Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 րոպե առաջ - 22:12 10-11-2026

Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի պոլիկլինիկաներում տուբերկուլոզի կաբինետների կտրուկ կրճատման և կենտրոնացման որոշումը մեծ ալիք է բարձրացրել առողջապահական համակարգում։ Առողջապահության նախարարության քաղաքականությամբ նախատեսվում է ամբողջ մայրաքաղաքում թողնել ընդամենը չորս գործող կաբինետ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, փորձագետ Անուշ Պողոսյանի հետ։ Մինչ պատասխանատու մարմինները պնդում են, թե տուբերկուլոզի հիվանդացության ցուցանիշները նվազում են, և կաբինետների պահպանումն այլևս նախկին արդյունավետությունը չունի, կլինիկական իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում։

Իրենք ասում են, որ տուբերկուլոզի հիվանդացությունը գնալով իջնում է, սակայն կլինիկորեն մենք տեսնում ենք այլ պատկեր․ շատացել են տուբերկուլոզի բարդացած դեպքերը»,- նշում է Անուշ Պողոսյանը։

Փորձագետը մատնանշում է ցավալի ու վտանգավոր մի փաստ, որը թաքնված է պաշտոնական թվերի հետևում. «Օրինակ՝ շատացել է երեխաների միլիար տուբերկուլյոզը․ անցած տարի մենք միլիար տուբերկուլյոզից երեխայի մահ ենք ունեցել։ Այնպես որ, վիճակագրությունը խեղաթյուրում են և դրա ֆոնին այս կաբինետները փակում են։ Դրանից առաջ տուբերկուլոզի դիսպանսերը միացրեցին ինֆեկցիոն հիվանդանոցին, դարձրեցին մեկ ամբողջություն։ Մի խոսքով, այս ծառայությունը, որը շատ հաջողված էր Հայաստանի Հանրապետությունում, գնալով իջեցնում են նրա արդիականացումը, որը բերելու է այս սոցիալական հիվանդության աճին»։

Ինչու է պետությունը գնում նման քայլի, և որն է պատասխանատուների հիմնական շահը։ Ըստ բանախոսի՝ խնդիրը թաքնված է ֆինանսավորման նոր՝ համընդհանուր ապահովագրության մոդելի մեջ, որն արմատապես փոխել է խաղի կանոնները։ Նախկինում ծառայությունը ֆինանսավորվում էր տեղամասային սկզբունքով (ըստ բնակչության գլխաքանակի), ինչը թույլ էր տալիս պահպանել բժիշկների աշխատավարձերն ու կայուն կանխարգելիչ աշխատանքը։ Այսօր անցում է կատարվել «ըստ դեպքերի քանակի» վճարման սկզբունքին։

«Քանի որ տուբերկուլոզի կաբինետի լավ աշխատանքի արդյունքում դեպքերը քչանում են, ստացվում է, որ իրենք դեպքեր չեն ունենում։ Հիվանդի կանխարգելման ամենակարևոր գործառույթն այլևս չի վճարվում, վճարվում է միայն դեպքերով, և դա բերում է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերի կտրուկ իջեցմանը»,- պարզաբանում է Պողոսյանը։

Նա հավելում է, որ դեռևս անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին բժիշկները բողոքի ակցիաներ են իրականացրել՝ բարձրաձայնելով աշխատավարձերի խնդիրը։ Պոլիկլինիկաների գլխավոր բժիշկները որոշ ժամանակ համաձայնել էին կաբինետները պահել սեփական եկամուտների հաշվին, սակայն դա երկար տևել չէր կարող։

«Այսօր տեսնում ենք օպտիմալացումը։ Պետությունը դադարեցնում է ծառայությունների ֆինանսավորման ապահովումը, և մոտ ապագայում նաև այդ չորս կաբինետները կփակեն»։ Ամենացավալին այն է, որ փակվող կաբինետները ոչ թե հնամաշ ու հետամնաց բաժանմունքներ էին, այլ տարիների ընթացքում միջազգային դոնորների աջակցությամբ կայացած, թվայնացված առաջամարտիկներ։ «Դրանք թվայնացված կաբինետներ են․ տուբերկուլոզի կաբինետները արտահիվանդանոցային ծառայության եզակի կաբինետներից են, որոնք տարիներ շարունակ Գլոբալ հիմնադրամի միջոցով DOTS ծրագրով աշխատող, առաջին թվայնացված կաբինետներն են եղել։ Այնտեղ հստակ աշխատանքային բաշխում կար, և քանի որ սա սոցիալական հիվանդություն էր, կային սոցիալական կոմպոնենտներ (օրինակ՝ սննդի գումարի տրամադրում)»։

Ըստ փորձագետի՝ լուծումը ոչ թե համակարգը կրճատելն ու ընդհանուր կաթսայի մեջ գցելն էր, այլ հատուկ հովանավորչությունը. «Պարզապես պետությունը պետք է վերցներ իր հովանավորության տակ և ֆինանսավորման այլ մեթոդներ մշակեր, այլ ոչ թե մտցներ համընդհանուր ապահովագրության մեջ և ֆինանսավորումը հաներ»։

Անուշ Պողոսյանը հիշեցնում է, որ այս վտանգավոր միտումների մասին ահազանգել է դեռևս երկու տարի առաջ իր հեղինակային հաղորդման ընթացքում։ Այսօր, երբ կանխատեսումները դառնում են իրականություն, խնդիրը նոր թափով վեր հանելու և հանրային ճնշում գործադրելու անհրաժեշտություն կա, քանի որ տուբերկուլոզի նման սոցիալական հիվանդության դեմ պայքարում հետնահանջը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ բնակչության համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո