Վանաձորում մեկնարկել է Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած շնամարտերի գործով դատական քննությունը։
Oragir.News-ի հետ զրույցում «Դինգո Թիմ» կենդանապաշտպան ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը ներկայացրել է դատական առաջին նիստի մանրամասները, վկաների հարցաքննության ընթացքն ու այն հիմնական մտավախությունները, որոնք կարող են տապալել արդարադատության իրականացումը։
Դատական նիստի ընթացքում հասցրել են հարցաքննվել նախատեսված վկաներից միայն երեքը։ Դատարանի ժամանակային սահմանափակումների պատճառով մյուս երկու վկաների հարցաքննությունը հետաձգվել է։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին։
Թեև Օվսաննա Հովսեփյանը նշում է, որ բուն դատարանի անաչառության հետ կապված այս պահին խնդիրներ չեն նկատվել, այնուամենայնիվ, գործի իրավական ձևակերպումների շուրջ լուրջ կասկածներ կան։ Կենդանապաշտպանի ամենամեծ մտավախությունը կապված է այն փաստի հետ, որ շնամարտերի բուն գործից առանձնացվել է խուլիգանության մասով քննությունը։
Վերջինս վերաբերում է դեպքի օրը կենդանապաշտպանների նկատմամբ ցուցաբերված ագրեսիվ վարքագծին և ֆիզիկական հարձակումներին։ «Ես մտավախություն ունեմ, որ միտում կա խուլիգանության մասով գործը ավելի ձգձգելու։
Մասնագետներն ասում են, որ լավ չի, որ առանձնացվել է։ Հնարավոր է՝ փորձեն գործը դարձնել ժամկետանց, և արդյունքը չլինի այն, ինչ կլիներ, եթե ընդհանուր քննվեր»,- նշում է Հովսեփյանը։
Նշենք,որ մեղադրյալ կողմը դատարանում փորձում է հանդես գալ այն պաշտպանական թեզով, թե իրենց գործունեությունն օրինական է, քանի որ ունեն գրանցված հասարակական կազմակերպություն, որի կանոնադրությունը ենթադրաբար թույլ է տալիս նման միջոցառումների կազմակերպումը։
Օվսաննա Հովսեփյանը հակադարձում է այս պնդմանը՝ շեշտելով, որ ոչ մի կազմակերպություն չի կարող օրինականացնել այն, ինչն ուղղակիորեն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։ Կենդանապաշտպանները պահանջում են ոչ թե սիմվոլիկ կամ չնչին տուգանքների կիրառում, այլ իրական ու արժանի պատիժ, որը կանխարգելիչ օրինակ կդառնա հետագայի համար։ Հաշվի առնելով գործի կարևորությունը՝ Օվսաննա Հովսեփյանը չափազանց կարևորում է լրատվամիջոցների ակտիվ ներկայությունն ու լուսաբանումը նոյեմբերի 24-ին կայանալիք հաջորդ նիստին։
Հասմիկ Մովսիսյան