«Գայթակղությունը՝ որպես զենք»: Արդյոք լրտեսուհիները կրկին թիրախավորել են ազդեցիկ տղամարդկանց։
Դալիլայից մինչև ռուս հետախույզ Աննա Չապման՝ պատմությանը հայտնի են բազմաթիվ կանայք, որոնք իրենց հմայքն օգտագործել են քաղաքական և հետախուզական նպատակներով։
The Telegraph-ի սյունակագիր Հաննա Բեթսը, անդրադառնալով Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի շուրջ շրջանառվող պնդումներին, գրում է, որ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում «ճակատագրական կանանց» կերպարը կրկին արդիական է դառնում։
Հոդվածում որպես օրինակ հիշատակվում է Ալիս Հուանգը, որին, ըստ հեղինակի, ԱՄՆ իշխանությունները կասկածում են չինական հետախուզության կողմից հավաքագրված լինելու և 63-ամյա Ջենսեն Հուանգին գայթակղելու փորձի մեջ։ Այս պնդումները հաստատված փաստեր չեն։ Ալիսն ու Ջենսեն Հուանգը ազգակցական կապ չունեն։
Բեթսի կարծիքով՝ Nvidia-ի ղեկավարի հնարավոր վարկաբեկումը կարող է ունենալ ոչ միայն անձնական, այլև քաղաքական ու տնտեսական հետևանքներ։ Հուանգը մտերիմ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կարող է տեղեկություններ ունենալ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ։
Սյունակագիրը նաև հեգնանքով անդրադառնում է ազդեցիկ տղամարդկանց՝ երիտասարդությունը վերադարձնելու ցանկությանը՝ մատնանշելով թանկարժեք մեքենաների և շքեղ հագուստի հանդեպ նրանց հակվածությունը։
Նրա համոզմամբ՝ նման տղամարդիկ կարող են ավելի խոցելի լինել երիտասարդ կանանց ուշադրության և հնարավոր մանիպուլյացիաների նկատմամբ։
Հեղինակը հիշատակում է նաև «Սև աղավնիներ» (Black Doves) և «Սպանելով Եվային» (Killing Eve) հեռուստանախագծերը, որոնցում կանայք իրենց գրավչությունն օգտագործում են վտանգավոր քաղաքական խաղերում։
Բեթսի եզրափակիչ խորհուրդը հեգնական է․ եթե երիտասարդ ու գրավիչ կինը հանկարծ չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ձեր հանդեպ, արժե մտածել՝ արդյոք այդ ուշադրության հետևում այլ նպատակներ չկան։
Իսկ եթե ամեն ինչ չափազանց լավ է իրական լինելու համար, գուցե ձեր հեռախոսն արդեն գաղտնալսվում է։