Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
Գագիկ Մինասյանը խոսել է այսօր կալանավայրում ինֆարկտից մահացած՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան ու դրա պատասխանատուների, նմանատիպ երևույթների նկատմամբ հասարակության իմունիտետի, ազատ խոսքի համար ճնշումների, ժողովրդավարության պահպանման, այս հարցում Արևմուտքի շահերի, քաղաքական գործընթացների վրա անհատների ու կառույցների ազդեցության և սեփական շահերից ելնելով՝ համապատասխան արձագանքի, Սահմանադրության փոփոխության, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության, Վրաստանի համեմատությամբ Հայաստանի՝ պետականաշինության և ռեֆորմների բնագավառներում մի քանի քայլ առաջ լինելու, հասարակությանը մանիպուլացնելու Փաշինյանի քաղաքականության մասին:
Անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվանը՝ նա ասաց. «Սա դրսևորումն է մի երևույթի, որում մենք գտնվում ենք 2018 թվականից: 2018 թվականից կամաց-կամաց մեր հասարակությունը առերեսվեց, իհարկե ընդվզեց, բայց մամլիչ մեքենայի ճմշման հետևանքով մենք հայտնվեցինք մի իրավիճակում, որտեղ այսպիսի բաները, որքան էլ անբնական լինեն, մեզ համար, արտասովոր լինելով հանդերձ, այլևս չեն առաջացնում այն զայրույթը, ընդվզումը, որը բնորոշ պետք է լինի 21-րդ դարի ցանկացած նորմալ երկրի նորմալ քաղաքացու»:
Բնորոշելով այս երևույթը՝ Գագիկ Մինասյանը եզրակացրեց, որ հասարակությունը, ցավոք, իմունիտետ է ձեռք բերել նման զազրելի երևույթների նկատմամբ, քանի որ դրանք ոչ թե մեկը կամ երկուսն են, այլ բազմաթիվ:
Ըստ նրա՝ ելքերը երկուսն են՝ կամ հասարակությունը կոտրվում է, կամ պոռթկում է:
«Մենք գտնվում ենք մի տոտալիտար համակարգում, որտեղ ցանկացած կիրթ մարդու, կիրթ հասարակության, կիրթ ազգի համար բնորոշ դրսևորումները՝ իրենց համապատասխան դրսևորումներով, մեզ մոտ տեղի չեն ունենում»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Խոսելով ժողովրդավարության պահպանման մասին՝ նա ասաց, որ մեր երկրում դա հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ մեր շահերը կհամընկնեն Արևմուտքի շահերի հետ:
Անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատմանը՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ այդ առճակատման մեջ հաջողելու համար Արևմուտքն աջակցում է այն բոլոր ուժերին, որոք հակառուսական տրամադրություններ ունեն և հակառուսական ծրագրեր են իրականացնում. այս համատեքստում նա օրինակ բերեց Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանի խելակորույս հակառուսական քաղաքականությունը և Արևմուտքի աջակցությունը:
Տեսանյութ:
Գևորգ Էմին-Տերյան