Ներքին Միտք 24 րոպե առաջ - 19:30 12-11-2026

Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Զարմանալի մի օրինաչափություն կա։ ՀՀ բարձր պաշտոնյաները անկախության և ժողովրդավարության նվիրյալ են, եվրաինտեգրման ջատագով։ Բայց երբ պաշտոնաթող են լինում, անմիջապես դառնում են ռուսամետ։ Իսկ երբ ԱԺ ընդդիմության աթոռին են նստում, ապա դառնում սրտխառնոց առաջացնող ռուսամետ։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» վերտառությամբ ընդարձակ հոդվածում մի քանի անտրամաբանական, դիլետանտական և ապաքաղաքական, նեղ հատվածական դիտարկումներ է անում, որոնք զարմանք են առաջացնում, թե ինչպե՞ս կարող էր մի քանի ամսում այս աստիճան անճանաչելիորեն փոխվել նախկին պաշտոնյան։

Բոլորն էլ հիշում են, թե ինչ համարձակ ելույթներով էր հանդես գալիս Արմեն Գրիգորյանը, պաշտպանում ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը, արտաքին քաղաքական կուրսը։ Իսկ հիմա նա գուժում է, թե Հայաստանը կարող է ինչ-որ Միութենական պետության մաս դառնալ, կորցնել անկախությունը, ժողովրդավարությանը ցտեսություն ասել և այլն։ Եվ դա ԵՄ-ին միանալու օրենքն ընդունելու տրամաբանական հետևանքն է լինելու։

Զարմանալի են պատմական զուգահեռների մակերեսային մեջբերումները։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 1995-ին, հետխորհրդային երկրները, ներառյալ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերության անդամ դարձան, 2000-ից ինտեգրվեցին եվրոպական կառույցներում։ Հայաստանն այս շարքում առանձնանում էր նրանով, որ ի հեճուկս 1994-ի զինադադարի բանակցությունների կողմերի և միջնորդների բազմակողմ պայմանավորվածության, 1995-ի մարտի 16-ի պայմանագրով Գյումրիում տեղակայեց ռուսական ռազմաբազա։ Սրանով է սկսվել անկախությունից հետընթացը, ոչ թե 1997-ի մեծ պայմանագրով, ինչպես թյուրիմացաբար նշում է նախկին ԱԽՔ-ը։ Նույն սխալը կա նաև Սերժ Սարգսյանի հետ կապված օրինակում։ 2010-ին ՌԴ-ն պարտադրեց ՀՀ-ին երկարաձգել ռազմաբազայի պայմանագիրը՝ 25 տարուց հասցնելով 49-ի։ Սա էր շրջադարձը, ոչ թե 2013-ի մութ գիշերով դրված ստորագրությունը։

Յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ ցանկացած պայքարում հնարավոր է դիմադրություն, և նա պատրաստ է դրան։ Երբ մեկին հարվածում է, ապա պատրաստ է հարված ստանալ, երբ հայհոյում է, ապա պատրաստ է պատասխան լսել։ Քաղաքականության մեջ էլ է այդպես։ Երբ անկախության և ժողովրդավարության դրոշ ենք բարձրացնում, ապա ո՞վ չգիտի, որ Կրեմլը կարող է հակադարձել։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք անկախության և ժողովրդավարության դիրքերից, կանխավ ողբանք, որ Մոսկվայի հակագրոհին չենք դիմանալու, հանձնվելու ենք ու կորցնենք անկախությունն էլ, ժողովրդավարությունն էլ։

