Ներքին 20 րոպե առաջ - 14:00 11-11-2026

Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Բադալյան եղբայրները դատի են տվել 1in.am լրատվականին ու պահանջում են 12 միլիոն դրամ։ Բանն այն է, որ կայքը հրապարակել է հոդված Հայաստանի խաղային ոլորտի տրիլիոնների ու «չհաշվարկված աղքատության» մասին, իսկ վերնագրի տակ փակցրել Վահե և Վիգեն Բադալյանների լուսանկարը։ Գործարարների պնդմամբ՝ սա ուղղորդված թիրախավորում է, որը չեզոք ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծում, թե ոլորտի խնդիրներն ու աղքատությունն անմիջականորեն կապված են իրենց հետ։ Լրատվականը հրաժարվել է հերքում տպագրել, իսկ Բադալյանները դիմել են դատարան՝ պահանջելով օրենքով թույլատրելի առավելագույն փոխհատուցումը։

Երևանում տրանսպորտային վերահսկողության աշխատակիցը 13 տարեկան երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել կանգառում։ Ծնողի ահազանգով՝ երեխայի ուղևորավարձը հայրն արդեն վճարած է եղել։ Բայց վերահսկողին դա չի հետաքրքրել․ իջեցրել է աղջկան, անձամբ զանգել մորն ու հեռախոսով անձնագրի լուսանկար պահանջել՝ պնդելով, թե 13-ամյա երեխան անչափահասի տեսք չունի։ Մայրը դիմել է Տիգրան Ավինյանին ու քաղաքապետարանին՝ պահանջելով ուսումնասիրել տեսախցիկների կադրերն ու պատասխանատվության ենթարկել աշխատակցին։

Նոյեմբերի 10-ի երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Երևանում․ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Yerevan Place Hotel»-ում։ Դեպքի վայր անհապաղ ժամանած հրշեջ-փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները, սակայն, պարզել են, որ կրակը հյուրանոցում չէ, այլ դրան հարևանությամբ գտնվող առանձին շինություններից մեկում, որը որևէ կապ չունի հյուրանոցի հետ։ Դեպքի վայրում աշխատել են նաև գազաբաշխիչ ընկերությունների մասնագետները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, գազի արտահոսք ևս չի հայտնաբերվել։ Հրդեհի հետևանքով հասցված վնասի չափը ներկայումս ճշտվում է։

ՔԿՀ-ում արձանագրված Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ վերջինիս փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ բացահայտելով ուշագրավ և մտահոգիչ մանրամասներ։ Իսկ թե ինչ է իրականում տեղի ունեցել․ Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտորեն վատացել է, սակայն ՔԿՀ-ում նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը։ Շտապօգնությունը ժամանակին չի կանչվել, իսկ երբ վերջապես կանչվել է, պարզվել է մի իրականություն, որը դժվար է տեղավորել տրամաբանության մեջ․ բժիշկներին թույլ են տվել մուտք գործել ՔԿՀ միայն այն ժամանակ, երբ Արսեն Գևորգյանն արդեն մահացած է եղել։ Փաստաբանական թիմը հայտարարել է, որ հետևողական է լինելու մահվան բոլոր հանգամանքների պատշաճ և ամբողջական քննությանը։

Հանրությանը հայտնի որոշ պետական և մասնավոր նախաձեռնությունների ֆոնին ուշադրություն է հրավիրում շուկայի մոնոպոլիստ համարվող ընկերությունների ֆինանսական հայտարարագրերի հարցը։ Մասնավորապես, պատգամավոր Արայիկ Հարությունյանի եղբոր հետ ասոցացվող «Մեդիա հաուս Արմենիա» ՍՊԸ-ն, որը գովազդի վաճառքի ոլորտում առաջատար է, և որի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, 2025 թվականի արդյունքներով ներկայացրել է հարկային վնաս։ Համեմատության համար նշվում է, որ միայն Հանրային հեռուստաընկերության հասույթը գովազդից կազմել է 718.5 միլիոն դրամ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն, ինչի մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով նաև տեսանյութ։ Անթալիայում վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին: Այցի ընթացքում նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Մինչ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, Երևանի կարգավիճակն ու անդամավճարների պարտքի հարցը մնում են սեղանին։ Մինչ հանդիպումը՝ ազդակներ էին հնչում, որ անդամավճարների պատճառով Հայաստանը կարող է ժամանակավորապես զրկվել ձայնի իրավունքից։ Սերգեյ Լավրովն, ճիշտ է, շտապել է հանգստացնել՝ նշելով, թե Հայաստանին կազմակերպությունից վտարելու մտադրություն չունեն, քանի որ պաշտոնական դիմում դուրս գալու վերաբերյալ չկա, բայց փաստն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱՊԿ նիստին մասնակցելու փոխարեն գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված այլևս շահեր չունի։

Իրանը փոխադարձության սկզբունքով Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ։ Այս քայլը հետևել է Բուենոս Այրեսի՝ մարտ ամսին կայացրած որոշմանը, երբ արգենտինական կողմը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) էր ներառել ահաբեկչական ցանկում՝ հիմնվելով 1992 և 1994 թվականների Բուենոս Այրեսի պայթյունների վրա։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս որոշումը հակասում է միջազգային իրավունքին, և ողջ պատասխանատվությունը դնում Արգենտինայի կառավարության վրա։ Հիշեցնենք, որ նմանատեսակ քայլով Իրանը նոյեմբերի 1-ին ահաբեկչական էր ճանաչել նաև Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան