Ներքին 1 ժամ առաջ - 22:45 14-11-2026

Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի պետական բուժհաստատություններում ղեկավար պաշտոնների բաշխումը կարծես վաղուց արդեն միայն առողջապահական համակարգի արդյունավետ կառավարման հարց չէ։

Վերջին տարիներին քաղաքում գործող պոլիկլինիկաների տնօրենների և փոխտնօրենների պաշտոններում հայտնվում են ՔՊ-ի հետ քաղաքական կամ կուսակցական կապեր ունեցող անձինք, որոնցից մի քանիսը բժշկության հետ մասնագիտական առնչություն չունեն։ Ստացվում է՝ բուժհիմնարկների կառավարման համակարգում բժշկական կրթությունը ոչ միշտ է առաջնային պայման, փոխարենը կարևոր է ՔՊ-ի կադրային շրջանակում լինելը։

Գործող նշանակումների համադրությունը տպավորություն է ստեղծում, որ իշխանական թիմի համար կարևորվում է ոչ միայն քաղաքական թիմակիցներին պաշտոններով ապահովելը, այլև նրանցից որևէ մեկին անգործ չթողնելը։ Իսկ դրա համար նույնիսկ առողջապահական համակարգում նոր հաստիքներ են առաջանում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի ընկերուհին՝ Լիլիթ Մուրադյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ նշանակվել է Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն։



Մուրադյանը մինչ այս նշանակումը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրիի քաղաքապետարանում և Շիրակի մարզպետի աշխատակազմում։ 2021 թվականին եղել է Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնականը։ Մարզպետների փոփոխությունից հետո փոխվել է նաև նրա պաշտոնը․ Մուրադյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը։

Նրա մասնագիտական կենսագրությունը հիմնականում կապված է լրատվամիջոցների և հաղորդակցությունների ոլորտի հետ։ 2008-2011 թվականներին եղել է «Ռադիո Հայ Գյումրի»-ի ծրագրերի բաժնի ղեկավար, 2011-2015 թվականներին՝ նույն ռադիոկայանի լրատվական ծրագրերի պատասխանատու։

Աշխատել է նաև «Ցայգ» հեռուստաընկերությունում՝ որպես հոգևոր հաղորդման խմբագիր և հաղորդավար, խմբագիր, լրատվական ծրագրերի պատասխանատու ու համակարգող, ինչպես նաև հեղինակային հաղորդման մեկնաբան։

2020-2021 թվականներին եղել է «Սթայլ մեդիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, իսկ 2021 թվականի փետրվարից աշխատել է Շիրակի մարզպետի աշխատակազմում։ Նույն թվականի նոյեմբերից Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Այսպիսով՝ լրագրողական և վարչական աշխատանքի փորձ ունեցող Մուրադյանը ստանձնել է պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը։

Հարց է առաջանում՝ առողջապահական հիմնարկի ղեկավարի ընտրության ժամանակ ի՞նչ մասնագիտական չափանիշներ են առաջնային համարվել։ Վերջին 2-3 տարիներին Գյումրիի պետական բուժհաստատություններում առանցքային պաշտոնների նշանակումների ժամանակ նկատելի է ՔՊ-ի հետ կապ ունեցող անձանց ներգրավվածությունը։

Ավելին՝ վերջին մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզպետի որոշումներով պոլիկլինիկաներում ստեղծվել են փոխտնօրենի հաստիքներ։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ կերպ թեթևացվում է բուժհիմնարկների տնօրենների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի տրամադրած տեղեկության՝ պոլիկլինիկայի փոխտնօրենի ամսական աշխատավարձը 330 հազար դրամ է։

Այսինքն՝ խոսքը ոչ թե ձևական կամ հասարակական աշխատանքի, այլ պետական միջոցներից վարձատրվող բավականին պատասխանատու պաշտոնների մասին է։ Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը Խաչիկ Գալստյանն է, ով մասնագիտությամբ վիրաբույժ է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ մինչ այդ աշխատել է «Գյումրի» բժշկական կենտրոնում։

