Ներքին 12 րոպե առաջ - 20:00 15-11-2026

Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

21-րդ դարում զարգացած երկրներում ժողովրդավարության ակնառու ցուցիչներից մեկը մամուլի և ընդհանրապես խոսքի ազատությունն է ու բազմակարծությունը: 2018 թվականի հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո նախկին լրագրող և խմբագիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած, ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում, կարծես, ազատ մամուլը այլընտրանք չպետք է ունենար: Սակայն իրականությունն ու փաստերն այլ բան են վկայում. Հայաստանը կտրուկ հետընթաց է գրանցել մամուլի ազատության մակարդակում, ինչի մասին վկայում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները. այսպես՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 50-րդ տեղը։ 2025 թվականին Հայաստանը 34-րդ տեղում էր, 2018-ին՝ 80-րդ, իսկ 2019-ին՝ 61-րդ։

Թեպետ երկիրը ղեկավարող առաջին դեմքերը ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում խոսքի ազատություն ու բազմակարծություն է, չկան քաղաքական հետապնդումներ և մամուլի դեմ հալածանքներ, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հանրային գործիչների և իշխանության «սրտով չգնացողների» դեմ օրեցօր շատացող դատական գործերը, սոցիալական ցանցերում կառավարության քաղաքականությունը և իշխանություններին քննադատող գրառումների հեղինակների հետապնդումներն ու հարուցված քրեական վարույթները հակառակն են փաստում. առերևույթ խոսքի ազատությունը խրախուսվում է, մամուլի դեմ բացահայտ հարձակում չկա, բայց նույն ազատ խոսքի համար մարդիկ հաճախ թանկ գին են վճարում:

Այս ամենը կարող ենք բնութագրել վերջերս տարածված «սլամ» (անգլ.՝ slam) տերմինով, որը մամուլի և լրագրության համատեքստում նշանակում է հրապարակային սուր քննադատություն, խիստ դատապարտում կամ բանավոր հարձակում։ Մամուլում այն փոխաբերաբար օգտագործվում է՝ ցույց տալու համար, որ որևէ գործիչ կամ կառույց շատ կոշտ կերպով քննադատել կամ «ջախջախել» է մեկ ուրիշին:

Իշխանությունների թիրախում հայտնված հանրային գործիչներից է Oragir.News-ի գլխավոր խմբագիր, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, որի դեմ հարուցված են բազմաթիվ դատական գործեր. 5 տարվա ընթացքում Գևորգ Էմին-Տերյանն արդեն ավելի քան քառասուն դատական գործընթացի մասնակից է դարձել, որոնց պատճառը հեղինակի հոդվածներն են և սոցիալական ցանցերում կատարած գրառումները։

Ուշագրավ է, որ Գևորգ Էմին-Տերյանի անձի շուրջ ծավալված աննախադեպ, ինչու ոչ՝ անհեթեթ իրողությունը գրավել է ֆրանսիական մամուլի ուշադրությունը. Ֆրանսիայի հայկական սփյուռքի ամենահեղինակավոր և առաջատար ֆրանսալեզու հասարակական-քաղաքական ամսագիրը՝ «Nouvelles d'Arménie»-ն, ծավալուն հոդվածով անդրադարձել է Oragir.News-ի գլխավոր խմբագրի դեմ դատական գործընթացներին ու դրանց խորքային պատճառներին, Հայաստանում իշխանությունների թիրախում հայտնված մամուլի իրական վիճակին:

Ամսագիրը մեկ այլ՝ «POLARISATION DES MÉDIAS ARMÉNIENS» հոդվածով անդրադարձել է հայկական լրատվամիջոցների բևեռացմանը:

Նշենք, որ «Nouvelles d'Arménie Magazine»-ը հիմնադրվել է 1995 թվականի մարտին Փարիզում և հրատարակվում է ամսական պարբերականությամբ։ Այն լուսաբանում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային զարգացումները, ֆրանսահայ համայնքի կյանքը, ինչպես նաև հայոց պատմությանն ու մշակույթին առնչվող հարցեր։

Ստորև ներկայացնում ենք «Nouvelles d'Arménie» ամսագրի 344-րդ համարում
հոկտեմբերի 21-ին Միրիամ Գոմի հեղինակությամբ լույս տեսած (État des lieux : la liberté de la presse à l'aune du cas Emin-Teryan) հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը
Գևորգ Էմին-Տերյանի գործը


Հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվում է որպես Մամուլի օր։ Այս տարի Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 50-րդ տեղը։ 2025 թվականին Հայաստանը 34-րդ տեղում էր, 2018-ին՝ 80-րդ, իսկ 2019-ին՝ 61-րդ։ Այս միտումը նկատվում է նաև համաշխարհային մակարդակով, ընդ որում՝ որոշ երկրներում հետընթացն առավել արագ է։ Որքանո՞վ են այսօր ապահովված խոսքի և կարծիքի ազատության սկզբունքները Հայաստանի մեդիադաշտում: Ինչպե՞ս են քաղաքական վերնախավն ու դատական համակարգը վերաբերվում լրագրողներին։



Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորները հաճախ միմյանց հասցեին սուր հարձակումներ ու վիրավորանքներ են հնչեցնում։ Նման վերաբերմունքի են արժանանում նաև նրանց գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցները։ Դատարաններ ներկայացված հայցերն ու բողոքները հաջորդում են մեկը մյուսին՝ վիճարկելով կառավարության գործունեության քննադատական լուսաբանումը։ Այս ամենը խոչընդոտում է հանրային բանավեճին և հանգեցնում բազմաթիվ լրագրողների դեմ դատական հայցերի ու վարույթների թվի աճին։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ 2018 թվականի մայիսից երկիրը ղեկավարում է նախկին լրագրողը: Նիկոլ Փաշինյանը մինչև 2012 թվականը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, որից հետո դարձել է Ազգային ժողովի պատգամավոր։ 1998 թվականին նա հիմնադրել էր ընդդիմադիր «Օրագիր» օրաթերթը։ Վերջինս արդեն 1999 թվականին փակվեց դատարանի որոշմամբ՝ նախագահի մերձավոր շրջապատին առնչվող կոռուպցիոն դեպքերը բացահայտող հոդվածների հրապարակումից հետո։ Այդ հրապարակումների հետևանքով թերթի դեմ զրպարտության մեղադրանքով մի քանի դատական հայց ներկայացվեց, նշվում է վարչապետի պաշտոնական կենսագրության մեջ։ Քանի որ գլխավոր խմբագիրը հրաժարվում էր վճարել իր նկատմամբ սահմանված տուգանքները կամ հետ վերցնել իր հրապարակած մեղադրանքները, դատարանի որոշմամբ թերթը փակվեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը 1999 թվականի օգոստոսին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, սակայն վերաքննիչ ատյանում պատիժը փոխարինվեց պայմանական դատապարտմամբ։



Չնայած դրան՝ Հայաստանում տեղեկատվության տարածման ազատությունը սահմանափակված է որոշակի իրավական շրջանակներով: Հայ հասարակական կյանքի խիստ բևեռացումը տարածվում է բոլոր ոլորտների վրա։ Ինչպես ամենուր, Հայաստանում ևս առցանց մեդիադաշտը զգալիորեն ընդլայնվել է՝ ի վնաս տպագիր մամուլի լսարանի։ Ձևական բազմակարծությո՞ւն։ Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում մամուլի գործունեությունը ֆինանսական միջոցներ է պահանջում, իսկ լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները մանրակրկիտ ուսումնասիրվում կամ քննադատության են ենթարկվում։ Ըստ տարածված կարծիքի՝ լրատվամիջոցների չեզոքությունը պայմանավորված է օտարերկրյա հովանավորների ազդեցությամբ, որոնք իրենց հետքն են թողնում դրանց գործունեության վրա, կամ դրանց կապերով այս կամ այն ֆինանսական կամ քաղաքական վերնախավի հետ։ Սա, ըստ էության, նոր երևույթ չէ: Տեղեկատվության, կարծիքի ազատության, ապատեղեկատվության, քարոզչության, ազդեցության և միջամտության միջև սահմաններն աստիճանաբար խարխլվում են։ Այս բոլոր հանգամանքների պայմաններում, կամ նույնիսկ դրանց հակառակ, մասնագիտական բարձր չափանիշների պահպանումը դառնում է անհրաժեշտություն։ Պետական ապարատը գործի է դրվում և հակված է զրպարտության վերաբերյալ հայցերի միջոցով չեզոքացնելու պաշտոնական դիրքորոշմանը հակասող ցանկացած կարծիք կամ առարկություն։ Թեև ներկայումս հայ լրագրողներից ոչ ոք բանտում չէ (նախկինում նման դեպքեր եղել են), նրանցից շատերը ստիպված են քայլել դանակի սայրի վրայով։ Վարկաբեկելու գայթակղությունը գոյություն ուներ դեռևս «հիբրիդային պատերազմի» մասին կասկածների ի հայտ գալուց շատ առաջ։ Սոցիալական ցանցերը մեծացնում են յուրաքանչյուր հրապարակման հասանելիությունը, իսկ արդարադատությունը միաժամանակ սահմանափակում է և հանդես գալիս որպես վեճերի կարգավորող։

Լրագրողական ուղուց՝ մինչև դատարան

Նրա լրագրողական գործունեությունը կապված է եղել հեռուստատեսության և Armenia.TV-ի հետ։ Գրականագետ և բանասեր Գևորգ Էմին-Տերյանը լրագրություն էր դասավանդում Երևանի պետական համալսարանում, իսկ նախորդ տասնամյակի ընթացքում համալսարանի մամուլի խոսնակն էր։ 2021 թվականին նա այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը. նրան ազատում են աշխատանքից։ Պատճառը նրա հրապարակած երգիծական պամֆլետն էր, որտեղ նա բարձրացրել էր համալսարանի վատ կառավարման հարցը՝ դրա պատասխանատուն համարելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին։ Վեճ է ծագում աշխատանքից ազատվելուց հետո նրան հասանելիք վերջին փոխհատուցման գումարի մնացորդի վճարման շուրջ։ Պարզվում է, որ հարկային մի փոքր վճարում չի կատարվել. ընդ որում՝ խոսքը պարզապես տեխնիկական սխալի մասին էր։ Այդ տարաձայնությունը համալսարանը վերածում է մեծ սկանդալի, իսկ հրապարակախոսը՝ պատվի հարցի։ Սկսվում է դատական գործընթացների մի շարք, որոնք մինչ օրս շարունակվում են։



Նույն թվականին Գևորգ Էմին-Տերյանը հիմնում է Oragir.News առցանց լրատվամիջոցը, որի հրապարակումներին բնորոշ է երգիծական ոճը: Այն հրապարակում է ծաղրանկարիչ Զավեն Օհանյանի սուր ու համարձակ ծաղրանկարները՝ միաժամանակ առցանց հարցազրույցներ վարելով հանրային դեմքերի հետ՝ արդիական թեմաների շուրջ։ Նրա լսարանն աճում է։ Հեգնանքը բոլորի սրտով չէ։ Հրապարակումները դառնում են վնասի հատուցման հայցերի առիթ, իսկ այդ հայցերը՝ դատական հետապնդումների պատճառ։ Հինգ տարի անց Գևորգ Էմին-Տերյանն արդեն ավելի քան քառասուն դատական գործընթացի մասնակից է դարձել՝ իր հոդվածների և սոցիալական ցանցերում կատարած գրառումների պատճառով։ Սա ռեկորդային թիվ է։ Այդ դատական գործերից նա շահել է միայն մեկը։ Ի՞նչ մեղադրանքներ են նրան ներկայացնում իշխանությունները։

Թեև դժվար է ըստ էության գնահատել հանրային ֆինանսների կառավարմանը, պայմանագրերի օրինականությանը կամ նախարարների, ընտրված պաշտոնյաների և գործարար շրջանակների միջև ենթադրյալ պայմանավորվածություններին վերաբերող յուրաքանչյուր վիճահարույց հրապարակման հիմնավորվածությունը, այնուամենայնիվ, որոշ մեղադրանքների անհիմն լինելը հեշտ է նկատել։ Արայիկ Հարությունյանին դդմի տեսքով, իսկ Տիգրան Ավինյանին՝ այաթոլլայի կերպարանքով ներկայացնող ծաղրանկարներ, Ալեն Սիմոնյանի՝ իրեն քննադատողների վրա թքելու դրվագների հրապարակային քննադատություն (միանգամայն տհաճ և միաժամանակ հանրային դարձած միջադեպեր), ինչպես նաև Սրբուհի Գալյանի ընտանիքին վերաբերող դատական որոշման հիշատակում. այս բոլոր դեպքերի առնչությամբ բողոքատուները դիմում են դատարաններ։ Դատարան են դիմում կրթության նախկին նախարարը, այն ժամանակվա կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը, Երևանի քաղաքապետը, նախորդ Ազգային ժողովի նախագահը և նույնիսկ արդարադատության նախարարը՝ Oragir.News-ից և նրա գլխավոր խմբագրից պահանջելով դրամական փոխհատուցում իրենց հեղինակությանը ենթադրաբար հասցված վնասի համար։ Գևորգ Էմին-Տերյանի առաջին երկու փաստաբանները ստիպված են լինում հրաժարվել գործից, քանի որ նրանց փաստաբանական գրասենյակը ծանրաբեռնված էր «Oragir-ի դեմ պաշտոնական» դատական գործընթացներով։

«Սա վերջ չունի։ Ես թիրախ եմ դարձել։ Այն ամենը, ինչ գրում եմ Oragir.News-ի կայքում, և այն ամենը, ինչ տեղադրում եմ Instagram-ում կամ Facebook-ում, մանրակրկիտ ուսումնասիրվում է և հանգեցնում անհամաչափ մեղադրանքների։ Բավական է միայն ասել, որ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, և ինձ սկսում են հետապնդել ամեն առիթով։ Դատարանները յուրաքանչյուր նախադասության հնարավոր ամենավիրավորական մեկնաբանությունն են ընտրում՝ առանց պատասխանելու իրավունքի հնարավորությունն ընձեռելու։ Մի խոսքով, մեզ չեն արգելում արտահայտվել, բայց հենց որ կառավարության անդամներից որևէ մեկին քննադատող հրապարակում ենք անում, նույնիսկ եթե ճշմարտությունն ենք գրում, դա որակվում է որպես իրավախախտում, հանգեցնում դատական գործընթացի և վերածվում ֆինանսական բեռի։ Այս գործընթացները մեզ հյուծում և սնանկացնում են»,- ասում է Էմին-Տերյանը։

Քառասունից ավելի դատական գործերի թիրախ դարձած լրագրողը

Նրա խմբագրական գործունեությունը չի սահմանափակվում միայն սուր արձագանքներ առաջացնող թեմաներով։ Նրա ազգանունը կապված է գրական և հասարակական կյանքում իր ակտիվությամբ հայտնի մի տոհմի հետ, որը հայկական մշակութային ժառանգության մասն է կազմում։ Նրա պապը՝ Գևորգ Էմինը, էսսեիստ էր և բանաստեղծ։ Իսկ նրա նախապապը՝ բանաստեղծ Վահան Տերյանը, ուսումնասիրվում է դպրոցական ծրագրերում։ Բոլշևիկյան ժամանակաշրջանում նա Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի անդամ էր և հավաքագրում էր Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբերի վկայությունները, որոնք 2016 թվականին հրատարակեց նրա ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը։

Սուր հումորով, կատակասեր և բանավեճերի սիրահար՝ 44-ամյա Գևորգ Էմին-Տերյանը հայտնի է հենց այս ոճով։ Oragir.News-ը շարունակում է երբեմնի ծաղկուն մի գրական ավանդույթի՝ քաղաքական երգիծանքի ավանդույթը, որը Հայաստանում կարծես անհետացել էր դեռևս 20-րդ դարում։ Պարոդիան՝ ծաղրանմանակումը, խախտում է ընդունված պատկերացումները, բացահայտում խնդիրները և ծիծաղ առաջացնում՝ դիպուկ հարված հասցնելով թիրախին։ 2026 թվականի մայիսին Oragir.News-ը նշում է իր հիմնադրման հինգերորդ տարեդարձը։ Գևորգ Էմին-Տերյանը Facebook-ում պատասխանում է շնորհավորական ուղերձներին. «Կարծում էի՝ Հայաստանում բոլորին եմ վիրավորել, բայց պարզվում է՝ դեռ շատերն են հետևում մեզ»։

Նա նաև ընդգծում է. «Oragir.News-ը որևէ առնչություն չունի Փաշինյանին տապալելու նպատակ հետապնդող ռուսական «ծրագրի» հետ։ Oragir.News-ը որևէ դրամաշնորհ չի ստանում արևմտյան կամ ռուսական հիմնադրամներից»։

Ո՞րն է Oragir.News-ի ազդեցությունը։

«Մեր առցանց լսարանը մեծաթիվ է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Տեսնենք մեր այցելությունների վիճակագրությունը. տարբեր էջերի ցուցանիշներով՝ այսօր դիտումների թիվը հասնում է 341 000-ի, իսկ որոշ էջերում՝ 350 000-ի։ Բացի այդ, Facebook-ում ունենք 185 000 հետևորդ, իսկ Instagram-ում՝ 80 000։ Անցած տարվա մայիս-հունիս ամիսներին՝ ընտրական շրջանում, օրական գրանցվում էր մինչև 1 510 000 դիտում։ Քվեարկության օրը դրանց թիվը հասել է 2 515 949-ի»։

«Խոսքի և մամուլի ազատությունները կենսական նշանակություն ունեն։ Դրանք նպաստում են երկրի զարգացմանը, և Հայաստանը չի կարող դրանցից զրկվել։ Համաձայն եմ, որ Փաշինյանի օրոք մամուլն ավելի ազատ է. այլևս ֆիզիկական բռնություններ և մահվան սպառնալիքներ չկան։ Սակայն թաքնված բնույթի սպառնալիքներն ազդում են մեդիայի կենսունակության և հանրային բանավեճի վրա, երբ դատական հետապնդումները դարձել են սովորական երևույթ, իսկ մեր ֆինանսական վիճակը՝ խիստ խոցելի։ Իրապես անկախ լրատվամիջոցները քիչ են։ Նրանք պետք է հնարավորություն ունենան գոյատևելու»։

Գևորգ Էմին-Տերյանը մի՞թե փոքր-ինչ կամակոր չէ։ Վտանգի՞ չի ենթարկում իրեն։ Մեդիադաշտը իսկական մարտադաշտի՞ է վերածում։ Ի՞նչ գին ունի «քննադատելու ազատությունը» ամենօրյա կյանքում։ «Պատահել է, որ զսպել եմ որոշ երգիծական հոդվածներ գրելու ցանկությունս, երբեմն էլ ձեռնպահ եմ մնացել նորից ռիսկի դիմելուց, նույնիսկ երբ հերթական անհեթեթ մեղադրանքն ինձ հակառակին է դրդել։ Սահմանվող տուգանքները կազմում են 200 000, 400 000 կամ մինչև 500 000 դրամ (մոտավորապես 500, 1 000 և 1 250 եվրո)՝ յուրաքանչյուր դատավճռի դեպքում՝ անկախ նրանից՝ խոսքը Տիգրան Ավինյանի՞, թե՞ Ալեն Սիմոնյանի մասին է։

Սակայն մեզ վրա դրված փաստաբանական ծախսերը շատ ավելի մեծ են։ Իսկ պաշտոնյաներն ունեն իրենց տրամադրության տակ գտնվող իրավաբանական ծառայություններ։ Սա անհավասար պայմաններ է ստեղծում։ Բացի այդ, մեղադրանքի գործի նյութերը և ենթադրյալ իրավախախտումների մանրամասները մեզ են ներկայացնում ուշացումով՝ դատական նիստի օրվանից կարճ ժամանակ առաջ, ինչի հետևանքով մեր պաշտպանությունը նախապատրաստելու համար շատ քիչ ժամանակ է մնում։ Ես կարևորում եմ դատական նիստերին անձամբ ներկա գտնվելը։ Երբեմն ինքս էլ դիմում եմ դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով, երբ կասկածի տակ են դրվում իմ ազնվությունն ու բարի համբավը»։

Տոնածառի գործը

Տոնածառի հետ կապված միջադեպը ասվածի վառ օրինակներից է։ Իրադարձությունների նախապատմությունը հետևյալն է․ Արցախում անկլավի շրջափակումը նոր էր սկսվել, իսկ Լաչինի միջանցքը փակ էր։ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղադրվում է հսկայական տոնածառ՝ տարեվերջյան տոները նշելու համար։ Լուսային և երաժշտական շոուն կարծես անտեղի տոնական տրամադրություն է հաղորդում այն մարդկանց, ովքեր մտահոգված են, թե արդյոք տոնական այդ ծառը չի՞ շեղում ուշադրությունը Ստեփանակերտին սպառնացող բազմաթիվ վտանգներից։ Իր անձնական ֆեյսբուքյան էջում, որն ունի 10 000 հետևորդ, Գևորգ Էմին-Տերյանը կարճ գրառմամբ եզրափակում է իր միտքը հետևյալ կերպ. «Ի նշան բողոքի՝ պետք է վառել տոնածառը»։ Ոստիկանությունը նրան հրավիրում է հարցաքննության։ Որո՞նք են նրա մտադրությունները, քաղաքական կապերը։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում՝ «բռնության հրահրման» կասկածանքով։ Բացի այդ, նրա նկատմամբ կիրառվում է երկրից դուրս գալու արգելք։ Խոսքի ամբիոնից՝ դատարանի դահլիճ։ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հրապարակում է հայտարարություն՝ միության նախագահ Սաթենիկ Սեյրանյանի գլխավորությամբ. «Հայաստանի ժուռնալիստների միությունը խորին անհանգստություն և վրդովմունք է հայտնում այս ողբերգական ժամանակներում ընդդիմադիր լրագրողների նկատմամբ քաղաքական հետապնդումների նոր ալիքի առնչությամբ։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ ադրբեջանցի էկոսադրիչները փակված են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Օրեր առաջ տեղեկացանք, որ Oragir.News լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ «Ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագմամբ, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։ Քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառումը, այն է՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Կասկածից վեր է, որ «տոնածառը» ո՛չ անձ է, ո՛չ անձանց խումբ և ո՛չ էլ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագում ունեցող:



Իրավական անհեթեթություն

«Գրառումս հրապարակվելուն պես ոստիկանության ուժերը շրջապատեցին տոնածառը։ Դատական համակարգն էլ զբաղվեց այդ հարցով. տոնածառի իրավունքներն այսուհետ պաշտպանված կլինեն։ Սա իրավական անհեթեթության վառ օրինակ է»,– մեկնաբանում է Գևորգ Էմին-Տերյանը։ Հանգուցալուծումը հետևյալն էր. 2023 թվականի հուլիսին, երբ քննիչներն արդեն ներկայացրել էին իրենց եզրակացությունները, դատախազությունը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասին։ Այսպիսով, կարճվում է նաև ենթադրյալ իրավախախտման գործը, որի համար նախատեսված էր 1-ից 4 տարի ազատազրկում։ Այն վարկածը, թե հումորով արված մի պարզ հորդոր կարող էր զայրույթի ալիք բարձրացնել, այնքան էլ համոզիչ չէ։ Որևէ սպառնալիք չի արձանագրվել։ Հեղինակի հազարավոր հետևորդների շրջանում որևէ խռովարար խումբ չի ձևավորվել, որը պատժիչ գործողություն ձեռնարկեր արհեստական տոնածառի դեմ։ Իսկ դրա աստղը մինչև 2023 թվականի հունվար շարունակում էր փայլել Երևանի կենտրոնում՝ առանց անվտանգության նկատառումներով երեխաներին այնտեղից հեռացնելու անհրաժեշտության։ Թվում է՝ ընթերցողները բավական հեշտությամբ տարբերում են փոխաբերական խոսքը բռնության կոչերից։ Գևորգ Էմին-Տերյանի դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կարելի է ամեն ինչի վրա ծիծաղել, «բայց ոչ բոլորի հետ»։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս