Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները լուրջ մտահոգություն են առաջացրել քաղաքացիական հասարակության և բնապահպանների շրջանում։ Երբ հանրային լսումների ժամանակ տեղի բնակիչների դեմ լինելն այլևս վճռորոշ ուժ չունի, հարց է ծագում՝ ինչպե՞ս են քաղաքացիներն ու բնապահպանները պաշտպանելու սեփական առողջության և բնության իրավունքը։
Բնապահպան Սիլվա Ադամյանի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերողների գրոհը Հայաստանի ընդերքի վրա սկսվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո և ունի տասնյակ տարիների պատմություն։ Աշխարհի տարբեր անկյուններից հանքարդյունաբերական ընկերություններ շտապեցին Հայաստան՝ քաջ գիտակցելով երկրի ընդերքում թաքնված արժեքավոր մետաղների պաշարների մասին։ Ըստ մասնագիտական գնահատականների՝ Հայաստանի ընդերքն իր բազմազանությամբ ու արժեքավոր մետաղներով ունի այնպիսի հարստություն, որպիսին նույնիսկ նավթամթերքով հարուստ Ադրբեջանը չունի։ Սակայն այդ պաշարների շահագործումը հաճախ ուղեկցվել է համայնքների շահերի անտեսմամբ և բնապահպանական ծանր հետևանքներով։
Որպես հանրության կարծիքի անտեսման և անպատասխանատու շահագործման ամենացայտուն օրինակ՝ բնապահպանը մատնանշում է Թեղուտի հանքավայրը։ Չնայած տեղի բնակչության համառ ընդդիմանալուն, հզոր բնապահպանական շարժմանն ու հանրային լսումների բացասական եզրակացությանը, հանքն, այնուամենայնիվ, շահագործվեց։ Արդյունքում ձևավորվեց լքված ու վատ փակված պոչամբար, իսկ սոցիալական բարեկեցության խոստումները մնացին չիրականացված։ Տարիներ անց տեղի բնակիչները ցավով արձանագրում էին. «Առաջ սոված էինք այստեղ մահանում, հիմա մահանում ենք թունավորված և սոված»։
Եթե նախկինում հանրային լսումները գոնե իրավական առումով որոշակի խոչընդոտ էին հանքարդյունաբերողների համար, ապա օրենսդրական նոր փոփոխություններով այդ մեխանիզմը փաստացի չեղարկվել է։ Նոր կարգավորմամբ՝ տեղի բնակչության և հանրության կարծիքն ընդունվում է միայն «ի գիտություն»։ Սա նշանակում է, որ համայնքի բնակիչների խոսքն այլևս որոշիչ չէ. պետությունն ու ընկերությունները պարզապես տեղեկացնում են մարդկանց, որ իրենց բնակավայրի հարևանությամբ հանք է բացվելու՝ անկախ նրանց համաձայնությունից կամ ընդվզումից։
«Սա խայտառակ օրենք է, որի դեմ պետք է լուրջ պայքարել»,- շեշտում է Սիլվա Ադամյանը՝ ընդգծելով, որ բնապահպանական համայնքը չի պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ։ Այսօր բնապահպաններից Օլեգ Դուլգարյանն ակտիվորեն պայքարում է այս օրենսդրական կարգավորման դեմ՝ փորձելով իրավական և հանրային հարթակներում վերադարձնել քաղաքացիներին իրենց բնակավայրի ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան