Նոյեմբերի 10-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է (1938թ․)։ Գրում է Ermenihaber-ը:
Ամեն տարի այս օրը Թուրքիայում հիշում են երկրի առաջին նախագահին՝ Աթաթուրքին։ Նրա անունը թուրքական պետականության, հանրապետական կարգերի և երկրի աշխարհիկացման հետ է կապվում։
Սակայն Աթաթուրքի պատմական կերպարը միայն Թուրքիայի Հանրապետության հիմնադրմամբ ու բարեփոխումներով չի սահմանափակվում։ Հայերի պատմության տեսանկյունից նրա քաղաքական գործունեությունն ունի նաև մեկ այլ՝ ծանր և հակասական կողմ։
Խոսքը Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի բռնագրավման, հայրենազրկման և հայկական ներկայության վերացման գործընթացների շարունակության ու ամրապնդման մասին է։ Եթե Օսմանյան կայսրության երիտթուրքական իշխանություններն էին կազմակերպել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ապա հետագայում Մուստաֆա Քեմալի գլխավորած ազգային շարժումն ու նրա ձևավորած իշխանությունը կարևոր դեր ունեցան հայերից բռնագրավված ունեցվածքի նոր կարգավիճակի պահպանման և դրա վերադարձի հնարավորությունների սահմանափակման գործում։
Հետևաբար, Աթաթուրքի մասին խոսելիս կարևոր է դիտարկել ոչ միայն այն, թե ինչպես նա հիմնադրեց ժամանակակից Թուրքիան, այլև այն, թե ինչ պատմական ժառանգության պայմաններում ձևավորվեց այդ պետությունը և ինչ տեղ ունեցավ այդ գործընթացում հայ բնակչության բռնի տեղահանման ու ունեզրկման հետևանքների ամրապնդումը։
Ո՞վ էր Աթաթուրքը․ ռազմական գործչից մինչև քաղաքական առաջնորդ
Մուստաֆա Քեմալը ծնվել է 1881 թվականին Օսմանյան կայսրության Սալոնիկ քաղաքում։
Մասնագիտությամբ զինվորական էր, կրթություն է ստացել ռազմական ուսումնական հաստատություններում և ծառայել օսմանյան բանակում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ճանաչում է ձեռք բերել հատկապես 1915 թվականի Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի ընթացքում, որտեղ ղեկավարել է օսմանյան զորքերը։
Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ 1919 թվականին, Քեմալը գլխավորել է թուրքական ազգային շարժումը։ Այն ուղղված էր կայսրության տարածքների մասնատման և օտարերկրյա ռազմական ներկայության դեմ։ Շարժման արդյունքում ձևավորվել է Անկարայի ազգային իշխանությունը, որը հետագայում դարձել է նոր թուրքական պետության հիմքը։
1922 թվականին վերացվել է սուլթանությունը, իսկ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվել է Թուրքիայի Հանրապետությունը։ Մուստաֆա Քեմալն ընտրվել է երկրի առաջին նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև մահը՝ 1938 թվականը։
Հայերի ունեզրկումը և քեմալական իշխանության քաղաքականությունը
Աթաթուրքի պատմական գործունեության կարևոր, բայց հաճախ շրջանցվող կողմերից մեկը Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի բռնագրավման գործընթացի շարունակությունն է։
1915 թվականին երիտթուրքական իշխանությունների կազմակերպած ցեղասպանության և հայերի զանգվածային տեղահանության հետևանքով հսկայական քանակությամբ հայկական անշարժ ու շարժական գույք մնաց առանց տերերի։ Այդ ունեցվածքը՝ տները, հողերը, խանութները, բանկային միջոցներն ու ձեռնարկությունները, դարձավ պետական վերահսկողության և վերաբաշխման առարկա։
Թեև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան իշխանությունները որոշ քայլեր էին ձեռնարկել բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու ուղղությամբ, Անկարայում ձևավորված քեմալական իշխանությունը հետագայում փաստացի փակեց այդ հնարավորությունների զգալի մասը։
1922 թվականի սեպտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չեղարկեց 1920 թվականի հունվարի 12-ի՝ տեղահանվածների ունեցվածքի վերադարձը նախատեսող կանոնակարգը։ Դրանով կրկին իրավական հիմք ստացան 1915 թվականին ընդունված բռնագրավման մասին օրենսդրական դրույթները։
1923 թվականի ապրիլի 15-ին ընդունված նոր կարգավորումներով ամրապնդվեց այս քաղաքականությունը։ Ստեղծվեցին «Լքյալ գույքի հանձնաժողովներ», որոնք զբաղվում էին հայերին և հույներին պատկանած ունեցվածքի կառավարմամբ, լուծարմամբ և վերաբաշխմամբ։ Հայերի՝ իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու և սեփականությունը պահանջելու հնարավորությունները շարունակաբար սահմանափակվեցին։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր
կայքում: