Արտաքին 2 ամիս առաջ - 15:13 05-03-2026

Ապահովության միֆը հօդս ցնդեց․ Դուբայում անշարժ գույք գնելն այլևս ռիսկային է

Մերի Հակոբյան

Լրագրող

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքով Դուբայն այլևս առաջվանը չէ. երբեմնի անվտանգ զբոսաշրջային և ներդրումային քաղաքը վերածվել է ռազմական գործողությունների թատերաբեմի:

Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը և ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման վտանգը ազդում է նաև համաշխարհային տնտեսության վրա։ Փորձագետները զգուշացնում են Դուբայում անշարժ գույքի շուկայի հնարավոր անկման մասին, քանի որ արաբական այս երկիրը, որը երկար տարիներ ընկալվում էր որպես անվտանգ և շահավետ ներդրումային ուղղություն, այժմ բախվում է լուրջ անվտանգային մարտահրավերների:

Հատկանշական է, որ վերջին տարիներին հայ գործարարների շրջանում ևս Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Տարբեր գնահատականների համաձայն՝ 2018-2024 թվականներին Դուբայում հայ ներդրողների կատարած ներդրումների ընդհանուր ծավալը հասել է մոտ 383 միլիոն դոլարի։

Դուբայը հայ ներդրողների համար գրավիչ է մի քանի պատճառով․ համեմատաբար բարձր վարձակալական եկամտաբերություն, հարկային մեղմ պայմաններ, արագ զարգացող շուկա։ Սակայն, ըստ միջազգային լրատվամիջոցների, Իրանի հարվածներից հետո ԱՄԷ-ի ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել։

Դուբայի հիմնական բորսայական ինդեքսը ընկել է մոտ 4.7%-ով, որն ամենամեծ անկումն է 2022-ից հետո։ Նշվում է, որ շուկան կարող է զգալ օտարերկրյա կապիտալի նվազում, շինարարության փուլում (off‑plan) վաճառվող բնակարանների վաճառքի տեմպերը կարող են ընկնել, որոշ ներդրողներ էլ կարող են առհասարակ հետաձգել կամ չեղարկել գործարքները։ Որոշ գնահատականների համաձայն՝ եթե պատերազմը երկար շարունակվի, ապա անշարժ գույքի ոլորտում գործարքների թիվը կարող է նվազել մոտ 30-40%-ով, շուկան էլ՝ մտնել անկման փուլ։

Սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողները, այդ թվում՝ հայերը, որոնք Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու և ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ անելու փոխարեն նախընտրել են Պարսից ծոցի ափին գտնվող այս գրավիչ քաղաքը և խոշոր գումարներ ծախսել այնտեղ անշարժ գույք ունենալու համար, կարող են կորցնել իրենց գումարների մեծ մասը, գուցե՝ անվերադարձ։

Մասնավորապես՝ եթե հայ ներդրողը Դուբայում շինարարության փուլում 500 հազար դոլարով բնակարան է գնել, ապա շուկայի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ տարածաշրջանային լարվածության հետևանքով բնակարանների շուկայում կտրուկ գնանկում տեղի կունենա և հիշյալ բնակարանի արժեքը կկրճատվի մոտ 150–200 հազար դոլարով։ Բացի այդ, եթե ներդրողը անշարժ գույքը վարկով է ձեռք բերել, ապա նա էլ ավելի բարդ իրավիճակում է հայտնվում, քանի որ նա պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները՝ մի գույքի համար, որի շուկայական արժեքը 500 հազար դոլարից հասել է 300-350 հազարի։

Այսպիսով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմը հօդս ցնդեցրին հայ հանրության շրջանում տարիներ ի վեր տարածված այն միֆը, որ ԱՄԷ-ն ու մասնավորապես Դուբայ քաղաքը տնտեսապես անխոցելի վայր է, որտեղ անշարժ գույք գնելը ապահով ներդրում է, և ոչ մի բան չի կարող ազդել դրա վրա։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենահզոր տնտեսական կենտրոնները չեն կարող ամբողջությամբ դուրս մնալ տարածաշրջանային քաղաքական և ռազմական գործընթացներից։

Այս իրավիճակում փորձագետները քաղաքացիներին խորհուրդ են տալիս վերադառնալ և ներդրումներ կատարել Հայաստնում՝ զգուշացնելով, որ ցանկացած արտաքին ներդրում ենթակա է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և անվտանգային ռիսկերի։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան