Ուղիղ եթեր
Ներքին 18 րոպե առաջ - 22:05 14-11-2026

Էս 9 ընտանիքին անտեսել են․ նիուժելի մի շենք չկարողացան կառուցել, որ էս մարդկանց խնդիրները լուծեին. վթարային շենքի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքում բնակվող 9 ընտանիքների բնակարանային խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված։

Չնայած տարբեր տարիներին պետական և համայնքային պաշտոնյաների այցելություններին, քննարկումներին, խոստումներին ու բնակապահովման տարբերակների առաջարկներին՝ մարդիկ շարունակում են սպասել իրենց խնդրի վերջնական լուծմանը։

Շենքի բնակիչ Իրինա Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում դժգոհություն է հայտնել, որ այս տարիների ընթացքում այդ 9 ընտանիքների հարցն այդպես էլ պատշաճ ուշադրության չի արժանացել։ «Էս 9 ընտանիքին անտեսել են։ Նիուժելի մի շենք չկարողացան կառուցել, որ էս մարդկանց խնդիրները լուծեին»,– ասում է Իրինա Սարգսյանը։

Շենքն ունի երրորդ աստիճանի վթարայնություն՝ պատասխանատվության չորրորդ կարգով։ Տարիներ շարունակ այնտեղ բնակվելու պայմաններն աստիճանաբար վատթարացել են, իսկ շինության առանձին հատվածներում փլուզումներ են արձանագրվել։ Անտառավան 26 շենքի խնդիրը հատկապես սրվեց 2019 թվականին, երբ հերթական փլուզումից հետո մասնագետները ուսումնասիրություն իրականացրին։

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների եզրակացությամբ՝ շենքը հնարավոր էր ամրացնել, սակայն դրա համար նախ անհրաժեշտ էր ապամոնտաժել ամենավթարային հատվածները՝ ամբողջությամբ հինգերորդ հարկն ու պատշգամբները։

Մասնագետները նաև արձանագրել էին, որ քարաթափումները շարունակվում են, հատկապես տեղումների և ուժեղ քամիների ժամանակ։ Չնայած շենքի վտանգավոր վիճակին՝ այնտեղ բնակվող ընտանիքների տարհանման որոշում չէր կայացվել։

Տարիների ընթացքում բնակիչները դիմել են տարբեր կառույցների՝ մարզպետարան, քաղաքապետարան, բարձրաձայնել իրենց խնդիրը, սակայն սպասված լուծումը չի եղել։ 2021 թվականին, երբ Գյումրիում վթարային շենքերի հարցը կրկին օրակարգում էր, հայտարարվեց, որ Անտառավան 26-ի բնակիչների բնակարանային խնդիրը պետք է լուծվի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով։

Այն ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հույս էր հայտնել, որ խնդրի լուծումը հնարավոր կլինի։ 2023 թվականի մարտին շրջանառության մեջ դրվեց բնակապահովման մեկ այլ տարբերակ։

Մասնավորապես՝ առաջարկվում էր Մսի կոմբինատի թաղամասում գտնվող Բարձրավոլտ էլեկտրացանցերի ենթակայության կիսակառույց շենքը վերակառուցել։ «Փարոս» հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել վերանորոգել շենքը, իսկ վերակառուցումից հետո 4-5 բնակարան հանձնել համայնքին՝ Անտառավան 26-ի բնակիչներին տրամադրելու նպատակով։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության այն ժամանակվա պետ Խաչատուր Խնձրցյանը հայտնել էր, որ այդ տարբերակով հնարավոր կլինի բնակարանով ապահովել 9 ընտանիքներից 4-ին կամ 5-ին։ Մյուս ընտանիքների հարցը պետք է լուծվեր բնակարանների գնման վկայագրերի միջոցով։ Սակայն ծրագրի իրականացման ժամկետները կախված էին ֆինանսական միջոցների առկայությունից։

Նույն թվականի օգոստոսին Oragir.News-ն անդրադարձել էր շենքի բնակիչների ծանր պայմաններին։

2024 թվականի հունվարին խնդիրը կրկին բարձրաձայնվեց։ Այդ ժամանակ էլ բնակիչները նշում էին, որ իրենց ընտանիքները տասնամյակներ շարունակ սպասել են շենքի ամրացման ծրագրերին, սակայն փոխարենը հայտնվել են փլուզված հինգերորդ հարկով ու վնասված պատշգամբներով շինությունում։

Ջուրը բնակիչները դրսից էին բերում, իսկ տները կոյուղատար ցանցին միացված չէին։ Շենքը չէր սպասարկվում նաև համատիրության և ջրամատակարար ընկերության կողմից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ 2023 թվականին շենքում փաստացի բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով իրավական ակտի նախագիծ է մշակվել, սակայն քննարկումներից հետո որոշվել է հարցին վերադառնալ պետական քաղաքականության մոտեցումները հստակեցնելուց հետո։

Տարիների ընթացքում քննարկվել են թե՛ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը, թե՛ կիսակառույց շենքի վերակառուցմամբ մի քանի ընտանիքի բնակարանով ապահովելու տարբերակը։ Սակայն 9 ընտանիքների համար խնդրի վերջնական լուծման հարցը շարունակում է մնալ օրակարգում։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան