Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Վարույթը վերաբերում է Վեհափառի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելուն։ Միջնորդության քննությունը նախատեսված է նոյեմբերի 16-ին։
Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի դատարանի դատավորներն առանձնապես մեծ ցնծությամբ չեն ընդունել։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։
Օգոստոսի 28-ին էլ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ավելի հեռուն գնալ և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև ԳՀԽ անդամների մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։ Գործը Երևանում մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը պարզելու նպատակով։
Վճռաբեկ դատարանն որոշել էր, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին, ավելին, կոշտ գնահատական տվել Սերժ Ռուշանյանի որոշմանը՝ նշելով, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»: Ի վերջո, գործը կրկին հայտնվեց Ռուշանյանի վարույթում։ Պատկան մարմիններն առայժմ չեն հստակեցնում՝ Ռուշանյանի վերաբերյալ ևս վարույթ կա, թե ոչ։