Ներքին 12 րոպե առաջ - 20:48 12-11-2026

Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա

Իշխանական շրջանակներում, մասնավորապես՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից վերջին շրջանում առավոտից երեկո շրջանառվում է բռնության դեմ պայքարի թեման։

Ամենաբարձր մակարդակով հայտարարվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ օրենքների խստացման, նոր մեխանիզմների ներդրման և զրոյական հանդուրժողականության մասին։ Սակայն իրական կյանքում բռնության ենթարկված քաղաքացին բախվում է պետական համակարգի անգործությանն ու փակ դռներին, ինչը փաստացի զրոյացնում է բոլոր օրենսդրական փոփոխությունները։

Խնդրի էությունը պարզ է, բայց ծայրահեղ վտանգավոր. Հայաստանում մարմնական վնասվածքները պաշտոնապես արձանագրող միակ կառույցը՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, չունի շուրջօրյա հերթապահություն։ Աշխատանքային օրերին փորձաքննությունն իրականացվում է մինչև ժամը 15:00-16:00-ն, շաբաթ օրը՝ ավելի կարճ գրաֆիկով, իսկ կիրակի օրերին կենտրոնն ընդհանրապես չի աշխատում։

Սա նշանակում է, որ եթե քաղաքացին բռնության՝ հարվածի կամ ապտակի է ենթարկվում շաբաթ երեկոյան կամ կիրակի օրը, նա պարզապես զրկված է վնասվածքներն անհապաղ պաշտոնապես ֆիքսելու հնարավորությունից։ Մինչև երկուշաբթի առավոտ, երբ բացվում են դատաբժշկական կենտրոնի դռները, թեթև մարմնական հետքերը՝ կարմրությունը, այտուցը կամ կապտուկները, հասցնում են անհետանալ։ Արդյունքում՝ երկուշաբթի օրը փորձագետն արձանագրում է, որ «վնասվածքներ չկան», քրեական գործի ապացուցույցները վերանում են, իսկ բռնարարը մնում է անպատիժ։

Ստացվում է խորը հակասություն. մի կողմից պետությունը խոսում է բռնության դեմ նոր մեխանիզմների և օրենքների խստացման մասին, մյուս կողմից՝ չի ապահովում ամենատարրական պայմանը՝ հանցագործության հետքն անհապաղ արձանագրելու հնարավորությունը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանումներ ստանալ պատասխանատու գերատեսչություններից։

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ բռնությունների արձագանքման հետ կապված գործնական խնդիրները իրենց գերատեսչության տիրույթում չեն։

Իր հերթին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ իրենց ծառայողները գործում են անհապաղ. «Ոստիկանությունը ցանկացած ահազանգի՝ լինի դա ընտանեկան բռնություն, մարմնական վնասվածք, թե այլ հաղորդում, արձագանքում է նույն պահին՝ անկախ շաբաթ կամ կիրակի լինելու հանգամանքից»։ Սակայն, ըստ ՆԳՆ խոսնակի, բուն փորձաքննության հարցն իրենց լիազորություններից դուրս է. «Իսկ դատաբժշկական փորձաքննությունը և մնացած հարցերը լրիվ Քննչական կոմիտեի գործառույթն են»։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի հետ՝ պարզելու, թե ինչպես են քննիչները ֆիքսում հանգստյան օրերին տեղի ունեցած բռնության հետքերը, երբ դատաբժշկական կենտրոնը փակ է, և արդյոք կիրակի օրերին չարձանագրված վնասվածքների պատճառով գործեր չեն կարճվում։

Քննչական կոմիտեից պահանջեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն արդեն արվել է։ Մինչ պետական գերատեսչությունները գրավոր հարցումների և իրավասությունների սահմանազատման փուլում են, իրականությունը մնում է անփոփոխ. Հայաստանում բռնության դեմ պայքարի նոր մեխանիզմներն ու խիստ օրենքները լիարժեք գործում են միայն աշխատանքային օրերին և միայն մինչև ժամը 15:00-ն։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը