«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչպես կարող է խաղալ մեր հասարակության նուրբ լարերի վրա։ Ուստի պատահական չէ, որ նա այժմ էլ սկսել է ընդդիմադիրի կեցվածքով հանդես գալ, քննադատել իրեն ու իր կառավարության անդամներին»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Նշենք, Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում ասել էր, որ ինքն ու իր կաբինետի անդամները 7 տարի մնացել են նույն դասարանում։ «Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,- ասել էր Փաշինյանը՝ նկատելով, որ կառավարության անդամները գիտելիքի պակաս ունեն։
Քաղաքագետը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում ամեն ինչ տապալել է՝ բոլոր ոլորտներում, և հիմա ինքը փորձում է չքմեղանալ, ամեն ինչ բարդել իր թիմակիցների վրա։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այս հայտարարությամբ խոստովանում է, որ իրենք այս ընթացքում ոչ մի հաջողություն չեն ունեցել, ինչպես նաև հասկացնում է, որ չեն էլ ունենալու։
«Պատահական չէ նաև այն, որ ինքն անընդհատ փորձում է իր կառավարության բոլոր ձախողումները բարդել կադրային քաղցի վրա, իբրև թե։ Ինքը չի փորձում այդ կադրային քաղցի մեջ իր մեղավորությունը տեսնել, որ ոչ մի նորմալ մասնագետ ու նորմալ մարդ իր հետ և իր կառավարության հետ չի ուզում համագործակցել ու ասոցացվել։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կադրային քաղց էլ չկա, բայց քանի որ մարդիկ գործ ունեն թերուս, առանց ամաչելու իր տգիտությունը ցույց տվող Նիկոլ Փաշինյանի հետ, պրոֆեսիոնալներն ու լավ մասնագետները երբեք իր նման մարդու հետ չեն ցանկանում գործ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի հետ գործ կարող են ունենալ միայն կարիերիստ, պնակալեզ տգետները, որոնց համար ամենակարևոր բանը պաշտոնն է, որով իրենք հարստանում են։ Մենք տեսնում ենք, որ այս 7 տարվա մեջ փաբերում և պերաշկիանոցներում պարտքով գարեջուր խմողներն ու կարկանդակ ուտողներն ինչ հարստություն են կուտակել»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանին որքանո՞վ կհաջողվի այս ճանապարհով իր վարկանիշը բարձրացնել, հատկապես վերջին ընտրություններում կրած պարտությունից հետո՝ Գարիկ Համբարյանը պատասխանեց, որ Փաշինյանը շատ օգտագործեց ընդդիմադիրի կեցվածքը՝ իր վարկանիշը բարձրացնելու համար, ինչը հասարակությանը հոգնեցրել է։ Նա շեշտում է՝ նախորդ 7 տարում բացի «նախկինների» վրա հղում կատարելուց և ընդդիմադիրի կեցվածքով՝ ճղճղոցով, գոռգռոցով զզվեցրել է հանրության անգամ այն մասին, որն իրեն դեռ հավանում է։
«Չեն հավատում, բայց հավանում են, որովհետև նախկինների նկատմամբ ատելությունն ավելի մեծ է։ Բայց հանրությունն արդեն հասկացել է, որ լավ, էս մարդը 7 տարի է «նախկինների» անունն է տալիս, ու նրանց մեծ մասին պատասխանատվության չի ենթարկել։ Վառ օրինակը Վարդան Ղուկասյանը․ ասեց նայում ես քայլիստների հռետորաբանությունը՝ նախկին, նախկին, մարդասպան, հանցագործ, գող ավազակ, թալանչի և այլն, բայց 7 տարի է իշխանության եք, 7 տարվա մեջ քայլեր ձեռնարկե՞լ եք, որ նախկիններին պատժեք։ Ու հիմա իրենց պատճառով ակտիվացած նախկինների ասպարեզ գալն իրենք փորձում են բարդել հանրության վրա։ Էնպես որ արդեն բոլորի համար ատելի դարձած «նախկին թալանչիները», «յաշիկ առ յաշիկները», այդ զառանցանքները մարդկանց մոտ հակառակ ռեակցիա են առաջացնում, ու մարդիկ արդեն զզվում են Նիկոլի այդ բովանդակ հայտարարություններից»,- ասաց նա։
Անդրադառնալով այն տեսակետներին, որ Փաշինյանն առաջիկայում կարող է նոր պաշտոնանկությունների գնալ, որոնց կհետևեն ձերբակալությունները՝ մեր զրուցակիցը չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով, որ Փաշինյանը 7 տարի շարունակ իր պաշտոնը պահում է նաև թատերական ներկայացումներով։ Նա հիշեցնում է՝ բազմաթիվ հոդվածներ կան, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը «նախկիններից» գումարներ է վերցրել, ինչը կարելի է շորթում համարել, հետո էլի սկսել է նրանց հետապնդել։ «Հետո էլի է փորձել գումարներ վերցրել, որը, ենթադրաբար նրա մոտ չի ստացվել, քանի որ մարդիկ հասկանում են՝ Նիկոլը գցող է, Նիկոլն իր խոսքի տերը չէ։ Նիկոլի համար հիմա ամենակարևորը ցանկացած գնով իր իշխանությունը պահելն է՝ բոլոր ձևաչափերով։ Նիկոլը գործում է դասական հանցագործի, դասական մոլագարի սկզբունքով․ չկա զոհ, չկա հանցագործ։ Ինքն առաջնորդվում է «կա՛մ ես կլինեմ, կա՛մ Հայաստանը չի լինելու» սկզբունքով, այդ իսկ պատճառով բոլոր բնագավառներում ինչ ինքը անում է դիտարկեք իր իշխանությունը պահելու մոլուցքով»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան