Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, երբ Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել էր 14 անձ։ Դրանից հետո դատարանը նրան կալանավորել էր 2 ամսով։ Դեպքին արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայտարարելով, որ ընդդիմադիր գործչին իշխանությունն ընտրություններից առաջ կալանավորել էր շինծու մեղադրանքներով։ «Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հայաստանի ղեկավարությունը կրկին ուշադրության կենտրոնում է պահում ֆրանսիական ուղղությունը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:
Մասիսի Դարբնիկ գյուղում իսկական մարտաֆիլմ է տեղի ունեցել երկու իրանցու և մեկ հայի մասնակցությամբ։ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ վիճաբանությունը վերածվել է դաժան ծեծկռտուքի․ օգտագործել են երկաթյա շղթաներ, մահակներ, արցունքաբեր գազ, վերջում էլ՝ դանակահարել միմյանց։ Մասնակիցներից մեկն էլ վնասել է մեքենաները, կոտրել տան պատուհաններն ու փորձել հրկիզել վագոն-տնակը։ Միջադեպից հետո Իրանի քաղաքացիներից մեկը կալանավորվել է, մյուսը՝ տնային կալանքի տակ է, իսկ հայազգի մեղադրյալն ազատության հետ կապված խափանման միջոցի տակ։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների ձևաչափի շուրջ։ Պեկինը փորձում է ամեն ինչ պահել խիստ վերահսկողության տակ, իսկ Չինաստանը պահանջում է նախապես գրված սցենար, չոր հայտարարություններ և զրո իմպրովիզացիա։ Վաշինգտոնն էլ, հակառակը, ուզում է «անսպասելի» ու ազատ զրույց՝ Թրամփի սիրած ոճով։ Բայց սա դեռ ամենը չէ․ Թրամփը ցանկանում է օրակարգ մտցնել միջուկային զինաթափումը, ինչը Պեկինում պարզապես տաբու է համարվում։ Գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 17–18-ին Շենժենում։ Կրեմլն արդեն հաստատել է, որ աշխատանքներ են տարվում։
MLS-ը ներկայացնող Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Հայկական ֆուտբոլում կարևոր համալրում կա․ ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա հարձակվող Հարվի Սարաջյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Բանակցություններն անձամբ վարել է Յուրա Մովսիսյանը, ով բարձր է գնահատել երիտասարդ ֆուտբոլիստի արդյունավետությունն ու ֆիզիկական տվյալները MLS-ում։ ԱՄՆ-ում ծնված Սարաջյանը նշել է, որ հայկական ծագումն իր ինքնության մասն է, և ազգային ընտրանու հրավերը մեծ պատիվ է իր համար։ ՀՖՖ-ում վստահ են, որ տաղանդավոր հարձակվողը նոր շունչ ու որակ կհաղորդի հավաքականի խաղին։