ԱԺ-ն նոյեմբերի 17-ին օրակարգ չընդգրկեց ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության նախագիծը, որը ներկայացրել էր Լիլիթ Գալստյանը։
Հարակից զեկուցող, ՔՊ-ական Արման Եղոյանը հայտնեց, որ նախագիծը մերժելու երկու պատճառ կա։ Նախ՝ իշխանական պատգամավորները նախագծում ներկայացված գնահատականները համարում են կեղծ, սխալ և անկախ կազմակերպությունների կամ դիտորդների եզրակացություններով չհիմնավորված։ Երկրորդ պատճառը, ըստ նրա, նախագծի հեղինակ քաղաքական ուժն է։
«Եթե նույնիսկ ժողովրդավարական բարեփոխումների առումով բարելավելու տեղ ունենք, Դաշնակցության հետ անելիք չունենք։ Ով խոսի ժողովրդավարությունից, Դաշնակցությունը թող խոսի պատմական արդարությունից», - հայտարարել է Եղոյանը։
Ինչո՞ւ տապալվեց ընդդիմության այս նախագիծը, և ինչպե՞ս հաղթահարել ժողովրդավարության հետընթացն ու պաշտպանել քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները։
Բոլորի համար էլ պարզ էր, որ նախագիծը չի անցնելու։ Ոչ ոք անակնկալի չեկավ, երբ ՔՊ-ն դեմ քվեարկեց։ Սակայն ուշագրավ է ՔՊ-ական պատգամավորի արձագանքը, որտեղ կարելի է գտնել հարցերի լուծման բանալին։
Նախօրեին կազմակերպված հանրային լսումներին մասնակցեցին բազմաթիվ գործիչներ։ Իրական ընդդիմադիր համախմբում ստացվեց։ ԱԺ դահլիճում հավաքվածներին միավորում էր ընդդիմադիր դիրքորոշումը։ Այս հավաքը ոգևորություն հաղորդեց ընդդիմադիրներին, որ միայնակ չեն, շատ են, ուժեղ են, ունակ, հաստատակամ և այլն։ Այսինքն՝ ընդդիմությունը ռեալ խնդիր լուծեց լսումներում։ Եթե սա էր նշաձողը, ապա այսօրվա քվեարկությունն անկարևոր էր։ Իսկ եթե սա վերջը չէ, ապա կարելի է շարունակել փնտրել բանալին։
ՔՊ-ականը նկատում է, որ ժողովրդավարական բարեփոխումների առումով բարելավելու տեղ ունենք։ Եթե այդպես է, ապա ընդդիմությունը կարող է ժողովրդավարական բարեփոխում առաջարկել, ինչի ակնկալիքն ունեն և՛ հասարակությունը, և՛ դաշնակից երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ երկրները և այլն։ Ավելին՝ ՔՊ-ն այդ բարեփոխումներն անցկացնելու հանձնառություն ունի։ Սա ռեալ օրակարգ է, որով ընդդիմադիր գործիչները կարող են ժողովրդավարական երկրների դեսպանների, միջազգային իրավապաշտպան և ժողովրդավարության ջատագով կառույցների ուշադրությանն արժանանալ։ Բարեփոխումների օրակարգով հրավիրված լսումներին եվրոպացիք ու ամերիկացիք չեն կարող չմասնակցել ու չաջակցել ընդդիմությանը։ Ի տարբերություն Եղոյանի, Արևմուտքը պատճառ չունի մերժելու ժողովրդավարական կոնկրետ բարեփոխումների շուրջ ընդդիմության հետ գործակցելու հրավերը։ Եվ երբ զարգանա և խորանա միջազգային կառույցների և դեսպանատների հետ ընդդիմության գործակցությունը, այդ ժամանակ համատեղ ուժերով կարող են ճնշել ՔՊ-ին։
Հոլոդոմորի տարելիցն այս տարի նոյեմբերի 28-ին է։ Աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են Հոլոդոմորը՝ մարդկության դեմ գործված այս հանցագործությունը։ ԱԺ ընդդիմադիրները կարող են նախագիծ բերել, որով ՀՀ-ն ճանաչում է Հոլոդոմորը։ Եթե ՔՊ-ն դեմ քվեարկի դրան, ապա հիմք կտա կասկածելու, որ ռուսական շահեր է սպասարկում, Կրեմլի ագենտ է։ Իսկ այդպիսի նախագիծ բերո ընդդիմադիրները կմաքրվեն ռուսական գործակալի պիտակից։ Դրանից հետո միջազգային իրավապաշտպան կառույցներն ու արևմտյան հեղինակավոր երկրները չեն աջակցի Կրեմլի ագենտ Փաշինյանին ու չեն անտեսի անկախության ու ժողովրդավարության ջատագովների հանիրավի հալածանքները։
Եղոյանի արձագանքում կա քողարկված խայծ, որը կկլլեն հեղափոխական միավորները։ Նրանք կարող են թյուրիմացաբար կարծել, որ Եղոյանն ակնարկում է, թե եթե ընդդիմադիրները ցույցեր անեն ժողովրդավարական երկրների դեսպանատների դիմաց, հազարներով նամակներ գրեն դեսպաններին, անվերջ զանգեն միջազգային կառույցներին, ապա վերջիններս կարձագանքեն ու հրապարակավ կքննադատեն Փաշինյանին ժողովրդավարությունից հետընթացի, մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։ Իրականում արձագանք կլինի, երբ ընդդիմությունը անկախության և ժողովրդավարության բարեփոխումների նախագծեր բերի օրակարգ։ Առանց այսօրինակ նախաձեռնությունների՝ նույնիսկ միլիոնավոր նամակները, զանգերն ու ցույցերն արդյունք չեն տա։
Կարճ ասած՝ ընդդիմադիր ուժերը կարող են կանխել ժողովրդավարության հետընթացը, երբ հանդես գան անկախության և ժողովրդավարության բարեփոխումների վերաբերյալ ռեալ նախաձեռնություններով։ Սա է բանալին։
Թաթուլ Մկրտչյան