Օրակարգ 10 րոպե առաջ - 22:30 16-11-2026

Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Հաղորդաշարի շրջանակում Մանուկ Սուքիասյանի հետ զրուցել ենք երկրում և մայրաքաղաքում ստեղծված խորքային համակարգային ճգնաժամի, կառավարման ոչ արդյունավետ մեթոդների, տնտեսական արհեստական աճի և քաղաքային իշխանությունների գործելաոճի մասին։

Բանախոսը խիստ գնահատականներ է տվել գործող վարչակարգի վարքագծին՝ ընդգծելով, որ երկիրը կառավարվում է ֆորս-մաժորային ռեժիմով, որտեղ իշխանությունները պարբերաբար պատրաստ են կատարել թշնամաբար տրամադրված պետությունների արտաքին պահանջներն ու երկրում քաոս ստեղծել։

Նրա խոսքով՝ խնդիր առաջանալիս նրանք կա՛մ մեղադրում են նախկիններին, կա՛մ սկսում են բողոքել հենց այն խնդիրներից, որոնց լուծման համար պաշտոններ են զբաղեցնում, ինչը աբսուրդ է։

Այս իրավիճակում իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու մարզերի համաչափ զարգացմամբ կամ ներդրումներ ներգրավելով, քանի որ նրանց իրական զբաղմունքը ֆուրշետներն են, շրջագայությունները, ֆոտոսեսիաները, ուղիղ եթերներն ու ներքին ինտրիգները։

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային և ենթակառուցվածքային կոլապսին ու շինարարական ծավալներին՝ Սուքիասյանը շեշտել է, որ խնդիրը միայն քաղաքապետի վարքագծի մեջ չէ, այլ ուղղակիորեն կապված է կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ։

«Սա նաև սերտորեն կապված է այն տնտեսական աճի փուչիկի հետ, որ փաշինյանական կառավարությունն է իրականացնում։ Այսինքն՝ սա կառավարությունից եկող վարքագիծ է: Եթե ընդամենը շինարարության փուչիկն է ապահովելու տնտեսական աճ, դրա արդյունքում Երևանը կանգնում է կոլապսի առաջ»,- նշել է Սուքիասյանը:

Խոսելով իշխանությունների անպատժելիության, քաղաքացիների առօրյա խնդիրների և երկրի ապագայի մասին՝ Մանուկ Սուքիասյանը նկատել է, որ կառավարող ուժն արդեն փորձում է շրջանցել անգամ դատարանի որոշումները, քանի որ առաջնորդվում է միայն ժամանակավոր պաշտոնավարման հաշվարկներով։ Այս ամենի հետևանքով քաղաքացիներն ամեն օր տուժում են գերծանրաբեռնված տրանսպորտում և սառչում կանգառներում։

Ամփոփելով իր խոսքը՝ բանախոսը շեշտել է. «Եթե իրավապահները կախված չլինեին իշխանությունից, վաղուց կբախվեինք կոռուպցիոն սկանդալների հետ, և դա կլիներ զսպաշապիկ։ Մեր երկրի փրկությունը պետք է տեսնել իշխանափոխության մեջ։ Գլոբալ իշխանափոխություն է լինելու»։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Միլենա Դանիելյան