Ներքին 16 րոպե առաջ - 18:39 13-11-2026

Արսենը արժանապատիվ ու թասիբով հայ էր․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քննադատում է գործող իշխանություններին և իրավապահ համակարգին՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ իրականացված գործողությունների և ՔԿՀ-ում նրա մահվան կապակցությամբ։

«Թեև Արսենին ճանաչել եմ միայն վերջին ամիսներին, սակայն Արսենը թողել է ուժեղ, պինդ, արժանապատիվ և ազնիվ հայի տպավորություն»,– այսպիսին է հիշում պատգամավորը իր գործընկերոջը։

Աբրահամյանի խոսքով՝ «Իշխանությունները, հասկանալով, որ Ստեփանավանում իրենց դիրքերը թույլ են, մոնտաժված տեսանյութերով և շինծու, կարված քրեական գործով սև արշավ սկսեցին Արսենի դեմ՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը։ Իրավապահ համակարգը վերածվել է ընդդիմադիրների դեմ պայքարի մահակի, իսկ կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց»։

Պատգամավորն իր խոսքում նշում է, որ ընդդիմադիրների դեմ աշխատում է գաղտնալսումների ու տեսանկարահանումների մի ամբողջ մեքենա․ «Մինչդեռ այդ տեսախցիկները պետք է տեղադրվեին սահմանին, որտեղ վերջին ամիսներին պարբերաբար ադրբեջանցի հովիվներ ու զինծառայողներ են ներթափանցում»։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ քրեակատարողական հիմնարկներում բացակայում են տարրական պայմանները, ինչը մարդու իրավունքների ոտնահարում է։

Նա ընդգծում է, որ երբ Արսենի ինքնազգացողությունը վատացել է, նրան ժամանակին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել․ «Տեղում բժիշկ չի եղել, նրան զննել է միայն բուժակը»։

Աբրահամյանը համոզված է, որ տարրական բուժօգնության առկայության դեպքում Արսենի և ՔԿՀ-ում մահացած մի շարք այլ քաղաքացիների կյանքը հնարավոր կլիներ փրկել։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից չորս օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, իսկ օրեր առաջ մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։