Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 17-ի ամփոփ լուրերը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կտրուկ արձագանքել է քաղաքական գործընթացներից իրեն մեկուսացնելու և նոր Սահմանադրություն ընդունելու իշխանական օրակարգին։ Լրագրողի հարցին, թե արդյոք իրեն մեկուսացրել են, որպեսզի կարողանան անցկացնել նոր Սահմանադրությունը, Կարապետյանը պատասխանել է. «Բարով իզոլացնեն»: Անդրադառնալով Հայաստանում քննարկվող Սահմանադրության փոփոխության հարցին՝ կուսակցության ղեկավարը վստահեցրել է, որ այն չի փոխվելու։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք թույլ չեն տալու դա անել, Կարապետյանը միանշանակ պատասխանել է. «Ոչ»:
Երևանի տրանսպորտային խցանումների թեման իշխանական թևում ստացել է հակասական դրսևորում։ Աննա Հակոբյանը հանդես է եկել կոչով՝ հորդորելով կանանց և տղամարդկանց այլևս չհանդուրժել խցանումները, դժգոհությունը չսահմանափակել տան պատերի ներսում և բարձրաձայնել այնպես, որ պատասխանատուները լսեն ու աշխատեցնեն ուղեղները։
Նույն օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է խցանումների դեմ պայքարի իր պատկերացումները, որոնք հիմնականում հանգում են վարորդների համար նոր սահմանափակումներին և ֆինանսական բեռի ավելացմանը։ Հայտարարելով, որ քաղաքում մեքենաների քանակն աննորմալ է, Ավինյանը նշել է, որ քննարկվում են վարչական շրջաններ մուտք գործելու համար Եվրո ստանդարտների, կենտ և զույգ համարանիշների սահմանափակումների, ինչպես նաև հատուկ տուրքի ներդրման տարբերակները։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման շուրջ դժգոհությունները չեն դադարում, սակայն իրավական կարգավորումները հուշում են, որ գործընթացը լուրջ վտանգներ է պարունակում հենց մանկավարժների համար։ Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեից Արմինե Դավթյանը զգուշացնում է՝ բողոքելով համակարգից, բայց շարունակելով դիմել դրան, ուսուցիչներն իրենք են նպաստում այդ պայմանների պահպանմանը։ Խնդիրն այն է, որ կամավոր սկսված գործընթացն առաջին անհաջող փորձից հետո դառնում է պարտադիր։ Ըստ օրենքի՝ շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում պարտավոր է վերապատրաստվել և կրկին ատեստավորվել, իսկ երկրորդ ձախողումը հանգեցնում է աշխատանքային պայմանագրի լուծման։ Մինչդեռ գործընթացին ընդհանրապես չդիմելը ազատման հիմք չէ։ Դավթյանն ընդգծում է, որ նախորդ տարի իր կոչերին՝ խախտումները դատարանում վիճարկելու վերաբերյալ, որևէ ուսուցիչ գործնականում չի արձագանքել, և առանց միասնական պայքարի համակարգը չի փոխվի։
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ ունենալ հենց այսօր։ Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ որևէ խոչընդոտ չի տեսնում գործընթացն օր առաջ ավարտին հասցնելու համար, իսկ հետագա քայլերն արդեն Անկարայի տիրույթում են։ Ըստ Ռուբինյանի՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցման երկու կողմերի անցակետերն արդեն վերականգնված են և պատրաստ են գործարկման։ ԱԺ նախագահը նաև հայտնել է, որ իր վերջին տեղեկություններով՝ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթգծի՝ իր տարածքով անցնող հատվածի վերանորոգման աշխատանքները մինչև Հայաստանի սահման, իսկ կարգավորման շուրջ քննարկումները շարունակվում են արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։
ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում՝ Իրանի մերձակայքում, տեղակայված մարտական նավերի թիվը հասցրել են ավելի քան 20-ի։ Ըստ ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության՝ ռազմական ներկայության կտրուկ ընդլայնումը պայմանավորված է տարածաշրջան երրորդ ավիակիր հարվածային խմբի ժամանմամբ։ Արաբական ծովում ներկայում տեղակայված են միանգամից երեք ամերիկյան ավիակիրներ՝ «Ջորջ Վաշինգտոն», «Ջորջ Բուշ» և «Թեոդոր Ռուզվելտ», որոնցից յուրաքանչյուրն զինված է 48 մարտական կործանիչով։ Բացի այդ, տարածաշրջանում են գտնվում նաև հրթիռային էսկադրային ականակիրներ, հածանավեր և այլ ռազմական նավեր, իսկ լրացուցիչ ուժեր են տեղակայված նաև Կարմիր ու Միջերկրական ծովերում և Հնդկական օվկիանոսում։
Տեսանյութ: