Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ արգելել Էջմիածնից մայրաքաղաք եկող տրանսպորտի մուտքն ու կայանումը Մատենադարանի տարածքում, ոչ թե թեթևացրել է երթևեկությունը, այլ ստեղծել է լրացուցիչ ֆինանսական բեռ բնակիչների համար։
Այս մասին
Oragir.News-ի տաղավարում հայտարարեց Վաղարշապատ համայնքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը։
Ըստ Խաչիկյանի՝ երբ 203 համարի միկրոավտոբուսների և ուսանողական ավտոբուսների մուտքը քաղաքի կենտրոն սահմանափակում են և ուղղորդում դեպի «Կիլիկիա» ավտոկայան, էջմիածնեցիները ստիպված են օգտվել մասնավոր տաքսիներից, ինչն էլ ավելի է ծանրաբեռնում Երևանի փողոցները:
«Եթե արգելում են երթուղու մուտքը քաղաք, էջմիածնեցիները ստիպված են օգտվել մասնավոր տաքսի ծառայություններից, որտեղ մեկ անձի համար արժեքը 500 դրամ է։ Տաքսին տեղափոխում է 4 հոգի, և այդ մեքենաներն անխոչընդոտ քաղաք են մտնելու․ հետևաբար, 20 հոգի տեղափոխող 1 միկրոավտոբուսն արգելելով՝ քաղաք է մտնում 4-5 մեքենա»,- ընդգծում է Խաչիկյանը։
Անդրադառնալով Էջմիածնի համայնքապետարանի կողմից գործարկված անվճար ուսանողական երթուղուն (որից օգտվում են նաև այլ քաղաքացիներ)՝ Հարություն Խաչիկյանը հայտնում է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկել նախաձեռնությանը՝ կարևորելով ուսանողներին աջակցելը։ Սակայն գործընթացում կան լուրջ խնդիրներ։
Նախ՝ 203 երթուղին սպասարկող ընկերությանը 2021 թվականին ՏԿԵՆ-ի կողմից տրվել է 10 տարվա լիցենզիա, իսկ անվճար ուսանողական երթուղու 50 միլիոն դրամանոց պայմանագիրը կնքվել է ուղիղ գնմամբ՝ առանց մրցույթի:
«Այն պարզաբանմանը, թե ինչու մրցույթ չի հայտարարվել, պարզապես ասում էին, որ միայն այդ մեկ ընկերությունն է, բայց կարող էին մրցույթ հայտարարել, որպեսզի կողքի համայնքներից այլ ընկերություններ ևս մասնակցեին։ Այստեղ ավելի շատ շահերի հովանավորչություն է նկատվում, և հետաքրքիրն այն է, որ ավագանու այդ որոշումը բերվել էր մարտի 2-ին՝ Ազգային ժողովի ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ»,- նշում է Խաչիկյանը։
Բացի այդ, ըստ ավագանու անդամի, 2021 թվականի պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր թարմացնել ավտոպարկը և բարեկարգել կանգառներն ու սպասասրահները, մինչդեռ Էջմիածնից դուրս՝ դեպի գյուղեր տանող կանգառները գտնվում են կատաստրոֆիկ՝ 50-60 տարվա վաղեմության ժանգոտած վիճակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան