Ըստ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ Արսեն Գևորգյանը գաղափարական մարդ էր և մեծ հեղինակություն վայելող անձնավորություն Ստեփանավանում, և իրենց քաղաքական թիմի ընտրությունը պատահական չի եղել։
Նա շեշտում է, որ Արսենը պատեհապաշտ չէր և պաշտոնի չէր ձգտում, այլ պայքարում էր հանուն հայրենիքի, իր քաղաքի և «Ուժեղ Հայաստանի» գաղափարի համար, ինչի պատճառով Ֆարմանյանը նրան համարում է այս պայքարի նահատակ։
Ֆարմանյանը նշում է, որ իշխանությունները կալանքը դարձրել են պատժի գործիք։
«Արսենը երիտասարդ էր և առողջական խնդիրներ չուներ»։ Իշխանությունների գործելաոճի պայմաններում նման ողբերգական հետևանքները, նրա խոսքով, ցավոք, կանխատեսելի էին։
Նա հավելում է, որ կալանավայրում հայտնված մարդկանց մոտ անմեղության գիտակցումը և անարդարության զգացումը հանգեցնում են նման ծանր հետևանքների։
Պատգամավորը անդրադարձել է Արդարադատության նախարարի՝ կալանավորների անմխիթար պայմանների վերաբերյալ հարցին, որին ի պատասխան՝ Սրբուհի Գալյանն արձագանքել էր. «Հո մեր տուն չենք տանելու»։
Այս արտահայտությունը Ֆարմանյանը որակում է որպես պետական պաշտոնյային ոչ հարիր և հեգնական մոտեցում։
Ֆարմանյանը նշում է, որ իշխանությունները նախ պետք է հետևեն իրենց սեփական խոսույթին ու պահելաձևին, քանի որ նրանք ոտնահարում են անմեղության կանխավարկածը և բոլորին համարում հանցագործ։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, մահացել օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։