copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:00 03-12-2024

Ներկուսակցական ժողովրդավարության իմիտացիա․ Գյումրու փրայմերիզում կհաղթի Աննա Հակոբյանի ազգականը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ավելի քան 1 ամիս է ինչ կառավարման ճգնաժամ է ստեղծվել, որն առ այսօր չի հաջողվում հանգուցալուծել։

Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները վստահեցնում են, որ ճգնաժամի հետ իրենք առնչություն չունեն, և «Բալասանյան դաշինք»-ի անդամների հրաժարականների շքերթն իրենց համար էլ է անսպասելի եղել, այնուամենայնիվ քաղաքական ու փորձագիտական հանրությանն այս բացատրությունն առանձնապես համոզիչ չի թվում։ Իրականում կառավարության ղեկավարն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն իրողության հետ, որ իր քաղաքական ուժը 2021-ին «հեղափոխության բնօրրանում» խայտառակ պարտություն կրեց։

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Փաշինյանի խոսքով՝ ՔՊ-ի անդամների ու համակիրների շարքերից կառաջադրվեն թեկնածուներ, որոնց մի մասին կգրանցեն, ապա գյումրեցիների շրջանում կանցկացվի քվեարկություն և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, ով ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրություններում կլինի ՔՊ-ի թեկնածուն։

Գյումրիում փրայմերիզների անցկացնելու որոշմամբ Նիկոլ Փաշինյանն իրականում փորձում է խուսափել ՔՊ-ի թեկնածուին միանձնյա որոշելու պատասխանատվությունից։ Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում իշխող կուսակցության հնարավոր պարտությունը համապետական մակարդակով նույնպես ՔՊ-ի համար կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հատկապես եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ԱԺ հաջորդ ընտրությունները սարերի հետևում չեն։

Չնայած չնայած մի շարք ՔՊ-ականներ արդեն հայտարարել են, որ մտադիր են մասնակցել Գյումրիում կայանալիք փրայմերիզին, այնումենայնիվ, կուսակցության մեր աղբյուրների պնդմամբ, ամեն բան կարծես կանխորոշված է և ամենահավանական հաղթողը Աննա Հակոբյանի ազգական, նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է։ Առուշանյանի հիմնական մրցակիցները ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանն են, որոնց շանսերը բավականին ցածր են գնահատվում, Նիկոլ Փաշինյանն էլ նրանց թեկնածությանը հավանություն չի տալիս։

Կարեն Սարուխանյանը, ով իսկզբանե համարվում էր ամենահավանական թեկնածուն, նախօրեին հայտարարեց, որ ինքնաառաջադրվել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու։ Սարուխանյանի շանսերն այս պահին բավականին ցածր են գնահատվում, քանի որ նրա թմրանյութի թեստի արդյունքը դրական էր եղել, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել անգամ ՔՊ-ականների շրջանում, և նրանք Սարուխանյանի առաջադրումն անընդունելի են համարում, պնդում՝ վերջինս խայտառակել է ոչ միայն իրեն, այլև ողջ կուսակցությանը։

Դավիթ Առուշանյանի հաջողելու հնարավորությունը շատ ավելի ցածր է, ինչը պայմանավորված է բավականին հետաքրքիր հանգամանքով։ Oragir.News-ի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Առուշանյանի ընտանիքին պատկանող «Անի տուր» տուրիստական կազմակերպությունը դեպի Արևմտյան Հայաստան տուրերի կազմակերպման շուկայում ամենահնաբնակներից է, իսկ այս ուղղությամբ ուղևորություններն ընկերության այցեքարտն են։ «Անի տուր»-ի կայքէջում այս ուղղությունը գովազդվում է հենց Արևմտյան Հայաստան անունով, ինչից Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, և դա կառավարության ղեկավարի մոտ լուրջ ջղաձգումներ է առաջացնում՝ շեշտակի նվազեցնելով Առուշանյանի շանսերը։

Հատկանշական է, որ Սարուխանյանի և Առուշանյանի շուրջ ստեղծված «բարենպաստ» իրավիճակից փորձում է օգտվել Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ անելով իր ազգականի՝ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը։ Հակոբյանը պնդում է, որ Գյումրու համայնքապետի լավագույն թեկնածուն հենց իր ազգականն է, ով ՔՊ-ի համար այս բարդ ժամանակաշրջանում ամենալավը կարող է ղեկավարել հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնպես նպաստել իշխող կուսակցության հաղթանակին։ Աննա Հակոբյանն ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքին, որ իր ազգականը գյումրեցիների շրջանում վարկաբեկված չէ, ինչը կարծես Փաշինյանին համոզիչ է թվացել։

Գյումրիում մյուս ինքնաառաջադրվողների շանսերը գրեթե զրոյական են։ Նրանց շարքում է նաև Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, ՔՊ-ական Արտյոմ Թումանյանը, ով 2021-ի փետրվարին Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը թալանչի չէ, քանի որ մինչև այժմ իր ատամները չի փոխել։ Այս հայտարարությունից հետո Թումանյանը չհեռացվեց կուսակցության շարքերից, սակայն ՔՊ-ում նրան այլևս լուրջ չեն ընդունում, պնդում՝ նրա ունակությունները Գյումրին ղեկավարելու համար բավարար չեն։

Այսպիսով՝ թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկուսակցական ժողովրդավարության իմիտացիա ստեղծել, սակայն ամեն բան կարծես թե որոշված է արդեն, և ՔՊ-ի թեկնածուն մեծ հավանականությամբ կլինի հենց Վահագն Մկրտչյանը։

Հստակ է, որ անգամ վերջինիս ընտրության դեպքում Գյումրիում ՔՊ-ի վարկանիշը շարունակում է ցածր մնալ, ինչը իրական ընդդիմադիր ուժերի համախմբվելու ու հաջողության հասնելու մեծ հնարավորթյուն է ստեղծում։ Գյումրիում ընդդիմության հաղթանակը շղթայական ազդեցություն կունենա և իշխանափոխության համար հիմքեր կստեղծի, ինչը գիտակցելով էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով վերադարձնել համայնքի ղեկավարի պաշտոնը։