ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց է ուղղում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, թե ի՞նչ է արել նա, որ Վազգեն Սարգսյանը չսպանվի։ Նա հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ազգային անվտանգության պատասխանատուն էր։
«Ինչո՞ւ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը», հարցնում է նա։ ՔՊ-ական պատգամավորը այս հարցով չի բավարարվում, այլ բարձրացնում է նաև այլ հարցեր։ «Շուշին չհանձնելու համար դու ի՞նչ ես արել անձամբ, ի՞նչ ես արել։ Ո՞նց ես բանակցությունները փակուղի մտցրել և 2018-ի ապրիլ ամսին հայտարարել, որ պատերազմն անխուսափելի է», հավելում է ՔՊ-ականը՝ հակադարձելով Սերժ Սարգսյանին, որը Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել էր հետևյալը. «Վազգեն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար, և որոշակի դադարից հետո կասեի՝ Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»։
Ի՞նչ է շահում ՀՀ քաղաքացին այս բանավեճից։
Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը վերացարկում չի անում, ասում է այն, ինչ եղել է և կա։ Իսկ Հասմիկ Հակոբյանի հակադարձման տեքստի մեծ մասը հարցեր են։ Եթե ՔՊ-ականն անկեղծ է իր հարցադրումներում, ապա կարող է դրանք հասցեագրել համապատասխան մարմիններին, դարձնել հաղորդում հանցագործության մասին, օրենսդրական նախաձեռնություն, դատական հայց և այլն։ Պոպուլիստ ընդդիմադիրն է խոսում, հանգստանում է ու գնում տուն։ Իշխանության ներկայացուցիչը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլև դրանց համապատասխան ընթացք տալիս, քանի որ իշխանական բազմաթիվ լծակներ ունի։
Հաջորդ ուշագրավ դիտարկումն այն է, որ եթե Հասմիկ Հակոբյանը գիտեր, որ 2018-ի ապրիլին պատերազմն անխուսափելի էր, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսը շարունակում։ Նա չէր հավատո՞ւմ, որ պատերազմն անխուսափելի է։ Այս առումով՝ ենթադրելի՞ է, որ Փաշինյանը և նրա թիմակիցները գիտակցաբար երկիրը տարել են դեպի պատերազմ և պարտություն, քանի որ իմացել են, որ իրենց շարունակած ռուսամետ կուրսն անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի և պարտության։
Իսկ ընդհանրապես՝ ՔՊ-ն պետք է շնորհակալ լինի Սերժ Սարգսյանից, որ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ-ականներն ամեն առավոտ պետք է ձեռնատարած շնորհակալություն հայտնեն նրան, որ 2018-ին չկալանավորեց Փաշինյանին ու մի քանի նրա ուղեկիցներին, ռուսական լրտեսի պիտակ չկպցրեց նրանց, չփռեց ասֆալտին, «Զարյա» չնետեց նրանց վրա, այլ հանգիստ հանձնեց իշխանությունն ու գնաց տուն։
Կարճ ասած՝ նախկիններին հարցադրումներ ուղղելու փոխարեն, ՔՊ-ականները կարող են օրինակ վերցնել իրենց առաջնորդից և քննադատել իրենց աղետաբեր քաղաքականությունը 2018-2022-ին։ Օրինակ՝ 2025-ի հունիսին Փաշինյանը խոստովանեց, որ 2018-2022-ին ֆորպոստի վարչապետ է եղել, ինչն էլ հանգեցրել է ազգային աղետների։ Նույնպես մյուս ՔՊ-ականները կարող են խոստովանել, թե ինչո՞ւ են աղետաբեր քաղաքականություն որոշել 2018-2022-ին, որը հանգեցրել է այն աղետալի վիճակին, ինչը մի քանի բառով նկարագրում է Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանին երանի տալով։
Սերժ Սարգսյանն էլ Վազգեն Սարգսյանին երանի տալուց զատ՝ կարող է պատմել, թե եթե 2018-ի ապրիլին պատերազմն անխուսափելի էր, ապա ինչո՞ւ իշխանությունը տվեց քաղաքականապես անկիրթ, անփորձ Փաշինյանին։ Ենթադրելի՞ է, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները գիտակցաբար իշխանությունը հանձնել են անկիրթ, անփորձ Փաշինյանին, որ նա երկիրը տանի դեպի պատերազմ և պարտություն։
Այնուամենայնիվ, մարտահրավերը նետված է։ Սերժ Սարգսյանը կարող է պատասխանել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը։ Այս մասին լիարժեք տեղեկատվությունն ու դրա վրա հիմնված վերլուծությունն անհրաժեշտ են այսօրվա և վաղվա քաղաքականություն որոշողներին, որ չկրկնեն նույն սխալները, որոնք կարող են հանգեցնել Հոկտեմբերի 27-ի նման ազգային ողբերգության։ Եվ այս մասին կարող են խոսել ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև այդ օրերին քաղաքականություն որոշողները, որոնք դեռ ողջ են։ Գուցե նրանց պարզաբանումներից պարզվի, որ Նաիրի Հունանյանին պետք է ազատ արձակել։
Թաթուլ Մկրտչյան