2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է
«Հետքը»։
«Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձևավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որևէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:
Վայոց Ձորում և Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Նախորդ հոդվածում անդրադարձել ենք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին: Այս անգամ կպատմենք Վայոց Ձորի մասին:
Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում:
65 քկմ-ն հավասար է 100 հատ Երևանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաև դրա հարևան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը:
65 քկմ-ի մեջ, ինչպես ասվեց, ներառված չէ չեզոք գոտու տարածքը, որը ձևավորվել է թե՛ ջրաբանական, թե՛ անտառային արգելավայրերի հողերի հաշվին: Այսինքն՝ 2022-ին աշնանն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երկու ԲՀՊՏ-ներն էլ տարածքային կորուստներ են ունեցել:
Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 %-ն օկուպացված է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։