Մենք թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ, մեր թիմակից Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական դրվագ:
Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:
«Արսենն այսօր մեր կողքին կանգնած չէ, որովհետև պայքարում էր, որ իր քաղաքն ու իր հայրենքն ավելի լավը, ավելի ուժեղ լինեն: Մենք քայլերի ենք անցնելու: Այսօր մեր երկրում կալանքը մահաբեր է դարձել: Քաղաքական հայացքով պայմանավորված՝ մարդկանց նկատմամբ կիրառում են ամենածանր խափանման միջոցը, ու մեկ նպատակով, որ պատժեն քաղաքական ընդդիմախոսներին: Ցավոք, այդ թվում էր նաև մեր գործընկերը»,-ասաց Մելոյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը չի սահմանափակվում միայն կալանքով:
«Այդ կալանքները զուգորդվում են նաև մարդու պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող ծանր ու ողջ մեկ պետական ռեսուրս կազմող հսկայական միջոցներով՝ ֆեյքերով, արբանյակներով և բարձրաստիճան պաշտոնյաններով»,-հավելել է նա: