Հայաստանի անտառային էկոհամակարգը կանգնած է աղետի շեմին։ Տարիներ շարունակ իրականացվող սխալ կառավարումը, օրենսդրական բացերն ու անօրինական բիզնեսի հսկայական շրջանառությունը դանդաղ, բայց անդառնալիորեն ոչնչացնում են երկրի կանաչ վահանը։
«Ապօրինի հատումների մասին խոսվում է տարիներ շարունակ, սակայն ստվերային պատկերը չի փոխվում, քանի որ այս անօրինական բիզնեսում հսկայական ֆինանսական միջոցներ են շրջանառվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Վերջինիս խոսքով՝ ՀԿ-ների կողմից Դիլիջանի անտառներում իրականացված մոնիտորինգը ցույց է տվել նորաստեղծ Էկոպարեկային ծառայության անարդյունավետությունը։
Ծառայության աշխատակիցները կանգնում են հիմնականում կենտրոնական մայրուղիների վրա, այլ ոչ թե բուն անտառային տարածքներում, ինչի պատճառով օրենսդրական փոփոխություններն ու բարեփոխումները պրակտիկայում պարզապես չեն գործում։
Վարդանյանը նշում է, որ Հայաստանի անտառները բացառապես պաշտպանական նշանակության են (նախկինում ունեին առաջին կարգի կարգավիճակ), քանի որ դրանց մեծ մասը տեղակայված է 30 աստիճանից բարձր թեքությունների վրա։ Դրանք պահում են հողաշերտը և կանխում սողանքները։
«Անխնա հատումների պատճառով երկրում սկսվել են աղետալի էրոզիոն և դեգրադացիոն պրոցեսներ։ Այսօր Հայաստանի տարածքի շուրջ 80%-ը ենթակա է անապատացման, և այս սարսափելի ցուցանիշի մեջ հսկայական բաժին ունի անտառների կորուստը։ Անձրևների և ձնհալքի ժամանակ, անտառածածկի բացակայության պատճառով, հողի ամենաբերրի՝ հումուսային շերտը լվացվում և գետերով հոսում է դեպի հարևան երկրներ։ Դա հավասարազոր է նրան, որ մենք «առանց պատերազմի հող ենք հանձնում հարևաններին»,- մտահոգվում է բանախոսը։
Այս կորուստներն առավել ակնառու են հյուսիսային և հարավային անտառաշատ մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում (ի տարբերություն Վայոց ձորի, որտեղ բնական անտառները խիստ սակավ են, իսկ Ջերմուկի հատվածում հիմնականում ձեռքով տնկված արհեստական անտառներ են)։
«Հայաստանում արդյունաբերական անտառհատումն օրենքով արգելված է։ Սակայն գտնվել է շրջանցող մեխանիզմ․ «սանիտարական հատումների» քողի տակ տարեկան հատվում է ավելի շատ փայտանյութ, քան կազմում է անտառի բնական վերաճը։ Այս գործընթացի հետևանքով կտրուկ ընկել է անտառների լրիվությունն ու որակը։ Նախկին բարձրարժեք հաճարկուտներն ու կաղնու անտառները նոսրանալուց հետո փոխարինվում են ցածրարժեք բոխուտներով, ղարժույթներով և ինվազիվ (ագրեսիվ) տեսակներով, ինչն արգելակում և անհնար է դարձնում անտառի հետագա բնական վերականգնումը»,- նշում է Նազելի Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան