Ներքին 13 րոպե առաջ - 18:31 13-11-2026

Վահագն Դադրյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվը հասանելի կլինի առցանց

Վահագն Դադրյանը (Տատրեան-1926–2019) աշխարհահռչակ ամերիկահայ ցեղասպանագետ, պատմաբան, սոցիոլոգ, իրավագետ և մաթեմատիկոս էր, որը մեծ ավանդ է ներդրել Հայոց ցեղասպանության և համեմատական ցեղասպանագիտության ուսումնասիրության գործում։

Դադրյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թվային արխիվը կներկայացվի հանրությանն ԱՄՆ-ում։

Բացման միջոցառումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 15-ին Կալիֆոռնիայի Միշն Հիլզ քաղաքում գտնվող Արարատ-Էսկիջյան թանգարանում։ Վահագն Դադրյանի արխիվն առցանց տարբերակով հասանելի կդառնա հանրությանը։

Միջոցառումը կազմակերպվում է Արարատ-Էսկիջյան թանգարանի և հետազոտական կենտրոնի, UCLA-ի Փրոմիս հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտությունների ծրագրի և Հայկական կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։ Միջոցառմանը հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց եղանակով։

Միջանկյալ նշենք, որ պրոֆեսոր Վահագն Դադրյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության առաջամարտիկ գիտնականներից էր։ Իր գիտական գործունեության ընթացքում նա տասնամյակներ է նվիրել աշխարհի տարբեր երկրների արխիվներում հետազոտություններ կատարելուն՝ նպատակ ունենալով բացահայտել և փաստագրել Հայոց ցեղասպանության պատմությունը։

Օսմանյան, հայկական, գերմանական, բրիտանական, ֆրանսիական, ամերիկյան և այլ աղբյուրներից հավաքած նյութերի հիման վրա նա ստեղծել է պատմական ապացույցների արժեքավոր հավաքածու։ Արխիվն ընդգրկում է պաշտոնական փաստաթղթեր, նամակագրություն, թերթեր, չհրապարակված ձեռագրեր, հետազոտական գրառումներ և գիտական մեծ արժեք ունեցող այլ նյութեր։

Այս կարևոր հավաքածուն առաջին անգամ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված առաջադեմ թվային հարթակի միջոցով անվճար հասանելիություն կունենա ամբողջ աշխարհի համար։ Այս նորարարության առանցքում արհեստական բանականության վրա հիմնված «Հարցրեք Դադրյանին» գործառույթն է, որը հետազոտողներին հնարավորություն է տալիս անմիջապես հարցեր ուղղել արխիվին՝ կարծես խորհրդակցում ես պրոֆեսոր Դադրյանի հետ։ Օգտատերերը կարող են ինտերակտիվ երկխոսության միջոցով ուսումնասիրել պատմական հարցեր, գտնել համապատասխան փաստաթղթեր և բացահայտել հազարավոր էջերի միջև առկա կապերը։

Մի քանի հարյուր թղթապանակներում դասավորված է ավելի քան 100 հազար էջ ու այս աշխատանքը 16 տարվա ջանքերի արդյունք է։ Նախաձեռնությունը մեկնարկել էր դեռևս 2009-ին, երբ Դադրյանը որոշել էր իր անձնական արխիվը վստահել Արարատ-Էսկիջյան թանգարանին և հետազոտական կենտրոնին։ Թանգարանի նախագահ Մարտին Էսկիջյանը, գիտակցելով հավաքածուի պատմական նշանակությունը, նախաձեռնել է դրա պահպանման աշխատանքները, իսկ թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան Գոշչինը ղեկավարել է նյութերի տեղափոխման, տեսակավորման և թվայնացման երկարատև ու բարդ գործընթացը։

Այնուհետև նախագիծը վերածվել է լայնածավալ համագործակցության, որին միացել է նաև UCLA-ի Հայոց ցեղասպանության հետազոտությունների ծրագիրը։ Այն կյանքի է կոչվել գիտնականների, տեխնիկական մասնագետների, կամավորների և գործընկեր կազմակերպությունների նվիրված աշխատանքի, ինչպես նաև նվիրատուների և աջակիցների ներդրման շնորհիվ։

Թվայնացման գործընթացն ավարտվել է 2025-ին, որից հետո մշակվել է առցանց հարթակը, որի միջոցով հավաքածուն հասանելի կդառնա ամբողջ աշխարհիին։ Թվային արխիվի բացման միջոցառմանը ելույթներով հանդես կգան թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան Գոշչինը, Կարինա Գոշչինը և Հայոց ցեղասպանության հետազոտությունների ծրագրի տնօրեն, թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ելույթը կցուցադրվի տեսակապով։

Ermenihaber

Ձեզ գուցե հետաքրքրի