Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կազմը փոխվել է։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ի համապատասխան որոշմամբ հաստատել է Գիտությունների ազգաին ակադեմիայի նախագահության կազմը: Ըստ այդմ՝ ՀՀ նախագահը դարձել է ՀՀ ԳԱԱ նախագահության նախագահ, անդամներն են՝ ԿԳՄՍ նախարարը, ԿԳՄՍ ԲԿԳԿ նախագահը, մեկ ակադեմիկոս, մեկ թղթակից անդամ, 5 ասոցացված անդամներ։
Ի՞նչ իմաստ ունի այս իշխանափոխությունը։ Մի՞թե ՀՀ-ում ամենավաստակավոր գիտնականը Վահագն Խաչատուրյանն է, որ նրան են նշանակում ԳԱԱ նախագահության նախագահ։
Ենթադրելի է, որ այս փոփոխությունը գիտության հետ կապ չունի։ Ամենուրեք բարձր պաշտոնների են նշանակվում ՔՊ-ի համակիրները, իշխանամետները, Նիկոլ Փաշինյանին քծնող մարդիկ, որոնք գովում են ՔՊ-ին, ընտրում ՔՊ-ին, անշեղորեն պաշտպանում Փաշինյանի կուրսը, անկախ այն բանից, թե ինչպիսին է այն։ Ենթադրելի է, որ ԳԱԱ նախագահության կազմի փոփոխությունը նույն տրամաբանությամբ է կատարվել։
Բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ, ԳԱԱ աշխատակիցներ 2020-ի 44-օրյա պատերազմում պարտությունից հետո քննադատել են Փաշինյանին, պահանջել նրա հրաժարականը։ Անհաշտ էին հատկապես հումանիտար գիտությունների ներկայացուցիչները, պատմաբանները, բանասերները և այլք, որոնք խորքային տարակարծություններ ունեն փաշինյանական մոտեցումների հետ և ներկայում ևս, ըստ հարկի, քննադատում են նրա քաղաքականությունը։ Սա խնդիր էր։ Եվ ՔՊ-ն փուլային իշխանափոխություն իրականացրեց այստեղ, որ Փաշինյանին քննադատողները պակասեն կամ վերանան։
Մյուս խնդիրը ֆինանսավորումն է։ Օրեր առաջ Փաշինյանը երեսով տվեց, թե ՔՊ-ի օրոք մի քանի անգամ մեծացել է գիտության ֆինանսավորումը, և մինչև գիտնականները հրապարակավ երախտագիտություն չհայտնեն, ինքը չի պատասխանի գիտությանն առնչվող նրանց նամակներին, խնդրանքներին։ Այսպիսով՝ կարող էր ստեղծվել գիտության ֆինասավորման ճգնաժամ։ Ենթադրելի է, որ այս ճնշումը ևս նպաստել է, որ ԳԱԱ-ում իշխանափոխությունն անցնի առանց հանրային դիմադրության։
Վահագն Խաչատուրյանին ԳԱԱ նախագահության նախագահ նշանակելը հակաժողովրդավարական է։ Որոշ քննադատներ նկատում են, որ ԳԱԱ ղեկավարության կազմում իշխանության բարձրագույն ներկայացուցչին նշանակելը բնորոշ է ավտորիտար երկրներին՝ Տաջիկստան, Թուրքմենիա, Ադրբեջան։ Այսինքն սա ունի ոչ միայն կոնկրետ քաղաքական, այլև քաղաքակրթական աստառ։ Այսինքն՝ այս նշանակումը կարող է գցել ՀՀ միջազգային վարկն աշխարհում, մարդիկ կկարծեն, թե ՀՀ-ն ժողովրդավար երկիր չէ, ինչպես Ադրբեջանը,Թաթարստանը, Տաջիկստանը։
Ի վերջո՝ այս իշխանափոխությունն ունի կոնկրետ նպատակ։ Մտավորականը հեղինակություն է վայելում հանրության շրջանում որպես հանրության սերուցք։ Գիտնականները, որպես մտավորականության վերնախավ, ավելի մեծ հարգանք են վայելում և որոշակի ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա։ Մասնավորապես՝ ընտրություններում կրտսեր գիտաշխատողները, ուսանողները, հայցորդները կարող են ընդօրինակել գիտնականին և նրա պես ընտրել։
Այս իշխանափոխությունից հետ, հավանաբար, կփակվեն դռները նրանց առաջ, որոնք Փաշինյանին հաղթող, հաջողակ, խելացի, ազգասեր ղեկավար չեն համարում, ՔՊ-ին չեն ընտրում։ Այսինքն՝ երբ գիտությանն առնչվող բոլոր, այդ թվում՝ ֆինանսավորման լծակներն անցնեն իշխանության ներկայցուցչի ձեռքը, ապա գիտնականների մի զգալի մասը, հավանաբար, չի դիմանա զրկանքներին և ստիպված ՔՊ-ական կդառնա։
Կարճ ասած՝ ԳԱԱ-ն այլևս իշխանության կուսակցությանը սպասարկող կառույց է։ Ողջամիտ կասկած կա, որ այս իշխանափոխությունից հետո կպակասեն գիտնականները, քանի որ ոմանք սկզբունքորեն չեն քծնի իշխանություններին ու կմնան անգործ։ Իսկ Փաշինյանը գիտական լուրջ, մեծ հետաքրքրություններ չունի, որ պատվերներ իջեցնի, հետաքրքիր ու ագզօգուտ աշխատանքներում ներգրավի գիտնականներին։ Այսինք՝ ԳԱԱ-ն շուտով կարող է վերածվել մի հիմնարկի, որտեղ պարբերաբար կկազմակերպվեն հավաքներ, Փաշինյանը ելույթներ կունենա լսարանի առաջ, պատրանք ստեղծելով, թե գիտական համայնքը ծափահարում է Փաշինյանին։
Թաթուլ Մկրտչյան