Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի քննարկումները։ Հանդիպումն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ փակ դռների հետևում և առանց մամուլի մասնակցության։
Հայտնի է, որ կողմերի միջև կան տարաձայնություններ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման արդյունավետության և կատարված ներդրումների շուրջ։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ բանակցությունների փակ ձևաչափը պայմանավորված է նախևառաջ կատարված ներդրումների թվերի և իրական արդյունքների միջև առկա անհամապատասխանությամբ։
Ըստ նրա՝ ռուսական կողմը պայմանագրով պետք է կատարեր մոտ 500 միլիոն դոլարի ներդրում, սակայն ժամանակից շուտ հայտարարում է արդեն 400 միլիոն դոլարի ներդրման մասին, մինչդեռ ենթակառուցվածքային արդյունքները լիովին այլ պատկեր են ցույց տալիս։
«Հիմա ինչո՞ւ է փակ գնում․ նախ իրենք չեն ուզի, որ այդ քննադատությունը դուրս գա մամուլ, երկրորդը՝ ավելի շատ ծախսերը չափազանցնելու և ուռճացնելու տարբերակով են աշխատել։ Փորձել են այնպիսի թվեր ցույց տալ, որ եթե հանկարծ մենք հրաժարվենք, ասեն՝ «մեր 400 միլիոնը հետ վերադարձրեք», որովհետև կոնցեսիոն պայմանագրի պայմաններից ելնելով պիտի հատուցեինք այդ ծախսերը»,- պարզաբանեց տնտեսագետը։
Մակարյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար առանցքային է դառնում անկախ ստուգման մեխանիզմների կիրառումը․ «Եթե ռուսական կողմը շարունակի իր կամայականությունները և չուզենա ընդունել չափազանցությունը, ապա մերոնք կարող են գնալ միջազգային տեխնիկական և ֆինանսական աուդիտ անելու ճանապարհով։
Տեխնիկական աուդիտը նրա համար է, որ տեսնենք՝ արդյոք ենթակառուցվածքների տեխնիկական վիճակը համապատասխանում է ներդրումներին։ Ծախսված փողերը, կարծում եմ, շատ գերչափազանցված են, դրա համար էլ խոսակցությունը փակ է գնում»։ Բացի ֆինանսական հաշվարկներից, տնտեսագետն ընդգծեց նաև ռուսական կողմի քաղաքական և ռազմավարական հաշվարկները։
Նրա խոսքով՝ Մոսկվան ձգտում է պահպանել իր ազդեցությունն ու Հայաստանի կախվածությունը՝ միտումնավոր հետաձգելով ցանցի լիարժեք գործարկման համար կարևոր հատվածների վերանորոգումը․ «Ժամանակ են ձգելու՝ սպասելով արտաքին քաղաքական միջավայրի՝ Ուկրաինայի պատերազմի արդյունքների, ներքին քաղաքականության և Հայաստանի դիվանագիտական գծի փոփոխություններին»։
Անդրադառնալով տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթգիծը խորհրդային տարիներին եղել է բեռնափոխադրումների հիմնական զարկերակը, իսկ դրա վերագործարկումը արմատապես կփոխի Հայաստանի տնտեսական միջավայրը։ Մասնավորապես, երկաթուղին կտրուկ կնվազեցնի կախվածությունը ավտոմոբիլային բեռնափոխադրումներից և Վերին Լարսի անցակետի հետ կապված ռիսկերից։ Քանի որ երկաթուղային վագոնների տարողությունը (60-65 տոննա) երեք անգամ գերազանցում է բեռնատարների հնարավորությունը, կտրուկ կնվազի ապրանքի փոխադրման ինքնարժեքը՝ բարձրացնելով հայկական արտադրանքի մրցունակությունը և բարձրացնելով երկրի ներդրումային գրավչությունը։
Խոսելով տարածաշրջանային դերակատարների շահերի մասին՝ տնտեսագետը նկատեց, որ Ադրբեջանը շահագրգռված է Նախիջևանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի ամրապնդմամբ, մինչդեռ Վրաստանը կարող է սպասողական ու զգուշավոր դիրք գրավել՝ չցանկանալով կորցնել տարանցիկ հանգույցի իր մենաշնորհային կշիռը Հարավային Կովկասում։ Այս պայմաններում Հայաստանից պահանջվում է ճկուն դիվանագիտություն։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերության կողմից նոր ներդրումների ներգրավումը՝ Մակարյանը նշեց, որ տեղային ուղղությունների (օրինակ՝ Ախուրիկի հատվածի) վերականգնումը մեծ միջոցներ չի պահանջում:
«Գնահատված փոքր ճյուղերի կառուցումը մեծ գումարներ չեն պահանջում՝ մինչև կես միլիարդ դոլար, և Ռուսաստանն այդ գումարներին տիրապետում է։ Ուղղակի կարևոր է, որ այդ փոփոխությունները լինեն ներդաշնակ տարածաշրջանային նախագծերին՝ «Հյուսիս-Հարավ», Չինաստան, Կենտրոնական Ասիա և Եվրոպա ուղղություններով։ Այն երկրները, որոնց շահերը համընկնում են մեր շահերի հետ, պետք է դրական ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա և նպաստեն պատժամիջոցներից խուսափելուն»,- կարծիք հայտնեց տնտեսագետը։
Հասմիկ Մովսիսյան