Ծիծաղելի են նախկին ԱԽՔ-ի կողմից մակերեսային փաստարկները։ Հարկ է Արմեն Գրիգորյանին հիշեցնել, որ ՀՀ-ն այսօր անկախ և ժողովրդավար է ոչ միայն անկախության համար նվիրական պայքարի արդյունքում, այլև Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակի շնորհիվ։ ԵՄ երկրները ՀՀ ինքնիշխան իրավունքների պաշտպանության դիրքում կանգնեցին 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ-ում, երբ ՌԴ-ն, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ու էլի մի քանի մանր չբարեկամներ չճանաչեցին ՀՀ իրավունքները, չդատապարտեցին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Ի վերջո՝ ԵՄ դիտորդներ են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին, ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան մեգանախագիծ է, որը օրեր առաջ վավերացվեց առանց հանրային կամ քաղաքական առարկության։ Այսքանի միջով անցնող մարդն ի՞նչ աստիճանի ժխտի իրականությունը, որ Արմեն Գրիգորյանի նման հոդված գրի։

Իսկ ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը նույն բաները չէր ասում, երբ ԱԽ քարտուղար էր։ Ինչո՞ւ չէր գալիս ԱԺ և պատգամավորներին բացատրում, որ այդպիսի օրենք չընդունեն։ Ինչո՞ւ նույն վերնագրով հոդված չէր գրում այն ժամանակ, որ բանից անտեղյակ ՔՊ-ականները հասկանային ռիսկերը և ԵՄ-ին միանալու ջատագովների առաջ դռները փակեին, չընդունեին ԵՄ-ին միանալու գործընթացի մասին օրենքը։ Նիկոլ Փաշինյանի՞ց էր վախենում, թե՞ ԱԽՔ-ի պաշտոնը թույլ չէր տալիս նման սենսացիոն կարծիք հայտնել։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013-ին, նախքան սեպտեմբերի 3-ի մութ գիշերվա ստորագրությունը, 3-ժամանոց ասուլիսում, ինչն այդ ժամանակ ռեկորդ էր, հիմնավորեց, թե ինչու է Հայաստանի համար շահեկան ԵՄ անդամակցությունը, ոչ թե ԵԱՏՄ։ Բարձրաստիճան գործիչը սթափ ու տնտեսական փաստարկներ էր բերում՝ նշելով, որ հայ-թուրքական սահմանն, ըստ էության, ԵՄ մաքսային սահմանն է։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր ցամաքային սահման չունենք, ուստի ԵԱՏՄ-ին միանալը ՀՀ-ի համար խնդրահարույց կարող է լինել։ Նույն Տիգրան Սարգսյանը պաշտոնաթողությունից որոշ ժամանակ անց ԵԱՏՄ կառույցներից մեկում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ Այս պարադոքսը բացատրություն ունի՞։

Ոմանք այս հոդվածի հետ կապված կանխատեսում են, որ Արմեն Գրիգորյանն առաջիկայում կուսակցություն կհիմնի, կմիանա ռուսամետ ուժերի համախմբմանը, կդառնա նրանց վարչապետի միասնական թեկնածուն և գալիք ընտրություններում կզբաղեցնի ռուսամետ ընդդիմության նիշան՝ կրկնելով նույն անտրամաբանական ու ռուսամետ նարատիվները, ինչ ասում են այսօրվա ԱԺ ընդդիմադիրները։ Ոմանք էլ կարծիք են հայտնում, թե նա միանգամից կնշանակվի ռուսական ինչ-որ հիմնարկում բարձր պաշտոնում՝ բարձր աշխատավարձով, ինչպես նրանից ՀՀ նախկին բազմաթիվ պաշտոնյաներ։ Հավանաբար, նրա ապագա մոսկովյան գործատուն է նրան հանձնարարել այսպիսի հոդված գրել, ԵՄ անդամակցությունը պատրանք և անիրատեսական որակել, ակնարկել Կրեմլի հակազդեցությանը չդիմանալու մասին։

Կարճ ասած՝ Արմեն Գրիգորյանը վատ հոդված է գրել, որը բացասաբար կանդրադառնա քաղաքական մտքի վրա, ջուրը կլցնի հայրենիքին մատուցած նրա ծառայությունը, և մի քանի տարի անց, երբ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնա, մարդիկ ափսոսանքով կհիշեն նրան, որը չգիտես ինչու՝ ռուսամետ դարձավ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը