Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:13 03-12-2021

Գիրք գնելն ավելի նորաձև է, քան դա կարդալն ու վերլուծելը. Հովիկ Աֆյան

Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: «Կարմիր»-ը մեր երկրից միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Թե ինչպե՞ս է գիրքը հայտնվել միջազգային մրցույթում, ինչի՞ մասին է, հիմնականում ովքե՞ր են իր ընթերցողները և ի՞նչ պահանջարկ ունեն արտերկրում հայ ժամանակակից գրողները, Oragir.news-ը պարզել է գրքի հեղինակից։

-Ինչպե՞ս է գիրքը հայտնվել TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում:

-Մրցույթում գիրքը ես չեմ գրանցել։ Հոկտեմբեր ամսին ինձ զանգահարեցին «Անտարես» հրատարակչությունից, և ասացին, որ միջազգային մրցույթին գրանցել են, դրա համար անհրաժեշտ է ընթերցողների քվեարկությունը։ Այդպես եմ իմացել, որ գիրքը մասնակցում է մրցույթին, իսկ մինչ այդ, անկեղծ ասած, չգիտեի էլ մրցույթի գոյության մասին։ Հետո քանի որ այդ մրցույթը, ի տարբերություն այլ մրցույթների, ժյուրի չուներ, որ գնահատեն այս կամ այն ստեղծագործությունը՝ ինչ-որ չափորոշիչներից ելնելով, 16 անվանակարգերից հաղթողներ կային։ Բոլոր անվանակարգերում էլ հաղթողները որոշվում էին ընթերցողների քվեարկությամբ։ Եվ այնպես ստացվեց, որ փաստորեն, «Կարմիրը» ամենաշատ քվեարկությունն ուներ, որովհետև ընթերցողների ձայներով մրցանակը ստացա, չնայած՝ մրցույթը հենց այդպես էլ կոչվում է․ «ընթերցողների մրցանակ»։ Կարծում եմ՝ դա բոլոր մրցանակներից ամենապատվաբերն է։

-Ինչի՞ մասին է գիրքը։

-Գիտե՞ք, ես որպես գրքի բնաբան գրել եմ մի նախադասություն, որ այս պատմությունը մարդկանց մասին է, որ մարդկանց կռիվը երբեք չի ավարտվում, նաև պատերազմի մասին է, ինչ-որ առումով նաև սիրո մասին է, որովհետև գրքում էլ կա մի այսպիսի տող, որ կարմիրը սիրո և պատերազմի մասին է, պատերազմի դրոշի գույնն է։

Բայց անպայման մի կարևոր շեշտադրում եմ ուզում անել, որ «Կարմիր»-ը ամենևին էլ 44-օրյա պատերազմի մասին չէ, որովհետև այն գրվել է ավելի վաղ, քան պատերազմը։ Գիտե՞ք, կռիվը համառորեն ինչ-որ բան հանդուրժող, մարտնչող, պայքարող մարդկանց մասին է, ընդ որում այդ կռիվը, ոչ միայն երկրի սահմաններին է, այլև մեր քաղաքներում, տներում, ու մեր ներսում է։ Գիրքը «կռիվ» երևույթի մասին է, որը իմ խորին համոզմամբ երբեք չի ավարտվում։

-Որպես հայ ժամանակակից գրող կարո՞ղ եք ասել՝ հիմա գրքեր, ավելի շատ հասարակության ո՞ր շերտն է գնում, ինչքա՞ն է պահանջարկը, և ովքե՞ր են Ձեր ընթերցողները։

-Այդ ֆենոմենը կա, և դա շատ ուրախալի է, որ հիմա գիրք շատ են գնում, բայց մի շատ հետաքրքիր և ցավալի նրբություն կա․ այժմ գիրք գնելն, այո՛, շատ տարածված նորաձև երևույթ է։ Բայց ընթերցանությունը, որ մարդ կարդա, տպավորություններով կիսվի, և այլն, ավելի քիչ է հանդիպում։ Ձևն ավելի շատ է, քան բովանդակությունը, այսինքն՝ այսպես ասած գրքային կարծիքներ չկան, օրինակ՝ «ես այս տպավորությունը ստացա կարդալուց հետո, ես այսպես եմ մտածում այս գրողի ու գործի հետ կապված»։ Ես չեմ ասում գիտական, գրական վերլուծություններ, դրանք առանձին խոսակցության թեմա են։ Բայց սիրողական մակարդակի քիչ են լինում: Դա հիմնավորում եմ նրանով, որ երևի գիրք շատ ենք գնում, բայց քիչ կարդում։ Տարիքայինի հետ կապված՝ չեմ կարող հստակ նշել, որովհետև դրա ո՛չ ձևերը գիտեմ, ո՛չ էլ ռեսուրսը ունեմ։

-Ժամանակակից հայ գրողները ի՞նչ պահանջարկ ունեն արտերկրում։

-Դա իրականում շատ բարդ հարց է, որովհետև ես, իհարկե, ուրախանում եմ՝ իմանալով, որ այս կամ այն ժամանակակից հայ գրողները հաջողության են հասնում։ Մի հետաքրքիր ու բարդ խնդիր էլ կա․ դա լեզվական խնդիրն է մեր գրողների շրջանում։ Օրինակ՝ ես, բացի հայերենից, չեմ կարող այլ լեզվով գրել, այսինքն՝ եթե ես գնամ, արտերկրում գրեմ, օրինակ՝ Ֆրանսիայում, միևնույն է այդ գիրքը գրվելու է հայերեն, պետք է թարգմանչին խնդրեմ թարգմանել ֆրանսերեն, որ այնտեղ լույս տեսնի։ Այդ խնդիրն ամենակարևորն է, և ինչ վերաբերում է պահանջարկին, ես շատ ուրախանում եմ, որ մենք թարգմանվում ենք։ Վերջերս նման տենդենց նկատվում է, բայց ես չգիտեմ, թե այդ թարգմանված գրքերն ի՞նչ պահանջարկ ունեն տվյալ երկրներում։ Չնայած՝ վերջերս իմացա, որ իմ լավ բարեկամ Գրիգի գերմաներեն թարգմանված «Հիսուսի կատուն» դարձել է այս տարվա տաս լավագույն գերմաներեն գրքերից մեկը, և կարծում եմ դա մեծ հաջողություն է։ Բայց ընդհանուր պահանջարկի վերաբերյալ, ճիշտն ասած, չգիտեմ, չեմ ուսումնասիրում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