Ուղիղ եթեր
Ուղիղ խոսք 1 ժամ առաջ - 19:30 02-11-2026

Ապաստարաններում կանանց տրամադրում են ամուսինների դեմ՝ հանուն գրանտների, իսկ թիկունքին Աննա Հակոբյանն է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալված տաքսու վարորդ Արման Գալստյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել իր ընտանեկան ծանր ժամանակաշրջանի, իրավապահ համակարգի անգործության և դրամաշնորհային կազմակերպությունների ուղղորդված քաղաքականության վերաբերյալ։

Տղամարդը պնդում է, որ իրենից ապօրինաբար խլել են երեխաներին, իսկ ինքը դարձել է համակարգային անարդարության զոհ։

Արման Գալստյանի պնդմամբ՝ Կանանց աջակցման կենտրոնը (որտեղ գտնվել է իր կինը), և նմանատիպ ապաստարանները, նյութապես շահագրգռված են ընտանեկան վեճերը թեժացնելու և կանանց երկար ժամանակ տանից հեռու պահելու հարցում։

Նրա պնդմամբ՝ կենտրոնը Եվրոպայից տարեկան ստանում է շուրջ 25 000 դոլար գրանտ, ինչը մեկ անձի հաշվով կազմում է օրական 22 500 դրամ, իսկ մոր և երեխաների դեպքում՝ մոտ 180 000 դրամ։

«Կենտրոնում կանանց զրկում են ազատ տեղաշարժից, տեղափոխում փակ մեքենաներով և հոգեբանորեն տրամադրում ամուսինների դեմ՝ համոզելով, որ տղամարդու մոտ վերադառնալու դեպքում իրենց աշխատանքը կձախողվի։ Կնոջս ուղղորդում են և իր իսկ ձեռագրով հրաժարվելու դիմումներ գրել տալիս»,- հայտնում է բանախոսը՝ հավելելով, որ այս ամենն արվում է ֆինանսավորումը պահպանելու համար։

Արմանի խոսքով՝ քննչական մարմինները չեն կարողանում կամ չեն ցանկանում պատասխանատվության դաշտ բերել Կանանց աջակցման կենտրոնին։ Քննիչ Տիգրան Հովհաննիսյանը թեև արձանագրել է, որ կնոջը քննչական մարմին ներկայացնելը կենտրոնի պարտականությունն է, սակայն կառույցը բազմիցս տապալել է առերեսումը։

Վերջինիս պնդմամբ՝ իրականում ինքն է հանդիսանում տուժող կողմ։ Նա հայտնում է, որ կինը սպառնացել է իրեն և դանակով հարվածել, ինչի արդյունքում ինքը վնասվել է դանակը ձեռքից խլելիս, այս ամնեից հետո նույնիսկ դատախազը 6 ամիս է՝ գործ չի հարուցում։ Մինչ կնոջ նկատմամբ հարուցված վարույթը կոծկվում է, Արման Գալստյանի դեմ գործն ավարտին է հասցվել։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանը «մի կապտուկի պատճառով» 12 ամիս ձգձգված գործով Արմանի նկատմամբ կայացրել է 2 տարվա դատավճիռ։

Արմանը շեշտում է, որ վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, և ինքը պատրաստվում է անցնել բոլոր ատյաններով՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, Սահմանադրական դատարաններ և հասնել մինչև Եվրոպական դատարան. «30 տարի էլ պետք լինի, բոլորը պետք է պատասխան տան»։

Արման Գալստյանը նստացույց է սկսել՝ ներկայացնելով իր և ընտանիքի հետ վերջին տարիներին տեղի ունեցած միջադեպերի մասին։

Նա պնդում է, որ կնոջն ու երեխաներին իր կամքին հակառակ երկրից դուրս են տարել, և հայտարարում է, որ շարունակելու է նստացույցը մինչև նրանց վերադարձը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան