Ուղիղ եթեր
Ներքին Միտք 29 րոպե առաջ - 13:00 12-11-2026

Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հայաստանը հեռու է Ուկրաինա-ռուսական պատերազմից, ո՛չ պատժամիջոցներին է միանում, ո՛չ Ուկրաինային օգնում իր անկախության համար պայքարում։ Բայց դրա արձագանքները լսվում են մեր քաղաքներում։

Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ ծեծի են ենթարկել Ուկրաինայի 34-ամյա քաղաքացի Դմիտրի Սամուելենկոյին։ Միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի Անի թաղամասում։ Ուկրաինայի քաղաքացին դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն ռուս զինծառայողները ծեծել են։

Տարածված 26 վայրկյան տևողությամբ տեսանյութում զինվորական համազգեստով մի խումբ անձինք բռնություն են կիրառում տղամարդու նկատմամբ՝ ասելով, որ Գյումրին իրենց քաղաքն է. «Гюмри наш город, Ты понял?!»:

Գյումրին իսկապե՞ս ռուս զինվորիկների քաղաքն է։ Գուցե Նիկոլ Փաշինյանը հանձնե՞լ է Գյումրին, բայց ժողովրդին չի ասել, որ ամոթից չմեռնենք։

Բազմաթիվ ուկրաինացիներ փախստական են դարձել պատերազմի պատճառով։ Ենթադրելի է, որ Գյումրիում ծեծված ուկրաինացին ևս ժամանակավոր ապաստանել է Հայաստանում։ Ժողովրդավարական երկրներն ապաստան են տրամադրում պատերազմից տուժածներին։ Հայաստանն էլ ժողովրդավարական երկիր է, բաց է բոլորի առաջ։

Ենթադրելի է, որ ուկրաինացին ու ռուսները Գյումրիում փորձել են ճանաչել միմյանց, քանի որ իրար նման են եղել արտաքինից։ Եվ երբ պարզվել է, որ քաղաքացին ուկրաինացի է, ռուս զինվորիկները նրան սկսել են ճնշել, գոռալ նրա վրա, հավանաբար՝ պահանջել են, որ ասի՝ «Крым наш», սակայն ուկրաինացին չի կոտրվել և հակադարձել է՝ ասելով՝ «Слава Україні!»։ Ուկրաինացին ասել է, որ Հայաստանն ազատ ու ժողովրդավարական երկիր է, այստեղ խոսքի ազատություն կա, մարդու իրավունքներ և այլն։ Ռուսներն էլ ասել են, թե՝ ի՞նչ անկախ, ժողովրդավար, ի՞նչ իրավունք, ազատություն՝ «Гюмри наш город, Ты понял?!»:

Սա իրական ու բաց վիրավորանք է՝ նետված նրանց ուղղությամբ, որոնք կարծում են, թե Հայաստանը անկախ և ժողովրդավարական երկիր է, թե այստեղ մարդիկ ազատ կարող են ապրել, ունեն ազատություններ, իրավունքներ, որոնք պաշտպանվում են օրենքով, պետությունը մարդու կողքին է, այստեղ կարելի է ապաստան գտնել, ապաստան ստացողը կարող է վստահ լինել, որ փողոցում իրեն շան պես չեն ծեծի ինչ-որ տականքներ։

Եվ կա հակառակ տեսակետը, թե ռուս զինվորիկների վարքը նորմալ է, քանի որ 1999-ին ռազմաբազայի տարածքը և մի բան էլ ավելին տրվել է Ռուսաստանին 99 տարով, ձրի, անհատույց, նվեր։ 2010-ին ռազմաբազայի ժամկետը երկարացվել է մինչև 2044-ը՝ դարձյալ անհատույց, բոլոր ծախսերը հայ ժողովրդի վզին են։ Ռուս զինվորիկներն ազատորեն շրջում են քաղաքում, երբեմն՝ նաև զենքով։ Ռուս զինծառայողը 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում սպանեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին, ներառյալ 6 ամսական երեխային։ 2018-ին մեկ այլ ռուս զինծառայող փողոցում դաժանաբար ծեծեց Ջուլիետա Ղուկասյանին, ով ժամեր անց մահացավ։

Սա ամենը չէ։

ՌԴ պաշտոնյաները թյուրիմացաբար կարծում են, թե Հայաստանն դեռ իրենց ազդեցության գոտին է, ՀՀ վարչապետին հորդորում են թույլ տալ, որ ՌԴ քաղաքացիները մասնակցեն ԱԺ ընտրություններին, կոչ են անում հանրաքվե անել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով։ ՀՀ-ում ռուսամետ գործիչները սպասարկում են Կրեմլի շահերը, ՀՀ-ն ներկայացնում որպես ՌԴ աշխարհաքաղաքական գոտի, դեմ հանդես գալիս ԵՄ ինտեգրմանը և այլն։ Այս իրավիճակում ռուս զինծառայողը կարո՞ղ է կարծել, թե Գյումրին իրենց քաղաքն է, և իրենք են այստեղ արժեքներ, բարքեր սահմանում։ Եվ իրենք են որոշում՝ ում ծեծեն, ում սպանեն փողոցում։

Կարճ ասած՝ Գյումրիում ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի քաղաքացուն ծեծելը մարտահրավեր է ՀՀ անկախության և ժողովրդավարության դեմ։ Լավատեսություն կա, որ վարչապետը, ԱԺ խմբակցությունները, Գյումրիի ավագանու խմբակցությունները, քաղաքական համայնքը կդատապարտեն ուկրաինացու հանդեպ կիրառված բռնությունը և կվերահաստատեն, որ Հայաստանն անկախ և ժողովրդավարական պետություն է, որտեղ պաշտպանված են մարդու, այդ թվում՝ նաև օտարերկրացու իրավունքներն ու ազատությունները։ Իսկ ողջամիտ գործիչները համարժեք քաղաքական արձագանք կտան այս միջադեպին և ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու հարց կբերեն օրակարգ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան