Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր։ Նախարարը շրջել է նաև նոր կառուցվող ծննդատան շենքում։ Նշենք, որ Գյումրիում նոր ծննդատան կառուցման աշխատանքները, որոնց համար պետական բյուջեից ավելի քան 1 միլիարդ դրամ է նախատեսվել, դեռևս ավարտված չեն։
Ավելին՝ շինարարության ավարտի վերջնաժամկետը սահմանվել է 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Ծննդատան կառուցման ծրագիրը հանրությանը ներկայացվել է դեռևս 2019 թվականին։ Նախաձեռնությունը կապված էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի անվան հետ, որի հիմնադրած հիմնադրամի միջոցներով պետք է իրականացվեին շինարարական աշխատանքները։
Այդ ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ նոր ծննդատան հիմնման աշխատանքները կիրականացվեն գործարարի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Ծրագիրը ներկայացվում էր որպես Շիրակի մարզի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություն։
Սակայն տարիներ անց ծրագիրը դեռ ավարտված չէր։ 2023 թվականի հունիսին «Արմենպրեսը» հաղորդել էր, որ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Դրանք մեկնարկել էին դեռևս 2019 թվականին, սակայն շուրջ մեկ տարի դադարեցված էին եղել։
Այդ ժամանակ կատարված աշխատանքների ծավալը գնահատվում էր մոտ 50 տոկոս։ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս այցելել էր Գարեգին Նժդեհի փողոց 3/6 հասցեում կառուցվող ծննդատան շինհրապարակ։
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 650 միլիոն դրամ էր։ Նույն թվականի նոյեմբերին ծննդատան շինհրապարակ էր այցելել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարությունից հայտնել էին, որ Վարդան Սրմաքեշի հիմնադրած հիմնադրամը շուտով ավարտելու է պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, իսկ շինարարության շարունակությունն իրականացվելու է պետական միջոցներով։ Ծրագրի իրականացման գործընթացում ուշագրավ փոփոխություն տեղի է ունեցել 2025 թվականին։
Կառավարությունը հուլիսի 31-ի N 1052-Ա որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է վերապահել ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների գնման պայմանագրերով նախատեսված պատվիրատուի լիազորությունները։ Խոսքը «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված՝ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրի և «ԱԳԷԱ» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ տեխնիկական հսկողության պայմանագրի մասին է։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ շինարարական աշխատանքների պայմանագրի արժեքը կազմել է 499 միլիոն 1 հազար 343 դրամ 70 լումա, իսկ ընկերությանը որպես կանխավճար վճարվել է 124 միլիոն 750 հազար դրամ։ Նույն որոշմամբ առողջապահության նախարարությանը հանձնարարվել էր ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի փոփոխություններն ու ամբողջական փաստաթղթերը փոխանցել ՀՏԶՀ-ին։
Այս հանգամանքը ևս կարևոր է ծրագրի պատմությունը հասկանալու համար. շինարարության շարունակության համար ոչ միայն փոխվել է պատվիրատու կառույցը, այլև անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Ծրագրի ընթացքի վերաբերյալ ամենաուշագրավ փաստերից մեկը Կառավարության 2026 թվականի ապրիլի 27-ի N 566-Ա որոշումն է։ Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին թույլատրվել է «Բիլդր Քնսթրաքշն» ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 115 տոկոսի չափով։ Նույն որոշմամբ շինարարական աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։
Ավելին՝ Կառավարության որոշմամբ փոփոխությունների դրույթները տարածվել են նաև 2025 թվականի նոյեմբերի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Այսինքն՝ շինարարության պայմանագրային ժամկետը երկարաձգվել է, իսկ աշխատանքների ծավալը վերանայվել է։
Սակայն որոշման հրապարակված տեքստում մանրամասն ներկայացված չէ, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են առաջացրել լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտությունը, ինչու է շինարարությունը նախատեսված ժամկետում ավարտելու փոխարեն վերջնաժամկետ սահմանվել 2027 թվականի օգոստոսը։
Նշենք, որ պայմանագրի գնի մինչև 115 տոկոսի չափով աշխատանքների ծավալ ավելացնելու թույլտվությունը դեռևս չի նշանակում, որ ամբողջ այդ չափով լրացուցիչ գումար է փաստացի վճարվել։
Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանագրի փոփոխված տարբերակն ու կատարված վճարումների տվյալները։ Նոյեմբերի 4-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել էր ծննդատան շինհրապարակ՝ մարզում իրականացվող առողջապահական ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով։
Մարզպետի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ Շիրակի մարզում իրականացվում է առողջապահական վեց խոշոր ծրագիր՝ ընդհանուր 6 միլիարդ 257 միլիոն 104 հազար դրամ արժեքով։
Դրանց թվում է նաև Գյումրու բժշկական կենտրոնի ծննդատան կառուցումը՝ 1 միլիարդ 49 միլիոն 822 հազար դրամ արժեքով։ 2019 թվականից տարբեր փուլերով ընթացող նախաձեռնությունը դեռևս ամբողջությամբ կյանքի չի կոչվել։
Տարիների ընթացքում եղել են շինարարության դադարներ, աշխատանքների վերսկսում, մասնավոր ֆինանսավորումից պետական ֆինանսավորման անցում, պատվիրատուի փոփոխություն, նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայում և պայմանագրային ժամկետի երկարաձգում։
Այս ամենի արդյունքում Գյումրիի նոր ծննդատան շինարարության ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։
Անահիտ Չալիկյան