Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի որակավորման քննությանը առաջին տեղը զբաղեցրած 34-ամյա Հան Վոն Սոկը խոստովանել է, որ արտագրելու համար օգտագործել է մանրախցիկ, սմարթֆոն և արհեստական բանականության գործիքներ։ Այս մասին նա հայտարարել է իր փաստաբան Լի Դոն Հոյի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում, հաղորդում է
BBC-ն։
Հանը հայտնել է, որ Սեուլի ոստիկանությունում խոստովանել է խարդախությունը և մանրամասն պատմել, թե ինչպես է խաբել քննության կազմակերպիչներին։
Առաջին փուլում նա 400 հնարավորից հավաքել է 397,5 միավոր՝ 160 հարցում թույլ տալով ընդամենը մեկ սխալ։ Անսովոր բարձր արդյունքը կասկածներ է առաջացրել և համացանցում քննարկումների առիթ դարձել։
«Հարկային խորհրդատուի քննության երկու փուլերում էլ արտագրել եմ՝ օգտագործելով էլեկտրոնային սարքեր և գեներատիվ արհեստական բանականություն»,- հայտարարել է Հանը։
Նա պատմել է, որ մանրախցիկով լուսանկարել է առաջադրանքները, ուղարկել դրանք ԱԲ-ին, ապա սմարթֆոնով ստուգել պատասխանները։
Երբ մեղադրանքներն առաջին անգամ ի հայտ են եկել, Հանը հերքել է խախտումները։ Սակայն ավելի ուշ մտածել է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի զգացողության մասին և որոշել խոստովանել։
Նա նաև ներողություն է խնդրել քննությունն ազնվորեն հանձնած մյուս մասնակիցներից՝ նշելով, որ իր պատճառով կասկածի տակ կարող էին հայտնվել նաև քննությունը հաջողությամբ անցած մյուս թեկնածուները։
Կառավարության հայտարարած կանոնների համաձայն, քննությանը խաբելու համար ԱԲ օգտագործած թեկնածուները կզրկվեն որակավորումից և հինգ տարի չեն կարողանա վերահանձնել քննությունը։
Հանն իր քայլերը բացատրել է գումար վաստակելու և այնպիսի աշխատանք գտնելու ցանկությամբ, որը թույլ կտար իրեն կրկին արժանանալ ծնողների հպարտությանը։
Սկանդալը բռնկվել է Հարավային Կորեայի բուհերի ընդունելության ամենամյա քննությունից մի քանի օր առաջ։