Հայաստանի կառավարությունը նախանշել է 2027 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները, որոնք փաստում են ծախսային կտրուկ աճի և պետության առաջնահերթությունների լուրջ տեղաշարժի մասին։ 2027 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը նախատեսված են 4 տրիլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 3.6 տրիլիոն դրամ։
Չնայած ծախսերն ընդհանուր առմամբ ավելացել են 444 միլիարդ դրամով, բյուջետային միջոցների բաշխվածությունը խիստ անհամաչափ է։ Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի փոխանցմամբ՝ ավելացած ծախսերի զգալի մասն ուղղվելու է սոցիալական ու առողջապահական ծրագրերին, մինչդեռ զարգացման ու կրթական կարևոր ուղղություններով կրճատումներ կան։
2027 թվականի բյուջեի ամենաէական առանձնահատկությունը ծախսային գլխավոր ուղղությունների փոփոխությունն է։ Եթե մինչև 2025 թվականը ամենամեծ բյուջետային հատկացումները ավանդաբար ստանում էր Պաշտպանության նախարարությունը, ապա այժմ առաջին տեղ է մղվել Առողջապահության նախարարությունը։
Ավելացած ծախսերի մոտ մեկ չորրորդը (շուրջ 136 մլրդ դրամ) բաժին է ընկնում հենց Առողջապահության նախարարությանը, ինչը պայմանավորված է համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Ըստ ծախսերի ծավալի՝ առողջապահության ոլորտին հաջորդում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ապա՝ Ներքին գործերի նախարարությունը։
Միևնույն ժամանակ, բյուջետային աճի ֆոնին որոշ ուղղություններով նկատվում են կրճատումներ։ Մասնավորապես, նվազել են մանկապարտեզների և դպրոցների շինարարությանն ու ընթացիկ ծախսերին ուղղվող հատկացումները։ Սա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարիներին կրթական այդ ծրագրերը պարզապես թերակատարվել են։
Ծախսերի աճին զուգահեռ՝ էական փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը։ 2018 թվականի համեմատ պետական պարտքը բացարձակ թվով աճել է գրեթե 3-4 անգամ։
Այդուհանդերձ, Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն չի մեծացել, ինչը պայմանավորված է տնտեսական աճի և անվանական ՀՆԱ-ի մեծացմամբ։
Տնտեսագետ Աղասի Թավադյանը մանրամասնում է, թե ինչպես է սա անդրադառնում բյուջեի վրա։
Տեսանյութ։
Հասմիկ Մովսիսյան