Ներքին 14 րոպե առաջ - 16:34 29-11-2026

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հերքում է բուժհաստատություններին և դեղատներին վճարումների ուշացման լուրը

Նոյեմբերի 24-ին Oragir.News-ը «Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն անդրադարձել էր Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց պետական ֆինանսավորման ուշացումներին, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծել մարզային և գյուղական բուժհաստատությունների համար։

Սակայն Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը, կապ հաստատելով Oragir.News լրատվական կայքի հետ, առաջարկել է հրապարակել հերքում։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Ի պատասխան «Օրագիր Նյուզ» լրատվամիջոցի հրապարակման, համաձայն որի՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գյուղական ամբուլատորիաներին և դեղատներին չի փոխանցել մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված փոխհատուցումները, տեղեկացնում ենք, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հիմնադրամի կողմից բժշկական կազմակերպություններին և դեղատներին կատարվող փոխհատուցումների կարգն ու ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1980-Ն որոշման համապատասխանաբար N 1 և N 2 հավելվածներով։

Պայմանագրային կարգավորումների համաձայն՝ հաշվարկային փաստաթղթի դուրսգրման օրվանից հիմնադրամին տրամադրվում է 15 օր՝ այն ուսումնասիրելու և ընդունելու կամ մերժելու համար, իսկ ընդունումից հետո՝ ևս 20 օր՝ վճարումն իրականացնելու համար։ Այսպիսով, փոխհատուցման համար նախատեսված ընդհանուր ժամկետը կարող է կազմել մինչև 35 օր։

Հայտնում ենք, որ հիմնադրամը բժշկական կազմակերպությունների, այդ թվում՝ գյուղական ամբուլատորիաների, ինչպես նաև դեղատների նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները կատարել է պայմանագրերով սահմանված ժամկետների պահպանմամբ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին նմանաբնույթ տեղեկատվություն հրապարակելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել հիմնադրամից՝ ապահովելով հանրությանը ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվության տրամադրումը»։