Իրարամերժ հայտարարությունները ողջամիտ կասկած են հարուցում, որ դրանցից մեկը ճշմարիտ չէ։
«Մենք հաստատել ենք խաղաղություն, և, այո՛, մենք գնում ենք խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհով, և այդ ճանապարհին այսօր կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է»,- նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթի վերջում:
Սա ծանր մեղադրանք է։ Փաշինյանն ակնարկում է, որ ԱԺ ընդդիմությունը, խոչընդոտելով խաղաղության հաստատմանը, վատություն է անում ժողովրդին, պետությանը, տարածաշրջանին, աշխարհին։ Հետևապես՝ չարիք է, պատիժ։
Սրանից մի քանի րոպե առաջ Փաշինյանը նույն ելույթում անում է լրիվ այլ հայտարարություն. «Նրանց քաղաքական գործունեությունը մեծ բարերարություն է քաղաքական մեծամասնության համար, որովհետև այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է, և մենք ուրիշ առիթներով դրանում համոզվել էինք, իսկ էս երկու օրը՝ ընդհանրապես»:
Այս երկու բնորոշումներն ակնհայտ իրարամերժ են։ Եթե ընդդիմությունը խոչընդոտում է Փաշինյանի խաղաղության օրակարգին, նրա գերնպատակին, ապա չի կարող քաղաքական բարերար և երազանք որակվել։ Եվ հակառակը՝ եթե բարերար ու երազանք է, ապա չի կարող խաղաղության ճանապարհի խոչընդոտ դառնալ։
Ենթադրելի է, որ այս երկու բնորոշումներից մեկն է ճիշտ։ Կա՛մ ընդդիմությունը քաղաքական բարերար ու երազանք է, կա՛մ խաղաղության խոչընդոտ։
Խաղաղությանը խոչընդոտելու մասին պնդումը տրամաբանական է։ Եթե Սահմանադարությունը փոխվի և նախաբանից հանվի հռնչակագրին արվող հղումը, ապա հույս կա, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, տևական ժամանակ խաղաղություն կլինի։ Եթե ընդդիմությունը 6 քվե չի նվիրում ՔՊ-ին և թույլ չի տալիս, որ նախագիծը հանրաքվեի դրվի, ապա անուղղակի դեմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հետևապես խաղաղության խոչընդոտ է։
Մյուս բնորոշումը նման պարզ հիմնավորում չունի։ Ենթադրելի է, որ ընդդիմության դիրքորոշումը այնքան շահեկան է Փաշինյանի համար, որ բնորոշվում է քաղաքական բարերարություն և երազանք։ Ինչպե՞ս է ընդդիմության դիրքորոշումը նպաստում Փաշինյանի իրական նպատակների իրագործմանը և նրա վարած քաղաքական կուրսին լեգիտիմություն հաղորդում։
Ընդդիմությունը ռուսամետ դիրքորոշում է արտահայտում։ Փաշինյանը փաստացի ռուսամետ կուրս է վարում։ Եթե ընդդիմությունն անկախության և ժողովրդավարության ջատագով լիներ, ապա Արևմուտքը կաջակցեր այդ ընդդիմությանը, և նրանք կտապալեին ռուսամետ կուրս վարող Փաշինյանին, ինչպես տապալել են հետխորհրդային մի շարք երկրներում։ Այս առումով՝ ռուսամետ ընդդիմությունը ՔՊ-ի համար քաղաքական բարերար է։
Արևմտյան դեսպաններն ու էմիսարները պարբերաբար հանդիպում են ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլև ընդդիմության հետ և տպավորություն ստանում, որ ՀՀ-ում ամենաժողովրդավար գործիչը Փաշինյանն է, հետևապես՝ վերջինիս են աջակցում ընտրություններում, ճանաչում նրա լեգիտիմությունը։ Այս առումով ևս ռուսամետ ընդդիմությունը քաղաքական բարերար ու երազանք է Փաշինյանի համար։
Իսկ ընդդիմությունն ի՞նչ է արել «էս երկու օրը», որ Փաշինյանը «ընդհանրապես» համոզվել է, որ նրանց գործունեությունը քաղաքական բարերարություն է ու երազանք։ Այս օրերին ընդդիմությունը հայտարարել է, որ 6 քվե չի տալու ՔՊ-ին Սահմանդրության նախագիծը հանարքվեի դնելու հարցում։ Բաց աղբյուրներում այլ բան չկա։ Եթե ընդդիմության այս դիրքորոշումը Փաշինյանի համար քաղաքական բարերարություն է և երազանք, ուրեմն՝ ՔՊ-ն երազում էր, որ ընդդիմությունը 6 քվե չտա և Սահմանադրությունը հանրաքվեի չդրվի, խաղաղությունը չստորագրվի, ճանապարհները չբացվեն, Ռուսաստանը վերջնականապես դուրս չգա Հայաստանից։
Կարճ ասած՝ միանշանակ պարզ չէ՝ ռուսամետ ընդդիմությունը Փաշինյանի համար խոչընդո՞տ է, թե՞ քաղաքական բարերար և երազանք։ Ողջամիտ կասկած կա, որ ընդդիմությանը քաղաքական բարերար և երազանք որակելով, Փաշինյանը ակամա գաղտնիք է բացում, որ իր համար կարևորը խաղաղությունը չէ, ոչ էլ անկախությունը կամ ժողովրդավարությունը, այլ ռուսամետ կուրսի շարունակումը քաղաքական բարերարների ռեալ աջակցությամբ։
Թաթուլ Մկրտչյան