբերակներով իրականացնելու ենք, չկա որևիցե հակաօրինական քայլ։ Տեսնենք, թե իշխանություններն ինչպիսի քայլեր կիրառի. համենայն դեպս մենք ոչ մի բանից ոչ վախենում ենք, ոչ էլ վախենալու հարց ունենք»,- նշեց նա։

Որպես ազգայնական կուսակցության ղեկավար՝ Հարությունյանը շեշտեց, որ Կապանի ընտրությունները երբեք չեն դիտարկվել որպես զուտ տեղական նշանակության կամ կենցաղային հարցերի լուծման հարթակ։ Այն ունի խորը գաղափարական և անվտանգային ենթատեքստ։

«Ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ պետք է չլինի, դա նախ և առաջ միջոց է քո գաղափարները, արժեքները, սկզբունքները տարածելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Կապանի ընտրություններին, դեռ 2021-ին, երբ մենք առաջին անգամ մասնակցեցինք ու հաղթեցինք ի դեմս Գևորգ Փարսյանի, հենց այդ ժամանակվանից մեր համար Սյունիքը և մասնավորապես մարզկենտրոն Կապանը ուներ իր կարևոր նշանակությունը։ Սյունիքը միշտ էլ իր առանձնահատուկ տեղն ու դերն է ունեցել ամբողջ պատմության ընթացքում, ինչպես նաև Արցախը»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված