Ներքին 1 ժամ առաջ - 13:35 21-11-2026

Մեզ ասում են՝ 50%-ն է կտրվել, մենք գիտենք՝ 80%-ը. դասվարները պատրաստվում են բողոքի մեծ ակցիայի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երեկ կամավոր ատեստավորման թեստերի անհամաչափ բարդությունից դժգոհ տասնյակ դասվարներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Ուսուցիչները ակնկալել են հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ներկայացնելու իրենց փաստարկները, սակայն, ինչպես փաստում են մասնակիցները, նախարարությունից ոչ ոք նրանց ներս չի հրավիրել։
Ակցիայի մանրամասների, պաշտոնյաների հետ տեղի ունեցած դրսի զրույցի և հետագա քայլերի մասին Oragir.News-ը զրուցել է ակցիային մասնակցած դասվարներից մեկի հետ։

Մեր զրուցակցի խոսքով՝ նախարարության շենքի դիմաց հավաքվել էին տասնակ դասվարներ, և նրանք գնալով ավելանում էին, սակայն տարածք են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, ինչից հետո հավաքվածները ցրվել են։ Ուսուցիչների համար հատկապես հիասթափեցնող է եղել գերատեսչության վերաբերմունքը։
«Կարելի է ասել՝ անիմաստ հասել ենք այնտեղ, որովհետև մենք մտածում էինք, որ գոնե մեկ-երկու հոգու ներս կհրավիրեն, որպեսզի մեր խնդիրները բարձրացնենք, նախարարի հետ գոնե հանդիպում կլինի»,- նշում է դասվարը։

Նախարարության շենքից դուրս են եկել վարչական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, որոնց հետ ուսուցիչները զրուցել են հենց դրսում։ Պաշտոնյաները պնդել են, որ թեստերում խնդիր չկա, և խոստացել են հարցերին անդրադառնալ հաջորդ շաբաթ։

«Ասում են՝ համապատասխանում է չափորոշիչներին, ամեն դեպքում մենք կքննարկենք ձեր հարցերը ու այս եկող շաբաթվա մեջ ձեզ պատասխան կտանք»,- փոխանցում է մեր զրուցակիցը։

Դրսում տեղի ունեցած քննարկման ընթացքում տարաձայնություն է առաջացել նաև շեմը չհաղթահարած դասվարների թվի վերաբերյալ։
«Մենք ասում ենք՝ այսքան մարդ են կտրվել, ասում է՝ չէ, 50%-ն է, որ չեն հաղթահարել։ Մենք ասում ենք՝ 80%, որովհետև մեր իմացածով՝ ահագին տեղեր, դե գիտեք էլի, դասվարների հավաքած խմբեր ունենք, այդպես քննարկելով գիտենք, որ 80% և ավելին չեն հաղթահարել, բայց ինքն ասում է՝ չէ, 50%-ն է»,- պատմում է ուսուցչուհին։

Բացի թվային անհամապատասխանությունից, դասվարները պաշտոնյաներին կրկին ներկայացրել են բովանդակային բողոքները. «Այդ հարցերի շուրջ խոսեցինք, որ ամեն մի խնդրի տակ նորից յոթ հատ ենթահարց է տրված, որի պատճառով ժամանակի մեջ չենք տեղավորվում։ Անցյալ տարի եղել է 40 հարց, այս տարի սարքել եք 60 հարց՝ նույն ժամանակի մեջ տեղավորվելն իրոք խնդիր է»։

Հաշվի առնելով, որ նախարարության արձագանքը չի բավարարել մանկավարժներին, իսկ հանդիպում նախարարի հետ այդպես էլ չի կայացել, դասվարները պատրաստվում են ավելի մասշտաբային բողոքի ակցիայի։

«Ավելի մեծ հավաք ենք ուզում անել ԿԳՄՍ-ի դիմաց նոյեմբերի 23-ին՝ 16:00-ին»,- եզրափակում է մեր զրուցակիցը։


Հասմիկ Մովսիսյան