Պոլիկլինիկայի փոխտնօրենը Լիլիթ Մուրադյանն է։Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենը Վահագն Մկրտչյանն է՝ Նիկոլ Փաշինյանի նախկին կնոջ մորաքրոջ թոռը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2025 թվականի նոյեմբերին։

Փոխտնօրենը Սիրանույշ Ղուկասյանն է, ով մինչև Մկրտչյանի նշանակումը ղեկավարել է նույն պոլիկլինիկան՝ զբաղեցնելով տնօրենի պաշտոնը։ Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենը Սուսան Պետրոսյանն է, որը հին կադրերից է և շարունակում է պաշտոնավարել։ Սակայն բուժհաստատության փոխտնօրենի պաշտոնում նշանակվել է մասնագիտությամբ տնտեսագետ, ՔՊ-ական Կարեն Խաչատրյանը։

Վերջինս կուսակցության ակտիվ ներկայացուցիչներից է։ Փաստորեն, ընտանեկան բժշկության կենտրոնի ղեկավար կազմի կազմում հայտնվել է տնտեսագիտական կրթությամբ և կուսակցական ակտիվությամբ աչքի ընկնող անձ։ Էնրիկո Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենը ՔՊ-ական Արթուր Մանուկյանն է, որը մինչ այդ զբաղեցրել է Շտապօգնության բաժանմունքի տնօրենի պաշտոնը։ Այս բուժհաստատության ղեկավարի պաշտոնում նա նշանակվել է 2023 թվականին։

Փոխտնօրենը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Բեգզադյանն է։ Այսպիսով՝ նույն բուժհաստատության ղեկավար կազմի երկու առանցքային պաշտոններում հայտնվել են իշխանական թիմի ներկայացուցիչներ։

«Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը ՔՊ-ական Դավիթ Դավոյանն է, մասնագիտությամբ բժիշկ Դավոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունիսից։ Նրա տեղակալը ՔՊ-ական Էմմա Բարսեղյանն է, որը մասնագիտությամբ տնտեսագետ է և Գյումրիի ավագանու գործող անդամ։ Այս դեպքում ևս բուժհաստատության ղեկավար կազմի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում է ոչ բժշկական մասնագիտություն ունեցող իշխանական թիմի ներկայացուցիչ։

Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրենը ՔՊ-ական ավագանու անդամ, մասնագիտությամբ ատամնաբույժ Աստղիկ Բեյբությանն է։ Պոլիկլինիկայի փոխտնօրենը ՔՊ-ական Սուրեն Փահլևանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Սարիկ Մինասյանի ընկերը։

Եթե փոխտնօրենի հաստիքի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորվում է տնօրենների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հանգամանքով, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչո՞ւ են այդ պաշտոնների համար ընտրվում կուսակցական ակտիվությամբ հայտնի անձինք, ինչ մասնագիտական պահանջներ են սահմանված, ինչ չափանիշներով են ընտրվել թեկնածուները, և ինչ կոնկրետ գործառույթներ են իրականացնում նրանք։

330 հազար դրամ ամսական աշխատավարձով նոր պաշտոններ ստեղծելը ինքնին դեռևս չի նշանակում, որ բուժօգնության որակը բարելավվում է։

Առավել ևս, երբ այդ պաշտոններում նշանակված անձանցից մի քանիսը բժշկական կրթություն չունեն։

Տպավորությունն այնպիսին է, որ Գյումրիի առողջապահական համակարգը վերածվում է նաև ՔՊ-ի կադրային ռեսուրսը տեղավորելու հարթակի։ Թվում է՝ իշխանական թիմի ներսում կա մի չգրված պայման՝ ՔՊ-ականներից ոչ մեկը չպետք է անգործ մնա, իսկ դրա համար նույնիսկ պոլիկլինիկաներում կարելի է նոր հաստիքներ նախատեսել։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված