Նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող անչափահասներից 15-ամյա Ռաֆայել Բ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, իսկ 17-ամյա Դավիթ Բ․-ն ստացել էր մարմնական վնասվածքներ։
Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարի պահին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է 17-ամյա Դավիթ Բ․-ն։

Պատանիները վթարից առաջ մասնակցելիս են եղել Գավառում գործող «Բայազետ հոլլ» ռեստորանային համալիրում կազմակերպված հարսանեկան արարողությանը։ Պարզվել է, որ մահացած 15-ամյա Ռաֆայելը հարսի քրոջ որդին էր։
Դեպքի ականատեսների փոխանցմամբ՝ տղաները հարսանիքի ամբողջ ընթացքում ներկա են եղել ռեստորանում, ուրախացել են ու պարել։ Սակայն երեկոյի վերջնամասում, երբ հարսանեկան տորթը դեռ չէին հասցրել կտրել, նրանք աննկատ դուրս են եկել սրահից և նստել մեքենան։ Կարճ ժամանակ անց Նորատուս-Գավառ ճանապարհահատվածում տեղի է ունեցել վթարը։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե ուր էին ուղևորվում պատանիները։

«Գավառ» բժշկական կենտրոնից
Oragir.News-ի հետ զրույցում հերքեցին տեղեկությունը, թե վիրավոր պատանին տեղափոխվել է իրենց մոտ։ Բուժհաստատությունից հայտնեցին, որ առհասարակ տեղեկություն չունեն, թե որտեղ է նա գտնվում և ինչ վիճակում է։
Նշենք, որ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն և 17-ամյա Դավիթ Բ․-ն սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։