Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 57 րոպե առաջ - 18:54 29-10-2026

Մեզ զրկել են աշխատելու իրավունքից. 2018թ-ից վարորդական իրավունքից զրկվածները դեռ սպասում են

«Մենք էլ ենք հայ, պարո՛ն վարչապետ, Ձեզ ձայն ենք տվել՝ բարի եղեք՝ մեր հարցն էլ լուծեք»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Oragir.News-ին ասաց վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ 2018-ից զրկված վարորդները մինչ օրս չեն կարողանում վերականգնել իրենց վարորդական իրավունքները, ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության շենքի մոտ, բայց արդյունքի չեն հասնում:

Նրանց խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են կառավարություն և այլ պետական մարմիններ, սակայն խնդրի լուծման փոխարեն հիմնականում խոստումներ են ստացել։ Քաղաքացիները նշեցին, որ վարչապետի հետ հանդիպելու խնդրանքով դիմում են գրել, սակայն կառավարությունից պատասխանել են, որ վարչապետը քաղաքացիների ընդունելության օրեր չունի։

Վարորդներից մեկը նշեց, որ Ալեն Սիմոնյանի աշխատակազմից իրենց ընդունել են, լսել խնդիրը, դիմում կազմել, խոստանալով՝ երկուշաբթի օրը պատասխանել։

Վարորդները տեղեկացրին նաև, որ դիմել են նաև որոշ նախարարների, այդ թվում՝ Ժաննա Անդրեասյանին, սակայն նրանց խոստումներից հետո էլ որևէ արձագանք չեն ստացել։

Նրանք ընդգծեցին, որ վարորդական իրավունքների վերականգնման հարցով պայքարելու են շարունակաբար և ամեն հինգշաբթի հավաքվելու են Կառավարության շենքի մոտ, մինչև իրենց խնդրին լուծում տրվի։ Նրանք ասացին, որ ո՛չ պաշտոն են պահանջում, ո՛չ էլ աշխատանք, այլ ցանկանում են վերականգնել վարորդական իրավունքները, որ կարողանան աշխատել, ընտանիք պահել և ապրուստ վաստակել։

Տեսանյութ:

Սաթենիկ Խաչատրյան