Ուղիղ եթեր
Ներքին Միտք 53 րոպե առաջ - 18:20 29-10-2026

Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԱԺ-ում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ծեծկռտուքը հերթական միջադեպը չէ, որը կարելի է ավարտված համարել նիստերի դահլիճում հնչած հայհոյանքների, հասցված հարվածների ու կոտրված աթոռների հետ միասին։ Այն շատ ավելի լայն հարց է առաջ բերում՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական գործիչների վարքը հասարակության վրա, կարող է օրինակ դառնալ նրանց համար, ովքեր առանց այդ էլ հակված են իրենց խնդիրները բռունցքներով լուծելու։

ՔՊ-ի և ընդդիմության պատգամավորների միջև վիճաբանությունը վերածվեց ֆիզիկական բախման, վնասվածքներ եղան, իսկ ծեծկռտուքը շարունակվեց նաև ԱԺ միջանցքում։ Միջադեպի ընթացքում ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ Դեպքից հետո իշխանությունն ու ընդդիմությունը տեղի ունեցածի պատասխանատվությունը միմյանց վրա են դնում։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պաշտպանեց ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, բայց միաժամանակ ողջունում է ՔՊ-ականների գործողությունները՝ դրանք համարելով համաչափ պատասխան։

Քաղաքացիները տեսան, որ իշխանության ներկայացուցիչները ֆիզիկական բռնությունից հետո փորձում են հիմնավորել, թե ով էր մեղավոր և ում հարվածն էր արդարացված։ Այս պարագայում ժողովրդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե բռնությունը դատապարտելի չէ, եթե այն կիրառվում է «ճիշտ» մարդու կամ «ճիշտ» նպատակի համար։

Սա վտանգավոր տրամաբանություն է։

Հասարակության արձագանքն էլ միանշանակ չէ։ Մի մասը դատապարտում է պատգամավորների վարքը՝ անկախ նրանից, թե ով է սկսել վիճաբանությունը։ Մյուսները տեղի ունեցածը դիտարկում են կուսակցական հակամարտության տեսանկյունից՝ մեղադրելով հակառակ կողմին և արդարացնելով իրենց սիրելի կուսակցությանը։

Այս առումով մտահոգիչ է հասարակության հնարավոր բևեռացումը։ Երբ մարդը համոզված է, որ իր քաղաքական կողմն իրավացի է ամեն ինչում, կարող է նաև հակառակորդի նկատմամբ բռնությունը համարել արդարացված։ Այստեղից էլ բխում է հաջորդ հարցը՝ հնարավո՞ր է, որ ՔՊ-ի որոշ համակիրներ ոգևորվեն տեղի ունեցածից և ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարի փորձեր անեն փողոցում կամ բակերում։

Ճիշտ է, այս պահին չկա հիմք պնդելու, որ նման հարձակումներ կկազմակերպվեն ՔՊ-ի կամ ՔՊ-ի համակիրների կողմից, սակայն կա ռիսկ, որը հարկ է կառավարել։ Նույն վտանգը վերաբերում է նաև ընդդիմության համակիրներին։ Եվ եթե յուրաքանչյուրն իրեն վերապահի սեփական արդարադատությունն իրականացնելու իրավունքը, ապա հանրային կյանքում դոմինանտ կդառնա ոչ թե օրենքը, այլ ուժը։

Այդուհանդերձ, քաղաքական գործիչների պարտականությունն է կանխել նման ընկալումների ձևավորումը։ Մասնավորապես՝ պատգամավորները կարող են օրինակ վերցնել մարզիկներից կամ «Մարտական ակումբ» ֆիլմի հերոսներից, որոնք մենամարտից հետո գրկախառնվում են, միմյանց շնորհակալություն հայտնում։ Մասնավորապես՝ Նարեկ Կարապետյանն ու Տարոն Չախոյանը կարող են տեսախցիկների առաջ ընկերաբար գրկել իրար, ձեռք սեղմել, միմյանց ժպտալ, միմյանցից ներողություն խնդրել ու շնորհակալություն հայտնել, պայմանավորվել, թե երբ են կրկին ճակատամարտելու, և երբ ժողովուրդը կարող է կրկին այսպիսի ծեծկռտուքի ականատես լինել։

Բուքմեյքերները ևս կարող են ներգրավվել այս հարցում։ Երբ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները պայմանավորվեն հաջորդ ծեծկռտուքի օրվա մասին, ապա բուքմեյքերները կարող են գործակիցներ սահմանել, և քաղաքացիները կարող են փոքրիկ դրույքներ անել, թե ով կծեծվի այս անգամ, ով աթոռ կնետի, ով ջուր կշփի, ով կընկնի գետնին, քանի րոպե անց ներս կհրավիրվեն պահակները և այլն։

Կարճ ասած՝ ընտրյալները մի քիչ էլ ժողովրդի մասին պիտի մտածեն, այնպես անեն, որ պատգամավորների ծեծկռտուքը չտարածվի ու հասարակության շրջանում բռնության դեպքերի աճ չառաջացնի, հասարակությունը չվարժվի բռնությանը, այն չընկալի որպես սովորական երևույթ։ Դրա համար նրանք պետք է հրապարակավ ձեռք սեղմեն, ժպտան ու միմյանց շնորհակալություն հայտնեն և խոստանան, որ հաջորդ անգամ ավելի դիտարժան մարտ կկազմակերպեն ժողովրդի համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված