Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Նինա Կարապետյանցը խոսել է օրեր առաջ Հայաստանում կայացած ընտրությունների, դրանից առաջ ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու, ընդդիմությունից ակնկալիքներ չունենալու, նոր՝ ազգային քաղհասարակության ձևավորման, Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի, ազգային պետություն ունենալու իրավունքի և դրանից հայերի զուրկ լինելու, իշխանափոխության տարբերակների, Փաշինյանի իշխանության օրոք քաղհասարակության ներքին ֆինանսավորման անհնարինության, հասարակության պառակտվածության ու ոչ բավարար չափով կրթված լինելու, իշխանափոխության համար անհրաժեշտ համակարգային փոփոխությունների, Փաշինյանի իշխանության կողմից թույլատրելի բոլոր սահմաններն անցնելու մասին:
Խոսելով ՏԻՄ ընտրություններում իշխանության ներկայացրած թվի՝ 90 տոկոս ձայներ ստանալու մասին՝ Կարապետյանցը նշեց, որ տեղի ունեցածը իրականում ընտրությունների կարիկատուրա է, քանի որ դրանից առաջ ընդդիմադիր խոշոր ուժերի առաջնորդներին չեզոքացրել են՝ կալանավորելով կամ տնային կալանքի տակ պահելով:
Անդրադառնալով իշխանափոխության հնարավորությանը՝ իրավապաշտպանը նշում է, որ ընդդիմությունից ակնկալիքներ չունի, քանի որ մեծ մասը պարզապես լծվել է Նիկոլ Փաշինյանին սպասարկելու հարցին, սակայն եթե դու ընտրություններով հնարավորություն չունես իշխանություն փոխելու, ժողովուրդը իրավունք ունի փողոց դուրս գալու և ապստամբելու:
Նինա Կարապետյանցը պնդում է՝ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում նորից նիկոլներ են գալու, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աղետաբեր էր հայ ժողովրդի համար, քանի որ նա անցել է թույլատրելի բոլոր սահմանները՝ հանձնել է Արցախը, պայքար է սկսել ազգային եկեղեցու դեմ:
Այս և այլ հարցերի մասին ամբողջական զրույցի մանրամասներին կարող եք տեղեկանալ՝ դիտելով տեսանյութը:
Գևորգ Էմին-Տերյան