Ուղիղ խոսք 35 րոպե առաջ - 18:53 08-10-2026

Սեպտեմբերին ԶՊՄԿ-ն ինձ պետք է վերականգներ աշխատանքում, բայց պարզվեց՝ հաստիքս փակել են․ Շավարշ Մարգարյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Մեր ամբողջ համայնքը սոցիալապես և տնտեսապես կախված է մեկ գործատուից։ Եվ երբ բնակչությունը կախվածության մեջ է ընկնում մեկ ճյուղից, մարդիկ սկսում են վախենալ էկոլոգիական ու աշխատանքային խնդիրներ բարձրաձայնելուց»,- Oragir.News-ի հետ զրույցում անկեղծանում է բնապահպան, «Կանաչ խորհուրդների դաշնության» համահիմնադիր Շավարշ Մարգարյանը։

Նա 7 տարի շարունակ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, սակայն տարիներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց գործադուլն ու խնդիրների բարձրաձայնումը լիովին փոխեցին նրա կյանքի ընթացքը։ Բնապահպանը պատմում է, թե ինչպես իր իրավունքների համար պայքարելու պատճառով հեռացվեց աշխատանքից, ինչպիսի իրավական քաշքշուկների միջով անցավ և ինչ հայտնի դարձավ դատարանի վերջնական վճռից առաջ՝ այս տարվա սեպտեմբերին։

Շավարշ Մարգարյանի խոսքով՝ Քաջարանում տարիներ շարունակ տիրել է այն համոզմունքը, որ եթե հանկարծ հանքը փակվի կամ մարդիկ կորցնեն աշխատանքը, համայնքը կկանգնի կործանման շեմին՝ հաշվի առնելով կուտակված վարկերն ու ընտանիքներ պահելու հոգսը։ Սակայն հիշարժան գործադուլի օրերին բնակչությունն առաջին անգամ հաղթահարեց այդ վախը։

«Դա իմ կյանքի ամենակարևոր պահերից էր։ Մարդիկ չվախեցան և առաջին անգամ բարձրաձայնեցին այն խնդիրներն ու ահավոր պայմանները, որոնք կուտակվել էին երկար տարիներ։ Ղեկավարությունը միլիոններ էր աշխատում, իսկ բնակիչների պայմանները չէին բարելավվում»,- հիշում է բնապահպանը։

Գործադուլի 7-8-րդ օրերին, երբ օդում կախված էր անորոշությունը, իսկ ղեկավարությունը լրատվամիջոցներով կեղծ տեղեկատվություն էր տարածում, թե բողոքողները ընդամենը 30-50 հոգի են և զբաղված են «սաբոտաժով», ակտիվիստները դիմեցին աննախադեպ ժողովրդավարական քայլի։ Քաղաքի մեջտեղում և գործադուլի վայրում տեղադրվեցին քվեախցիկներ և կազմակերպվեց փակ, գաղտնի քվեարկություն։

«Քվեարկությանը կարող էին մասնակցել բացառապես ԶՊՄԿ-ի աշխատակիցները (Կապանից ու Քաջարանից)՝ ներկայացնելով իրենց անունները։ Կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներից ավելի քան 2500-ը եկան և քվեարկեցին հանուն գործադուլի և աշխատանքային պայմանների բարելավման պահանջի։ Եթե հաշվի առնենք, որ մոտ 1500 հոգի կազմում էին Երևանից եկած բարձրաստիճան պաշտոնյաները, ղեկավար կազմն ու անվտանգության աշխատակիցները, ապա ստացվում է, որ բուն բանվորական և տեղական աշխատակազմի գրեթե 80-90%-ը կողմ է քվեարկել պայքարին»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գործադուլի 10-11-րդ օրերին Քաջարան ժամանեցին Ազգային ժողովի երկու պատգամավորներ, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն ու Կառավարության ներկայացուցիչները։

«Կոմբինատի գլխավոր տնօրենը տեսանյութով ընդունեց թերացումները և խոստացավ բարձրացնել աշխատավարձերը։ Պաշտոնյաները հանդես եկան որպես երաշխավոր, և գործադուլավորները որոշեցին դադարեցնել ակցիան։ Ցավոք սրտի, հետագայում այդ պայմանավորվածությունները բոլորը մոռացվեցին։ Այդ նույն պատգամավորները, ովքեր եկել ու խոսք էին տվել, այլևս չէին պատասխանում մեր զանգերին։ Դեռ գործադուլը չավարտված՝ մեզնից 8 հոգու աշխատանքից հեռացրին։ Մեզ ասում էին, թե դատական պրոցեսներից հետո կվերականգնվենք, բայց իրականությունն այլ եղավ»,- նշում է Շավարշ Մարգարյանը։

Հեռացված 8 աշխատակիցներից 5-ին ԶՊՄԿ-ն դատարանով փոխհատուցում տրամադրեց, և նրանք այլևս չեն կարող վերականգնվել։ Իսկ Շավարշն ու ևս 2 գործընկերներ արդեն ավելի քան մեկուկես տարի է, ինչ դատական պայքարի մեջ են։

Շավարշ Մարգարյանն անցել է դատական բոլոր մարմիններով՝ Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններով։ Բոլոր ատյաններն էլ աներկբա փաստել են, որ բնապահպանին աշխատանքից հեռացրել են ապօրինի կերպով, և ԶՊՄԿ-ն պարտավոր է նրան վերականգնել իր նախկին պաշտոնում։

«Վերջնական վճռի կայացումն ու աշխատանքային վերականգնումը նախատեսված էր այս տարվա սեպտեմբերին։ Սակայն հենց սեպտեմբերին պարզ է դարձել գործատուի հերթական խորամանկ քայլը․ հենց այս սեպտեմբերին, երբ արդեն պիտի կայացվեր վերականգնման վճիռը, պարզ դարձավ, որ նրանք պարզապես փակել են իմ հաստիքը, որպեսզի ֆիզիկապես հնարավոր չլինի ինձ հետ ընդունել աշխատանքի»,- նշում է Մարգարյանը։

Չնայած այս ամենին՝ Շավարշ Մարգարյանը շեշտում է, որ ինքը երբեք չի լքելու իր համայնքը։ Որպես Քաջարանի բնակիչ՝ նա մնալու է տեղում, պայքարելու է համայնքի կայուն զարգացման, էկոլոգիական անվտանգության և ծաղկման համար՝ սեփական օրինակով ցույց տալով, որ արդարության ձայնը լռեցնել հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին