Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Այս նոր նախագիծը, որն ուղղված է նպաստների բաշխման կարգի արդիականացմանը, ուղղակիորեն ազդելու է հազարավոր անապահով ընտանիքների և կենսաթոշակառուների ամսական բյուջեի վրա:
Մինչ օրս կենսաթոշակառուների համար գործող ամենագայթակղիչ արտոնություններից մեկն այն էր, որ քարտով գնումներ անելիս պետությունը հետ էր վերադարձնում ծախսված գումարի 20%-ը (ամսական մինչև 10,000 դրամ), և այդ գումարը ոչ մի տեղ չէր հաշվառվում: Նոր փոփոխություններով պատկերը լիովին փոխվում է:
Նոր օրենսդրական փոփոխություններով հետվճարը ևս դիտարկվելու է որպես ընտանիքի եկամուտ և մնացած եկամուտների պես իր ազդեցությունն է ունենալու ընտանիքի անապահովության միավորի հաշվարկի և գնահատման վրա:
Սա նշանակում է, որ նպաստի համար դիմելիս պետությունը հաշվի է առնելու նաև քաղաքացու քարտին հետ եկած այդ գումարները: Երկար տարիներ հանրության շրջանում քննարկվում էր այն կարծրատիպը, թե նպաստի համակարգում երեխաներին հաշվարկում են որպես «կես անձ»՝ նվազեցնելով ընտանիքի կարիքավորության աստիճանը:
Նոր համակարգում խնդիրը ոչ թե երեխային կես անձ հաշվարկելն է, այլ տարիքային շեմերով պայմանավորված հատուկ գործակիցների կիրառումը: Անչափահաս անձինք բաժանվելու են տարբեր տարիքային խմբերի, և ամեն խումբ ունենալու է իր հաշվարկային միավորը: Հենց այս գործակիցների հիման վրա էլ ձևավորվելու է ընտանիքի վերջնական սոցիալական միավորը:
Ստեղծված իրավիճակի և քաղաքացիների անհանգստությունների վերաբերյալ
Oragir.News-ը պարզաբանում խնդրեց Աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանից:
Հարցին, թե արդյոք նոր փոփոխություններով կենսաթոշակի քարտով առևտուր անելուց հետ եկած 20% գումարը (հետվճարը) սկսելու են հաշվել որպես ընտանիքի եկամո՞ւտ, և կարո՞ղ է դա պատճառ դառնալ, որ քաղաքացու նպաստը կտրվի կամ պակասի, Կոստանյանը պատասխանեց․ «Այո, հետվճարը ևս դիտարկվելու է որպես եկամուտ և, մնացած եկամուտների նման, բնականաբար, իր ազդեցությունն է ունենալու հաշվարկի ու գնահատման վրա։ Հետվճարը ևս, մյուս եկամուտների պես, համարվելու է ընտանիքի եկամուտ»։
Իսկ թե անապահովության գնահատման նոր համակարգով երեխաներին ինչպե՞ս են հաշվում ընտանիքի կազմում․ արդյոք նորից երեխան հաշվարկվելո՞ւ է որպես «կես անձ» (ցածր գործակցով), թե՞ յուրաքանչյուր երեխան հաշվվում է որպես մեկ լիարժեք անդամ, ինչպես մեծահասակները, մամուլի քարտուղարը պարզաբանեց․ «Անչափահասների պարագայում խնդիրը ոչ թե «կես անձ» հաշվարկելն է, այլ տարիքային շեմով պայմանավորված լինելը։
Անչափահաս անձանց դեպքում (օրինակ՝ 0-9, 9-14 տարեկան և այլն) յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր հաշվարկային միավորը, և հաշվարկն իրականացվում է հենց այդ միավորի հիման վրա. ենթադրենք, 0-9 տարեկանների գործակիցը 0.45 է, և այդպես շարունակ։
Հասմիկ Մովսիսյան