Արցախից տեղահանվածների համար բնակարանային ապահովումն այն հիմնական կապող օղակն է, որը կարող է նրանց պահել Հայաստանի Հանրապետությունում՝ ապահովելով անվտանգություն և սերունդների շարունակություն։ Այս մասին մեզ հետ զրույցում ընդգծում է արցախցի հասարակական գործիչ, «Նախնյաց հետքերով» ՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Սայիդա Պողոսյանը՝ մանրամասն անդրադառնալով պետական բնակարանային ծրագրի բացթողումներին և իրենց կողմից առաջարկված այլընտրանքային լուծումներին։
Սայիդա Պողոսյանի ներկայացրած տվյալներով՝ թեև տրամադրվել է ավելի քան 20 000 բնակարանային սերտիֆիկատ, սակայն լիարժեք իրացվել է դրանցից ընդամենը մոտ 3 500-ը (ևս 8 000-ը գտնվում է գործընթացի մեջ)։ Այս ցածր ցուցանիշն ակնհայտորեն վկայում է, որ ծրագրի պայմանները չեն համապատասխանում անշարժ գույքի շուկայի իրականությանը։
Արցախցի գործիչը մատնանշում է խնդրի մի քանի հիմնական պատճառ.
Անելանելի իրավիճակում հայտնվել են 1-3 հոգանոց ընտանիքներն ու միայնակ տարեցները, քանի որ մեկ անձի համար նախատեսված 4 միլիոն դրամով շուկայում պարզապես անհնար է բնակարան ձեռք բերել։
Բնակարանային շուկայում արձանագրվում է գների արհեստական ուռճացում (օրինակ՝ 20 միլիոն դրամ արժողությամբ տունը վաճառվում է 30 միլիոնով)։ Պողոսյանի համոզմամբ՝ պետությունը պարտավոր է վերահսկել շուկան և թույլ չտալ նման չարաշահումներ։
Երկրորդային շուկան չափազանց թանկ է, իսկ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հնարավորություն տեղահանվածներին չի տրվել։ Միևնույն ժամանակ, իշխանությունները չընդունեցին 1-4 հոգանոց ընտանիքների համար սոցիալական բնակարաններ ստեղծելու առաջարկը, որոնք բնակիչների մահից կամ Արցախ վերադառնալուց հետո կմնային պետության տնօրինության տակ։
Բնակարան ձեռք բերելու ճանապարհին լուրջ խոչընդոտ են նաև բանկային պայմանները։ Ըստ Սայիդա Պողոսյանի՝ բանկերը մերժում են լրացուցիչ վարկավորումը՝ պատճառաբանելով քաղաքացիների ցածր եկամուտները կամ նախկին վարկային պատմությունը։ Թեև վարկային պատմությունները մաքրելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեցին, առանց կայուն և բարձր եկամտի բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել։
Բացի այդ, ծրագրում անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել մի շարք դեպքերի նկատմամբ։ Մասնավորապես, խնդրահարույց են 10-15 տարվա պարտադիր բնակության պայմանը, ինչպես նաև Քաշաթաղի և Բերձորի բնակիչներին տրված անհամաչափ փոքր սերտիֆիկատները (երբ, օրինակ, 10 հոգանոց ընտանիքին տրամադրվում է ընդամենը 1 միլիոն դրամանոց սերտիֆիկատ)։
«Բնակարանն ու աշխատանքը փոխկապակցված են։ Արարատի մարզում արցախցիները սկսել էին աշխատել գործարարների մոտ, սակայն նրանց փոխարինեցին օտարերկրացի՝ հնդիկ աշխատողներով, ինչի պատճառով մոտ 300 արցախցի մնաց առանց աշխատանքի։ Արցախցին մեծ ռեսուրս է Հայաստանի Հանրապետության համար, որը պետք է ճիշտ օգտագործել»,- շեշտում է Սայիդա Պողոսյանը՝ հավելելով, որ արցախցին ցանկանում է իր ապագան տեսնել Հայաստանում, իսկ պետությունը պետք է իր վրա վերցնի անմիջական պատասխանատվություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան