«Չորսուկես ամիս է՝ անտերության է մատնված, զրո արդյունք, զրո արձագանք։ Եթե դուք փորել եք, ուրեմն եկեք և սարքեք։ Ո՞վ է սրա պատասխանատուն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արին-Բերդի 6 հասցեում գտնվող «Էլարտ» բիզնես կենտրոնում աշխատող և բլոգեր Դավիթ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ամիսներ շարունակ քանդված ու չբարեկարգվող ճանապարհահատվածին։
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվել է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը, սահմանափակվել Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը։
Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ ճանապարհը քանդված վիճակում է արդեն շուրջ չորսուկես ամիս, սակայն այդ ընթացքում որևէ շինարարական կամ բարեկարգման աշխատանք չի իրականացվել։ Նա ընդգծել է, որ ճանապարհահատվածում առաջացած փոսերը լուրջ վտանգ են ներկայացնում երթևեկության մասնակիցների համար։ Հատկապես գիշերային ժամերին՝ անբավարար լուսավորության պայմաններում, վարորդները դժվարությամբ են նկատում փոսերը, ինչի հետևանքով արդեն վտանգավոր իրավիճակներ են ստեղծվել:
Բլոգերի խոսքով՝ խնդիրը միայն երթևեկության անհարմարությունը չէ․ քանդված ճանապարհը խոչընդոտում է նաև տարածքում գործող բիզնեսների աշխատանքին։ Մասնավորապես, պահեստներ մուտք գործող մեքենաները դժվարանում են տեղաշարժվել, տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների համար ևս իրավիճակը բարդացել է։
«Դրական ակնկալիքներ չունեմ, միայն մեծ-մեծ խոսում են, որ բարեկարգում են, անգամ սա չեն կարողանում անել, ուր մնաց Երևանը բարեկարգեն»,- եզրափակեց նա:
Տեսանյութ: