Հայաստանի ֆուտբոլասերներին քաջածանոթ ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը «Матч»-ի «Все на Матч!» հաղորդման եթերում համեմատել է Մադրիդի «Ռեալին» և «Բարսելոնային»՝ անդրադառնալով Լա լիգայի 14-րդ տուրում «Ալավեսից» մադրիդցիների կրած պարտությանը (1:2)։
Մասնագետի համոզմամբ՝ երկու գրանդների գլխավոր տարբերությունը պարտվողի կարգավիճակում հայտնվելիս նրանց արձագանքն է։
««Ռեալի» և «Բարսելոնայի» տարբերությունն այն է, որ կատալոնացիները հաշվի մեջ զիջելիս միացնում են տուրբոռեժիմը և հանգիստ ջախջախում մրցակցին։ Իսկ «Ռեալի» դեպքում այսօր տեսանք միայն տանջանքներ ու ճիգեր։ Զարմանալի է, որ նման մակարդակի ֆուտբոլիստները չեն կարողանում ճեղքել սովորական, ստատիկ պաշտպանությունը»,- նշել է Գրիգորյանը։
Ռուսաստանցի մարզիչը նաև պաշտպանել է Ջուդ Բելինգհեմին, որը հանդիպման վերջնամասում VAR-ի միջամտությունից հետո հեռացվել է խաղադաշտից՝ սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտը ստանալով։
«Բելինգհեմին սիմուլյացիայի համար մեղադրելը հիմարություն է։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստի պես փորձում էր 11-մետրանոց վաստակել իր թիմի համար։ Որոշակի շփում իսկապես եղել է։ Ֆուտբոլը խաղ է, իսկ խաղերում միշտ էլ կա խաբելու արվեստը»,- հավելել է նա։
Հավելենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանում աշխատել է երկու ակումբներում։ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մարտը նա գլխավորել է «Ուրարտուն», իսկ 2021-ի մայիսից սեպտեմբեր՝ «Ալաշկերտը»։ Նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» դարձել է Հայաստանի 2020/21 մրցաշրջանի չեմպիոն և պատմական նվաճում գրանցել՝ դառնալով հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել եվրագավաթի (ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա) խմբային փուլ։
Armsport